

Թեհմինե Ենոքյան, Lragir.am
Արդեն մի քանի օր է, ինչ ֆեյսբուք սոցցանցում քննարկումներ են ընթանում եկեղեցու դերի և գործունեության վերաբերյալ:
Գուգարաց թեմի առաջնորդի ելույթը վաղուց է հայտնվել համացանցում, որտեղ նա Վալլեքս կազմակերպության ներկայացուցիչների հետ միասին հաղորդման հյուր է և իր գոհունակությունն է հայտնում Թեղուտի հանքի շահագործման վերաբերյալ, ավելի վաղ նա օրհնել էր հանքի բացումը և կանգնեցված սև ցլի արձանը: target="_blank">
Եկեղեցու այս դիրքորոշմանը հաջորդեց Ամուլսարի հանքավայրը շահագործել ցանկացող Գեոթիմ ընկերության կողմից Ջերմուկի արվեստի դպրոցի բացման արարողությունը, որին ներկա էին քաղաքապետը, փոխվարչապետը, ընկերության տնօրենը և Ջերմուկի եկեղեցու առաջնորդը: Ջերմուկում խոսակցություններ են պտտվում այն մասին, որ սա լռության գինն է, Ամուլսարի հանքավայրի շահագործման դիմաց:
Հատկանշական է, որ Ջերմուկ քաղաքը վերջին երեք տարվա մեջ այդպես էլ ազդակիր համայնք պաշտոնապես չճանաչվեց, և տեղի չունեցան հանրային լսումներ, հետևաբար հարց է առաջանում՝ Գեոթիմը ինչո՞ւ է սոցիալական ծրագրեր իրականացնում մի քաղաքում, որը Ամուլսարի ազդեցության գոտում չի գտնվում, իրենց իսկ բնորոշմամբ:
Խնդիրների բարձրաձայնումը Համահայկական Բնապահպանական ճակատի ֆեյսբուքյան էջում բավականին բուռն արձագանքներ առաջացրեց:
Քաղաքացիներ Մարիամ Սուխուդյանը, Անի Խաչատրյանը, Արսեն Օհանյանը և Կարեն Հարությունյանը սույն գործերով փորձեցին եկեղեցու սպասավորների դիրքորոշումը ճշտել եկեղեցու կողմից կազմակերպվող ՏԱՐԵՍԿԶԲՅԱՆ ԽՈԿՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆԻ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑՈՒՄ միջոցառման ֆեյսբուքյան էջում:
Խնդրի վերաբերյալ այդպես էլ դիրքորոշումներ չհնչեցին, ընդհակառակը՝ խնդիրը տեղափոխվեց անձնական վիրավորանքներ տիրույթ: Հայկ Քիսեբլյանը, ով եկեղեցու սպասավոր է, դատելով իր ֆեյսբուքյան լուսանկարներից, սկսեց անձնական նամակների տեսքով սպառնալիքներ տեղալ աջուձախ և անվայել արտահայտություններ իրեն թույլ տալ՝ «թե տղա ես ՝ համարդ գրի, ով չի գրել Բ.-ի ծնունդա...»:
Մարիամ Սուխուդյանին գրել էր՝ «աղջիկ ջան, այ լկտի, վիդեոներդ քեզ պահի, ավել պակաս տեղեր մի դիր: Մարդիկ միջոցառում են կազմում, փորձում են մի բան փոխել, մինջդեռ դուք ձեր քթից են կողմ չեք տեսնում, և ձեզ վեր դասելուց` սրան նրան մեղքերի մեջ մեղադրելուց էն կողմ բան չես տենում»:
Նույնանման վիրավորական արտահայտություններ իրեն թույլ տվեց Նարեկ Հովհաննիսյան անուն ազգանունով անձը՝ մեղադրելով հանցավոր քառյակ պոստերի տարածողներին: Ֆեյսբուքյան իվենթի էջում տեղադրված բոլոր տեսանյութերը հանքարդյունաբերության վերաբերյալ ջնջվեցին իվենթի կազմակերպիչների կողմից:
Հաշվի առնելով եկեղեցու դերը պետության կայացման գործում, վաղուց արդեն ակնհայտ է, որ եկեղեցին սերտաճել է վարչախմբի հետ: Ակնհայտ դրսևորվում է կրիմինալ վարվելաձև, և խուսափում են կոնկրետ խնդիրների շուրջ քաղաքակիրթ բանավեճ ծավալելուց:
Հռոմի պապն օրերս կոչ է արել դուրս գալ փողոց բողոքի ցույցերի, և հայտարարել է, որ եկեղեցին այլևս չի կարող գտնվել չորս պատերի մեջ: Պապը երիտասարդներին կոչ է արել գնահատել իրենց, բայց միաժամանակ հարգել մեծերին: Իսկ ավագները, նրա կարծիքով, պետք է դադարեն հեռու մնալ ամեն ինչից: «Բացեք բերանները: Առանց տատանվելու դարձեք ժողովրդի պահապանները, փոխանցեք արդարություն, պատմություն, արժեքներ և հիշողություններ»:
Իսկ մեր բարձրաստիճան հոգևորական դասն այսօր օֆշորային սկանդալների բուն կիզակետում է...
Այստեղ տեղին է հարցնել, թե որն է վերջապես Հայ առաքելական եկեղեցու սոցիալական հայեցակարգը, ունի նա արդյոք այդպիսին և ինչ սոցիալական պատասխանատվություն է ստանձնում Հայաստանում տեղի ունեցող շահագործման և թալանի տնտեսության պայմաններում: Թե այն հանդես է գալիս զուտ որպես կապիտալի խմբերի շահերի ներկայացուցիչ:
Հունվար 13, 2014 at 11:36
