«Մեղրի-1» ՓՀԷԿ-ի հայտի հեղինակները բացառում են շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը

«Մեղրի-1» ՓՀԷԿ-ի հայտի հեղինակները բացառում են շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը

ԷկոԼուր

Սույն թվականի նոյեմբերի 13-ին` ժամը 15.00-ին, ՀՀ Սյունիքի մարզի Լեհվազի գյուղապետարանում, տեղի կունենան «Գրին Փաուեր» ՍՊԸ-ի կողմից ներկայացված «Մեղրի-1» ՓՀԷԿ-ի կառուցման նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքը:

Հայտում ընդհանրապես բացառվում է բացասական ազդեցություն շրջակա միջավայրի վրա. «…կարելի է վստահ լինել, որ «Մեղրի-1» ՓՀԷԿ-ի շինարարության և շահագործման ընթացքում շրջակա միջավայրը ոչ միայն չի վնասվի, այլ կպահպանի սեփական բնական զարգացման ընթացքը»:

Հայտի համաձայն` «Մեղրի 1» ՓՀԷԿ-ը կառուցվելու է Մեղրի գետի վրա` օգտագործելով գետի 867.0 - 778.0 նիշերի միջև ընկած 89 մ անկումը:

ՓՀԷԿ-ի  ճնշումային խողովակաշար ունենալու է 1.9 կմ երկարություն եւ 1420մմ տրամագիծ: Նշենք, որ Մեղրի գետի վրա արդեն իսկ կառուցված է 3 ՓՀԷԿ, որոնք խողովակի մեջ են վերցրել գետի գումարային երկարության 20.81%-ը` ճգնաժամային վիճակ ստեղծելով գետի համար:

«Մեղրի 1» ՓՀԷԿ-ի բնապահպանական ելքը կազմելու է  0.092 մ3/վ:  «Մեղրի-1» ՓՀԷԿ-ի կառուցման համար հատկացված է մոտավորապես 1.82 հա ժամանակավոր և 0.605 հա հիմնական հողատարածք:

Նշված է, որ ՓՀԷԿ-ը տարեկան կշահագործվի 11 ամիս կամ 330 օր: Հաշվի չի առնված այն հանգամանքը, որ ամռան ամիսներին Մեղրի գետը դառնում է խիստ սակավաջուր եւ գետի ջուրը չի բավարարում ոռոգման համար: Եթե գետի սակավաջուր ամիսներին ՓՀԷԿ-ը գործի, ապա գետում մոտ 2 կմ տարածքում ընդհանրապես ջուր չի մնա:

Հայտում ուսումնասիրված չէ ՓՀԷԿ-ի տարածքի տակ ընկնող կենսաբազմազանությունը եւ Մեղրի գետի ձկնաշխարհը: Հայտում պարզապես գրված է. «Հազվադեպ և անհետացող բույսեր և կենդանիներ գրանցված չեն: Կառուցվող տեղամասում անտառները բացակայում են, կան նոսր թփուտներ: Վայրի կենդանիներից հանդիպում են գայլ, աղվես, սողուններ, կան զանազան թռչուններ՝ շիկահավեր, կեռնեխներ և այլն»:  Իսկ գետի կենդանական աշխարհի մասին ընդամենը ակնարկ կա ձկնանցարանի նկարագրության մեջ.  «Քանի որ «Մեղրի-1» ՓՀԷԿ-ը օգտագործում է գետի բնական ելքերը, ուստի առաջնահերթ կառույց համարվում է ձկնանցարանը, որը պետք է գլխային հանգույցի մասում ապահովի ձկների անցումը դեպի գետ: Այն երկաթբետոնե կառուցվածք է, ունի 9մ երկարություն, 6 ջրավազան, 1.5մ լայնությամբ, 1.5մ երկարությամբ և 0.3մ խորությամբ, որոնք ապահովում են անհրաժեշտ խորություն և արագություն ձկների և այլ ջրային մանր կենդանիների անցումը դեպի գետ»: 

Չնայած որ Մեղրի գետի վերին հոսանքները մտնում են Արևիկ» ազգային պարկի մեջ, սակայն հայտում ընդհանրապես դրա մասին ոչ մի խոսք չկա:

Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:

Նոյեմբեր 03, 2014 at 17:36


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր