

ԷկոԼուր
ՀՀ բնապահպանության նախարարությունը դրական եզրակացություն է տվել «Որոտան Սիստեմս» ՍՊԸ-ի «Որոտան» ՓՀԷԿ-ի կառուցման նախագծին։ «Որոտան» ՓՀԷԿ-ը կառուցվելու է Սյունիքի մարզում` Գորայք համայնքի վարչական տարածքում, Սեւանա լճի ջրհավաք ավազանի մեջ մտնող Որոտան գետի վրա` օգտագործելով գետի 2247.0-2134.0 մետր նիշերի անկումը:
Ըստ նախագծի՝ կառուցումից և շահագործումից հետո ՓՀԷԿ-ը կունենա 3610կվտ հաշվարկային հզորություն և կարտադրի տարեկան 15,08մլն.կՎտԺ էլեկտրաէներգիա: Դերիվացիայի երկարությունը լինելու է 5210մ, դերիվացիայի տրամագիծը` 1.40 մ է: Բնապահպանական թողքը կազմելու է 0․65 խմ/վ։ ՓՀԷԿ-ն ունենալու է 34 մետր երկարությամբ աստիճանաձեւ ձկնուղի։
1991 թ. դեկտեմբերի 19-ին ՀՀ մինիստրների խորհուրդի ընդունած «Հայաստանի Հանրապետության որոշ ջրային օբյեկտների ձկնատնտեսական ջրավազանների կարգին դասելու մասին» օրենքով Որոտան գետը համարվել է որպես ձկնատնտեսական ջրային օբյեկտ: Սակայն «Որոտան» ՓՀԷԿ-ի կառուցման նախագծում նշված չէ, թե ինչ ձկնատեսակներ են ապրում Որոտան գետում եւ արդյոք դրանց մեջ կան Կարմիր գրքում գրանցված տեսակներ: Միեւնույն ժամանակ, նախագիծը ներկայացնում է ձկների համար ռիսկերը. «…ՀԷԿ-ի կառուցումն անմիջականորեն (ուղղակի ձևով) կազդի գետի կենդանական աշխարհի, մասնավորապես ձկների վրա՝ առաջին հերթին գետը պատվարի միջոցով կտրելու և դեպի վերին հոսանքներ ձկների տեղափոխման ճանապարհը փակելու պատճառով:
Զգալի վնաս կարող է հասցվել ձկներին՝ գետահունում պատվարի շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում, ինչը կարող է բերել ջրի պղտորության և կախյալ մասնիկների պարունակության բարձրացմանը, որի պատճառով հնարավոր է ձկների խռիկների խցանումը և, որպես հետևանք, դրանց ոչնչացումը»:
Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:
Հունվար 29, 2015 at 13:32
