ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը պատասխանեց S.O.S. Ամուլսար նախաձեռնող խմբի բաց նամակին

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը պատասխանեց  S.O.S. Ամուլսար նախաձեռնող խմբի բաց նամակին

ԷկոԼուր

ԷկոԼուրը նամակ ստացավ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից` ի պատասխան S.O.S. Ամուլսար նախաձեռնող խմբի` նախարար Կարեն Ճշմարիտյանին ուղղված բաց նամակի: Նամակում ասված է. « Հարգելի գործընկերներ, ՀՀ էկոնոմիկայի նախարարին ուղղված բաց նամակում ներկայացրած ձեր քաղաքացիական դիրքորոշումը և մեր երկրի բնապահպանական խնդիրների վերաբերյալ արտահայտած մտահոգությունը արժանի են հարգանքի:

Միևնույն ժամանակ ցանկանում ենք նշել, որ էկոնոմիկայի նախարարությունը, որպես երկրի տնտեսության զարգացման և մասնավորապես ներդրումային քաղաքականության հարար պատասխանատու գերատեսչություն, իր գործառույթներն իրականացնելիս պարտավոր է հայտարարել և հայտարարելու է Հայաստանում օտարերկրյա հնարավոր ներդրումների, ներդրումային ծրագրերի մասին, ինչը սակայն ինքնին ենթադրում է, որ ներդրողները ծանոթ են  ՀՀ օրենսդրությանը և գործելու են դրա շրջանակում, այդ թվում կատարելով բնության պահպանությանն առնչվող բոլոր պահանջներն ու պարտավորությունները: 

Ինչ վերաբերում է հոկտեմբերի 15-ի մամուլի ասուլիսի ժամանակ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի Ձեր կողմից նշած հայտարարությանը, ապա դա հայտարարություն չէր, այլ պատասխան լրագրողի հարցին: Ընդ որում, օրինակ բերելով Ամուլսարի ապագա շահագործման ներդրումային ծրագրի նախագիծը, նախարարը հատուկ ընդգծել է, որ. «Շահագործող ընկերությունը պարտավորվել է կետ առ կետ լուծել բնապահպանական հարցերը` կիրառելով տեխնոլոգիաներ և համակարգեր, որոնք բնության վրա որևէ անդրադարձ չեն ունենա»: Նախարարի վստահությունը տվյալ ներդրումային ծրագրի նախագծի վերաբերյալ պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ շահագործող ընկերության բաժնետերերից են ձեր կողմից նշված Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD), որոնք չափազանց խիստ պայմաններ են դնում բնապահպանության խնդիրների լուծման տեսանկյունից և բազմիցս հավաստիացրել են այդ մասին:

Վերջում հավելենք, որ էկոնոմիկայի նախարարությունը պատրաստակամ է համագործակցել հասարակական կազմակերպությունների հետ խնդրահարույց հարցերի առկայության դեպքում` ստանալու լրացուցիչ տեղեկատվություն, հաշվի առնելու ձեր դիտողությունները և համատեղ ջանքերի շնորհիվ գտնելու լավագույն լուծումներ:

Հարգանքով`

ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին»:

Հոկտեմբեր 22, 2014 at 18:14


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր