ՀՀ կառավարությունը չի ցանկանում բացահայտել էներգետիկայի ոլորտում իրական սեփականատերերին

ՀՀ կառավարությունը չի ցանկանում բացահայտել էներգետիկայի ոլորտում իրական սեփականատերերին

ԷկոԼուր

ՀՀ կառավարությունը չի ցանկանում բացահայտել էներգետիկայի ոլորտում իրական սեփականատերերին, իսկ Ազգային ժողովի հանձնաժողովում համապատասխան օրինագիծը ստացավ դրական եզրակացություն:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանի և Բաբկեն Թունյանի հեղինակած «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը քննարկվեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հունվարի 15-ին նիստում:

Օրենքի ընդունման առաջնային նպատակն է էներգետիկայի բնագավառում, որը հանրային ծառայությունների կարևորագույն ոլորտներից մեկն է, թափանցիկության ապահովումը: Այս մոտեցումն ամրագրված է 2019 թ-ին ընդունված ՀՀ կառավարության ծրագրում, որպես կոռուպցիայի դեմ պայքարի գործիքներից մեկը:

Օրենքի մի շարք հոդվածներում առաջարկվող փոփոխություններով նախատեսվում են նոր կարգավորումներ` իրական սեփականատերերի բացահայտման պահանջի ներդրման և չբացահայտման դեպքում պատասխանատվության միջոցների կիրառման հետ կապված հարաբերությունների վերաբերյալ:

Այսպես, ըստ առաջարկվող փոփոխությունների էլեկտրական էներգիայի արտադրության, ջերմային էներգիայի արտադրության կամ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության լիցենզիայի համար դիմողը պետք է ներկայացնի իրական սեփականատերերի վերաբերյալ քաղվածք:

Իսկ արդեն լիցենզիա ունեցող անձը պետք է օրենքով սահմանված ժամկետում իրականացնի իրական սեփականատերերի գրանցում և լիազոր մարմին ներկայացնի իրական սեփականատերերի վերաբերյալ քաղվածք:

Եթե լիցենզիա ունեցող անձը չի ներկայացրել քաղվածքը, տրվում է գրավոր զգուշացում, տրված զգուշացման հիմքերը չվերացնելու դեպքում լիցենզիան կասեցվում է մինչև սահմանված տեղեկատվության ներկայացումը, բայց ոչ ավելի, քան 120-օրյա ժամկետով:

Օրինագիծը մշակվել է դեռ անցյալ տարվա սեպտեմբերին, և առաջարկվում էր, որ օրենքն ուժի մեջ մտնի 2019 թ-ի նոյեմբերի 1-ից: Եվ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո էլեկտրական էներգիայի արտադրության, ջերմային էներգիայի արտադրության կամ էլեկտրական եւ ջերմային էներգիայի համակցված արտադրության լիցենզիա ունեցող անձինք իրական սեփականատերերի վերաբերյալ առաջին հայտարարագիրը պետական ռեգիստր ներկայացնեն ոչ ուշ, քան մինչև 2020 թ-ի հունվարի 1-ը: Սակայն 2019 թ-ի նոյեմբերին օրինագծի քննարկումը մշտական հանձնաժողովի նիստում հետաձգվեց երկամսյա ժամկետով:

Պատճառը ՀՀ կառավարության դիրքորոշումն էր: Օրինագծի վերաբերյալ կառավարությունը հետևյալ դիտողությունն էր արել.

«Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախատեսում է իրական սեփականատերերին բացահայտել համակարգված մոտեցման, այն է՝ ճանապարհային քարտեզի միջոցով խնդիրների վերհանման, օրենսդրական փոփոխությունների իրականացման և թիրախային ոլորտների աստիճանական սահմանման միջոցով:
Հաշվի առնելով բազմաթիվ խնդիրներ, որոնք առկա են ինստիտուտի ներդրման գործընթացում, և այն հանգամանքը, որ ներկայումս միջազգային կազմակերպությունների հետ իրականացվում են ակտիվ բանակցություններ իրական սեփականատերերի բացահայտման համար անհրաժեշտ կարգավորումների հստակեցման, միասնական քաղաքականության որդեգրման և գործուն կառուցակարգերի ներդրման շուրջ, գտնում ենք, որ հատվածային լուծումներն այս պահին անթույլատրելի են, ուստի, առաջարկում ենք այս փուլում ձեռնպահ մնալ ներկայացված նախագծի քննարկումից և, անհրաժեշտության դեպքում, նախագծի դրույթներին անդրադառնալ խնդրի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ներկայացվելիք օրենսդրական նախաձեռնությունների շրջանակներում»:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի այս տարվա հունվարի 15-ին նիստում կառավարության դիրքորոշումը հաստատեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը: Վերջինս նշեց, որ կառավարությունն այս պահին նպատակահարմար չի համարում առանձին ոլորտում նման փոփոխություն իրականացնելը:

Այնուամենայնիվ, հանձնաժողովի կողմից նախագիծը ստացավ դրական եզրակացություն:

 

Հունվար 17, 2020 at 17:22


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր