

ԷկոԼուր
Բնության պաշտպանները, ովքեր ստորագրել են Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) Օմբուդսմենի գրասենյակին (САО) ուղղված Ամուլսարի նախագծի վերաբերյալ բողոքի տակ, կոչ են անում IFC-ին գումարները հատկացնել ոչ թե Ամուլսարի հանքավայրի շահագործման, այլ «Ջերմուկ» ազգային պարկի զարգացման համար: Առաջարկությունն արվեց Երևանում` Օմբուդսմենի թիմի հետ հանդիպման ժամանակ:
Քննարկվել են Ամուլսարի նախագծի նոր զարգացումները՝ կապված ՇՄԱԳ փաստաթղթի բնապահպանական փորձաքննության անցկացման հետ, որը ներկայացրել է Lydian International ընկերությունը՝ ի դեմս «Գեոթիմ» ՓԲԸ-ի:
Լևոն Գալստյան` «Համահայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության անդամ. «Մենք դեմ ենք Ամուլսարի նախագծին այնպես, ինչպես դեմ ենք ցանկացած այլ նոր հանքավայրի շահագործմանը: Մենք այս նախագիծը համարում ենք վտանգավոր և երկրի համար տնտեսապես ոչ շահավետ, այլ շահավետ միայն մեկ մասնավոր ընկերության և նրանց համար, ովքեր կանգնած են այդ ընկերության ետևում: Հայաստանի տարածքը շատ փոքր է, որպեսզի դիմանա նման ծանրաբեռնվածության: Եվ մենք ուզում ենք զգուշացնել IFC-ին, որ այն մարդիկ, որոնց հետ տարվում են բանակցությունները հանքարդյունաբերության վերաբերյալ, վերջիվերջո կհեռանան: Եվ հանքարդյունաբերությանն ուղղված նոր ներդրումները կարող են ձախողվել: Պետք է ներդրումներ կատարել տեխնոգեն հանքավայրերի շահագործման համար, կամ պոչամբարների, որոնք գտնվում են պետության հաշվեկշռում: Դա կնպաստի երկրի զարգացմանը»:
Ինգա Զարաֆյան` «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ. «Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ կառավարությունն իր խաղերի մեջ է ներքաշում և ընկերությանը, և ֆինանսական ինստիտուտներին` IFC-ին և EBRD-ին: «ԷկոԼուր»-ին են դիմել Գնդեվազի բնակիչները՝ խնդրելով տրամադրել իրենց Ամուլսարի նախագծի վերաբերյալ տեղեկատվություն և մեր նյութերը: Իսկ Ամուլսարի նախագծի վերաբերյալ հասարակական լսումներից հետո «ԷկոԼուր»-ի գրասենյակ եկան այն բնակիչները, որոնց խոստացել են 100 000, 175 000 դոլլար փոխհատուցում: Նրանք ասացին, որ ուզում են ստանալ այդ գումարները, և որ մենք՝ բնապահպանները, իրենց չխանգարենք: Դա գյուղի բնակիչների համար մեծ գումար է, և փոխհատուցումների վերաբերյալ խոստումները Գնդեվազում առաջացրել են հուզումների ալիք: Հասարակական լսումների ժամանակ մենք հարց բարձրացրեցինք, թե իսկապես բնակիչներին նման փոխհատուցում է խոստացված: «Գեոթիմ» ընկերությունը պատասխանեց, որ խոստացված է, բայց այդ հարցը նրանք պետք է քննարկեն վարչապետի հետ: Այս դեպքում առաջանում է հաջորդ հարցը՝ ինչո՞ւ վարչապետը պետք է խառնվի ընկերության և բնակիչների միջև հարաբերություններին: Դա նրան չի վերաբերում: Մեր կարծիքով, փոխհատուցումների վերաբերյալ նման բանակցությունները վարչապետի հետ կարող են ազդել բնապահպանական փորձաքննության եզրակացության տրամադրման ողջ գործընթացի վրա, իսկ բնապահպանության նախարարության վրա կարող է ճնշում գործադրվել: Այդ գործընթացին պետք է հետևի IFC-ին՝ կոռուպցիոն ռիսկերից խուսափելու համար»:
Աննա Շահնազարյան` Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամ. «Արդեն մի քանի տարի խոսակցություններ են գնում «Ջերմուկ» ազգային պարկի ստեղծման վերաբերյալ: Դրա վերաբերյալ արդեն կա կառավարության որոշում: Հարկավոր է Ամուլսարը ներառել այդ բնապահպանական գոտու մեջ և գումարներ ներդնել նրա զարգացման համար: Դա լավ նպատակ է, և մենք կոչ ենք անում ջանքերն ուղղել դրա իրագործման համար»:
Իրենց հերթին САО-ի ներկայացուցիչները նշեցին, որ իրավասություն չունեն փակելու ծրագիրը, սակայն իրավասություն ունեն ներկայացնել ուսումնասիրություններ, թե որքանով են բողոքում ներկայացված Ամուլսարի նախագծի ռիսկերը համապատասխանում կամ չեն համապատասխանում IFC-ի ստանդարտներին: «САО-ին ներկայացրած առաջին բողոքի հաշվետվությունը շուտով պատրաստ կլինի»,- հայտնեց САО-ի ներկայացուցիչ Սկոտ Ադամսը:
Հոկտեմբեր 16, 2014 at 14:00
