

ԷկոԼուր
Կայուն և թափանցիկ էներգետիկայի զարգացման նպատակով Հայաստանում ստեղծվել է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կոալիցիա:
Ներկայում այն բաղկացած է 22 անդամ կազմակերպություններից, որից 4-ը հիմնադիր անդամներն են: Նոյեմբերի 8-ին տեղի ունեցած նիստի ժամանակ կոալիցիայի հիմադիր անդամ կազմակերպության` «էներգախնայողության աջակցման հիմնադրամ» ՀԿ-ի գործադիր տնօրեն Աստղինե Պասոյանը ներկայացրեց ոլորտի խնդիրներն ու կոալիցիայի նպատակները:
Խնդիրներից են էներգիայի անարդյունավետ օգտագործման բացասական հետևանքները, վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումների խոչընդոտները, կլիմայական մարտահրավերները և այլն:
Կոալիցիայի նպատակներն են՝
- նախաձեռնել համայնքներում կայուն էներգետիկայի ներդրումների խթանման համար կարգավորող-օրենսդրական դաշտի բարեփոխումներ,
- նախաձեռնել և աջակցել համայնքային գնումների գործընթացում էներգարդյունավետություն և վերականգնվող էներգետիկայի զարգացումն ապահովող կանոնակարգերի և կարգավորիչ միջոցների լավագույն փորձի հիման վրա հանրային քաղաքականությունների մշակման կամ բարելավման ու առաջխաղացման գործընթացներին,
- նպաստել Քաղաքապետների դաշնագրի անդամ քաղաքներում էներգաարդյունավետության, վերականգնվող էներգետիկայի և կլիմայի փոփոխության հարմարվողականության բարձրացման ուղղությամբ ծրագրերի, միջոցառումների և բյուջեների մոնիթորինգի արդյունավետ իրագործմանը,
- նպաստել ՏԻՄ-երի էներգարդյունավետության նախաձեռնությունների մշտադիտարկման և բարելավման մեխանիզմների և կարողությունների զարգացմանը՝ կարևորելով կին մասնագետների ներգրավումը գործընթացում,
- բարձրացնել ՔՀԿ-ների մասնակցությունը հանրային քաղաքականությունների մշակման, բարելավման, ջատագովության և մոնիթորինգի իրականացման գործում՝ համագործակցելով ոլորտային նախարարությունների և համապատասխան պետական մարմինների, միջազգային կառույցների, ինչպես նաև այլ շահառուների հետ,
- բարձրացնել կանանց մասնակցությունը էներգաարդյունավետության, կայուն էներգետիկ և կլիմատիկ զարգացման ոլորտում, այդ թվում նաև համայնքային գործունեության վերահսկողության և մշտադիտարկման գործում,
- ամրապնդել մոնիթորինգի, հանրային վերահսկողություն իրականացնելու և թափանցիկ և կայուն էներգետիկ զարգացմանն ուղղված գործունեության իրականացման հետ կապված ՔՀԿ-ների կարողությունները:
Նշենք, որ Կոալիցիայի հռչակագիրը բաց է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար: «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն ևս միացել է հռչակագրին:
Կոալիցիան ստեղծվել է «ՔՀԿ-ները հանուն կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացման (EU4STED)» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ԵՄ աջակցությամբ:
Նոյեմբեր 09, 2018 at 17:50
