Համահայկական բնապահպանական ճակատը ՀՀ բնապահպանության նախարարությանն ահազանգում է Եղեգիս գետի աղետալի վիճակի մասին

Համահայկական բնապահպանական ճակատը ՀՀ բնապահպանության նախարարությանն ահազանգում է Եղեգիս գետի աղետալի վիճակի մասին

ԷկոԼուր

Համահայկական բնապահպանական ճակատն ՀՀ բնապահպանության նախարարությանն ահազանգում է Եղեգիս գետի աղետալի վիճակի մասին: Ճակատը նամակ է հղել ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանին, որում ասված է.

«Բազմաթիվ փոքր ՀԷԿ-երի կառուցման և անվերահսկելի շահագործման հետևանքով Եղեգիս գետի ավազանի էկոհամակարգը հայտնվել է աղետալի վիճակում: Այստեղ արդեն իսկ գործում է 12 ՓՀԷԿ, ևս 8-ն էլ նախատեսվում է կառուցել և շահագործել: Օրեր առաջ Եղեգիսի վրա շահագործվող թվով 8 ՓՀԷԿ-երի տարածքների տեղազննման արդյունքում համոզվեցինք, թե ինչ ցավալի վիճակում է հայտնվել գետը:

Նախքան իրական պատկերը համապարփակ և մանրամասն ներկայացնելը, խնդրում ենք Ձեզ կոնկրետ միջոցներ ձեռնարկել Եղեգիս գետի վրա` ծովի մակարդակից 1615 մետր բարձրության վրա ջրառ կատարող ՓՀԷԿ-ը շահագործող ընկերությանը պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, քանի որ ջրընդունիչ կայանում բնապահպանական թողքն ընդհանրապես բացակայում էր, իսկ ձկնուղին ամբողջովին չոր էր: Դրանում կարող եք համոզվել՝ նայելով կից ներկայացված լուսանկարները:

Խնդրում ենք տեղեկացնել մեզ նախարարության ձեռնարկած միջոցառումների մասին»:

Եղեգիս գետը հոսում է Վայոց ձորի մարզում։ Արփա գետի վտակն է: Սկիզբ է առնում Վարդենիս լեռան հարավ-արեւելյան լանջերից և Գետափ գյուղից 2 կմ հարավ աջից միախառնվում Արփային: Նրա երկարությունը 47կմ է:

Նշենք, որ Եղեգիս գետի 50 տոկոսից ավելին վերցված է ՓՀԷԿ-երի դերիվացիոն խողովակների մեջ:

Լուսանկարները` Համահայկական բնապահպանական ճակատի

Հուլիս 25, 2014 at 12:09


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր