

ԷկոԼուր
ՀՀ բնապահպանության նախարարությունն ընդունում է, որ փոքր ՀԷԿ-երը խնդիրներ են ստեղծում: Այս մասին նախարարությունը նամակով պատասխանել է Համահայակական բնապահպանական ճակատին: Վերջինիս տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է. « Ներկա կառավարությունից առայժմ պատասխան ենք ստացել միայն բնապահպանության նախարարությունից, որտեղ մասնավորապես նշված է, որ ՓՀԷԿ-երի շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության փուլում կան որոշակի խնդիրներ՝ կապված ներկայացված նախագծերում անհրաժեշտ գիտական և օբյեկտիվ հիմնավորումների բացակայության հետ, իսկ շինարարական աշխատանքների ընթացքում հաճախ վնաս է հասցվում բնությանը և շրջակա միջավայրին, չեն տեղադրվում ձկների համար նախատեսված ձկնանցարաններ։ Չեն տեղադրվում նաև ջրի հոսքը կարգավորող փականներ, ինչի պատճառով չի ապահովվում էկոլոգիական թողքը։… ՀՀ բնապահպանության նախարարությունը, որոշ հարցերում համակարծիք է մեզ հետ և փոքր ՀԷԿ-երի առաջ բերած խնդիրները նվազագույնի հասցնելու համար նախընտրելի է համարում.
- հրաժարվել բնական ջրահոսքերի (գետերի) վրա նոր փոքր ՀԷԿ-եր կառուցելու քաղաքականությունից և կառուցել դրանք միայն ոռոգման համակարգերի վրա,
- ստեղծված իրավիճակը թելադրում է էկոլոգիական թողքի հաշվարկման նոր մեթոդիկայի մշակման անհրաժեշտություն,
- ձևավորել մեխանիզմներ բնապահպանական թողքի քանակը կարգավորող ավտոմատ համակարգերի ներդրման համար,
- անհրաժեշտություն է առաջացել վերանայել փոքր ՀԷԿ-երի լիցենզիաների տրամադրման ընթացակարգը, ըստ որի՝ կառուցման լիցենզիա պետք է տրամադրվի ՀԷԿ-ի նախագծային փաթեթի շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացություն ստանալուց հետո»:
Համահայակական բնապահպանական ճակատը կոչ է անում ՀՀ կառավարությանը խոսքերից անցնել գործնական քայլերի և բոլոր շահագրգիռ պետական, մասնավոր ու հանրային շերտերի հետ քննարկման արդյունքում հստակ միջոցառումներ ձեռնարկել փոքր ՀԷԿ-երի ոլորտում իրականացվող քաղաքականության վերանայման ուղղությամբ, քանի որ այլընտրանքային էներգետիկայի այս տեսակի նման զարգացումը արդեն առաջ է բերել լուրջ խնդիրներ։
Լուսանկարը` Համահայկական բնապահպանական ճակատի
Հուլիս 07, 2014 at 16:23
