

ԷկոԼուր
«Կանաչ» իրավունքները պետք է դառնան գլոբալ նախագծերի մի մասը, հատկապես, երբ խոսքը «կանաչ» տնտեսության, «կանաչ» էներգետիկայի և «կանաչ» նախագծերի մասին է: «Կանաչ» իրավունքները պետք է պաշտպանել այն երկրներում, որտեղ գերակայում է աղքատ բնակչությունը, որն առավել խոցելի է կլիմայի փոփոխության ծանր հետևանքների նկատմամբ: Այս հարցը բարձրացրեց Արևելյան գործընկերության երկրների քաղաքացիական հասարակության ֆորումի (ԱլԳ ՔՀՖ) պատվիրակությունը կլիմայի փոփոխությանը նվիրված Արևելյան Եվրոպայի 5-րդ պանելային հանդիպման ժամանակ, որն անցկացվում էր Բրյուսելում՝ մարտի 2-3-ը: Կյանքի որակը ուղղակիորեն կախված է շրջակա միջավայրի վիճակից: Բնական պաշարների վիճակի վատթարացման հետ վատթարանում է նաև կյանքի որակը:
Այս կապակցությամբ ԱլԳ ՔՀՖ-ն ուշադրություն հրավիրեց հիդրոէներգետիկայի վրա: Անկախ հատուկ ուսումնասիրությունները և հասարակական մոնիտորինգի արդյունքները Հայաստանում, Վրաստանում և Ուկրաինայում ընդգծեցին հիդրոէներգետիկայի խնդիրները: Խնդիրների ցանկում են մասնավորապես՝ ջրային էկոհամակարգերի քայքայումը, կենսաբազմազանության կորուստն ու ձկնային պաշարների նվազումը, լանդշաֆտների խախտումը, հողերի դեգրադացիան, սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացումը ազդակիր համայնքներում: Օրինակ, Հայաստանում շահագործվում է 174 փոքր ՀԷԿ, և այս թիվն ավելանում է՝ մեծացնելով ծանրաբեռնվածությունը գետային էկոհամակարգերի վրա: Վրաստանում ինտենսիվորեն աճում է միջին և մեծ ՀԷԿ-երի նախագծերի թիվը, որոնք նաև ունեն արտահայտված բացասական սոցիալական ազդեցություն՝ ներառյալ տեղի բնակչության հարկադիր տարաբնակեցումը: Ուկրաինայում և Մոլդովայում մտահոգություն են առաջացնում Դնեստր գետի վրա հիդրոէներգետիկայի զարգացմանն ուղղված ծրագրերը: Եթե այդ պլանավորված ծրագրերն իրականացվեն, ազդեցության տակ կհայտնվի Մոլդովայի բնակչության 80%-ը և Օդեսսայի քաղաքային բնակչությունը, որն օգտվում է Դնեստր գետից: Խնդիրն արտացոլված է Դնեստրի ջրային ավազանի 11/АА/2016 բանաձևում, որն ընդունվել է ԱլԳ ՔՀՖ Ասամբլեայի ժամանակ` նոյեմբերի 29-ին, Բրյուսելում (Resolution of the Eastern Partnership Civil Society Forum on the situation of Dniester river basin):
ԱլԳ ՔՀՖ պատվիրակությամբ ներկայացվող շահագրգիռ հանրությունը առաջարկում է օրակարգում ներառել հիդրոէներգետիկայի գնահատումը որպես ոլորտի, որն ունի էական ազդեցություն շրջակա միջավայրի, էկոհամակարգերի և կյանքի որակի վրա, և գնահատել ծրագրերն ու նախագծերը այս տեսանկյունից՝ ներառելով գնահատումը անդրսահմանային համատեքստում:
Նյութը պատրաստվել է «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:
Մարտ 03, 2017 at 13:44
