

ԷկոԼուր
Նոյեմբերի 26-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կհաստատի վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրաէներգիայի 2015թ-ի վաճառքի սակագները:
Մասնավորապես փոքր ՀԷԿ-երի համար բնական ջրահոսքերի վրա կառուցված փոքր ՀԷԿ-երից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը կկազմի 21.168 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի, ոռոգման համակարգերիդերի վրա կառուցված փոքր ՀԷԿ-երի դեպքում` 14.110 դրամ/կՎտժ, խմելու ջրատարների վրա կառուցված փոքր ՀԷԿ-երի դեպքում` 9.408 դրամ/կՎտժ:
Կհաստատվի 126 փոքր ՀԷԿ-ից առաքվող էլեկտրական էներգիայի սակագին, որոնց թվում են աղմկահարույց «Մարցիգետ1», «Խաչաղբյուր2» ՓՀԷԿ-երը:
Նշենք, որ չնայած գետերի վրա կառուցված փոքր ՀԷԿ-երի արտադրած էլեկտրաէներգիայի բարձր սակագնին, ՓՀԷԿ-երն արտադրում են ավելի քիչ էլեկտրաէներգիա, քան հաշվարկված ու ծրագրավորված է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից:
Ըստ պաշտոնական տեղեկատվության` 2013 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում ՓՀԷԿ-երի կողմից արտադրվել է 80 մլն կվտժ քիչ էլեկտրաէներգիա: 2013 թվականի հուլիսի 1-ից մինչև 2014-ի հունիսի 31-ը /մարժային տարում/ քիչ է արտադրվել 176 մլն կվտժ էլեկտրաէներգիա, իսկ 2014 թվականի հունվարի 1-ից մինչև այս տարվա վերջը, կանխատեսումների համաձայն, այդ պակասորդը կկազմի 186 մլն կվտժ: 2013 թվականի ընթացքում չարտադրված էլեկտրաէներգիայի և մատակարարված էլեկտրաէներգիայի գումարային տարբերությունը կազմում է 1մլրդ 253 մլն դրամ: 2014 թվականի մարժային տարում /օգոստոսի 1-ից միչև 2015 թվականի հուլիսի 31-ը / սպասվող վնասը կկազմի 3մլրդ 680 մլն դրամ:
Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:
Նոյեմբեր 24, 2014 at 16:38
