

News.am
Ամուլսարի ոսկու հանքավայրը շահագործելու իրավունք ստացած «Գեոթիմ» ընկերության տնօրեն Հայկ Ալոյանը նամակ է հղել NEWS.am-ին` ի պատասխան փետրվարի 16-ին հրապարակված «Ջերմուկը ոսկուց թանկ է» հոդվածին: Նամակի հեղինակը պնդում է, որ ոսկու հանքավայրի շահագործմամբ որեւէ վնաս չի հասցվի Ջերմուկի զբոսաշրջային բիզնեսին: Ստորեւ ներկայացնում ենք «Գեոթիմ» ընկերության տնօրենի պարզաբանումը` ամբողջությամբ ու որոշ սրբագրական ուղղումներով:
«Չենք կարծում, որ պետք է համեմատել Ջերմուկի զբոսաշրջային եւ Ամուլսարի ծրագրերը, կամ էլ հակադրել հանքարդյունեբարությունն ու զբոսաշրջությունը: Միջազգային փորձը վկայում է, որ շատ երկրներ հաջողությամբ զարգացնում են տնտեսության այդ երկու ճյուղերը: Մեր ընկերության խոշոր բաժնետերերը` ՄՖԿ-ն (Միջազգային ֆինանսական կորպորացիա,-խմբ) եւ ՎԶԵԲ-ը (Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկ,-խմբ) սահմանել են չափազանց բարձր բնապահպանական նշաձող, ինչը նշանակում է, որ Ամուլսարի շահագործումը վնաս չի հասցնի հանքից 14 կմ հեավորության վրա գտնվող Ջերմուկ քաղաքի բնակիչներին ու հյուրերին: Ամուլսարի հանքավայրը վերամշակվելու է կույտային տարալվացման մեթոդով, որը չի նախատեսում վերամշակման պոչեր եւ պոչամբարներ: Տեղական եւ արտասահմանյան ուսումնասիրությունները հավաստում են, որ Ջերմուկին Ամուլսարի շահագործման հետեւանքով որեւէ բնապահպանական վտանգ չի սպառնում:
Ջերմուկ այցելող զբոսաշրջիկների թիվը այսօրվա 5 հազարից 100 հազարի հասցնելու համար կպահանջվի առնվազն 1 մլրդ դոլարի ներդրում: Լինելով կորպորատիվ պատասխանատու ընկերություն` «Գեոթիմ»-ը պաշտոնապես աջակցություն է առաջարկել է Ջերմուկի իշխանություններին` տուրիստական ենթակառուցվածքների զարգացման գործում: Մասնավորապես, ս.թ. հունվարին Ջերմուկի քաղաքապետին գրավոր առաջարկել ենք դահուկային վազքուղու կազմակերպման նպատակով հրավիրել արտասահմանցի լավագույն մասնագետների: Եթե Ջերմուկի իշխանություններն արձագանքեն այս առաջարկին, «Գեոթիմ» ընկերությունը պատրաստ է իրականացնել համապատասխան կազմակերպչական աշխատանքներն ու հոգալ անհրաժեշտ ծախսերը:
Ճշտենք նաեւ Ամուլսարի ոսկու պաշարների ծավալները` դրանք հանքավայրում կազմում է ոչ թե 1.4 մլն ունցիա (մոտ 40 տոննա), այլ 3.2 մլն ունցիա (մոտ 100 տոննա), ինչը հաստատված է անկախ փորձագետների կողմից: «Գեոթիմ»-ը ծրագրում է ապահովել արտադրության ամբողջական ցիկլ եւ տալ վերջնական արտադրանք:
Ամուլսարի հանքավայրը շահագործվելու է ավելի քան 10 տարի, եւ ծրագրի շահագործման ընթացքում Գեոթիմը կլինի Հայաստանի երեք խոշորագույն հարկատուներից մեկը եւ կավելացնի ՀՀ համախառն ներքին արտադրության ծավալն առնվազն 2 տոկոսով»:
Փետրվար 21, 2012 at 16:51
