Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը եւ Միջազգային ֆինանսական կորպորացիան Բնապահպանության նախարարի հետ քննարկում են Ամուլսարի նախագիծը

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը եւ Միջազգային ֆինանսական կորպորացիան Բնապահպանության նախարարի հետ քննարկում են Ամուլսարի նախագիծը

ԷկոԼուր

ՀՀ բնապահապանության նախարար Արամ Հարությունյանը հունիսի 4-ին ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկվել է Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման նախագիծը: Այն իրականացնում է «Lydian International» ընկերությունը, որի բաժնետոմսերի մի մասը պատկանում է այդ ֆինանսական ինստիտուտներին: Ինչպես հայտնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկվել են հանքարդյունաբերության արդյուքում բնապահպանական վնասի նվազեցման մեխանիզմների կատարելագործման անհրաժեշտությունը: Որպես առաջնահերթ պայման երկկողմանիորեն նշվել է նոր տեխնոլոգիաների և բնապահպանական փորձաքննության միջազգային փորձի ներդրման հրատապությունը:

Արամ Հարությունյանն ընդգծել է Ամուլսարի ոսկու հանքավայրի շուրջ ընթացող գործընթացների կարևորությունը և նշել, որ հետագա զարգացումները պետք է ապահովեն Ջերմուկ առողջարանային քաղաքի, Սևանա լճի, և առհասարակ հարակից տարածքների ջրային ավազանի ու կենսաբազմազանության պահպանման համար միջազգային ստանդարտներին համապատասխան պայամաններ:

Հիշեցնենք, որ այս պայմաններն են ընկած Ամուլսարի նախագծին 2012թ. հուլիսին տրված բնապահպանական փորձաքննության դրական եզրակացության հիմքում:

Հունիս 05, 2013 at 12:01


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր