

ԷկոԼուր
Այսօր՝ մայիսի 14-ին, Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում մեկնարկեց Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) 23-րդ տարեկան հանդիպումը: Հանդիպումը անցկացվում է Վարշավայի ազգային ստադիոնում: Հանդիպմանը ներկա են 67 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում նաև Հայաստանը:
Ներկաներին ողջունեցին Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը և EBRD-ի նախագահ Սումա Չակրաբարտին:
«Զարգացման յուրաքանչյուր փուլում մեր բաժնետերերն աջակցում են մեզ: Այսօր մենք աշխատում ենք երեք մայրցամաքներում՝ Եվրոպա, Ասիա եւ Աֆրիկա: Ես ուրախ եմ հայտնել ձեզ, որ անցյալ տարի մենք կրկին ունեցել ենք շատ ուժեղ ինստիտուցիոնալ գործունեություն: 2013 թ-ին մենք ունեցել ենք ռեկորդային թվով գործարքներ՝ 392: Դա բավականին բարձր ցուցանիշ է մեկ կարճ տարվա համար: Բանկի տարեկան ներդրումները կազմել են 8,5 միլիարդ եվրո»,- ասաց Սումա Չակրաբարտին՝ հավելելով, որ բանկը պետք է նաև ազնիվ լինի այն խնդիրների նկատմամբ, որոնց հետ բախվում են բանկի հետ համագործակցող շատ երկրներ:
Նշենք, որ Հայաստանից ժամանած պատվիրակության ղեկավարն է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը: Հանդիպմանը ներկա է նաև ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Արամյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանում EBRD-ին ֆինանսավորում է ծրագրեր հանքարդյունաբերության և էներգետիկայի ոլորտներում: Հայաստանում EBRD -ի կողմից ֆինանսավորվող ամենասկանդալային ծրագիրը Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման նախագիծն է:
Մայիս 14, 2014 at 15:06




