ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկում բնության վրա ՓՀԷԿ-երի վնասակար ազդեցությունը նվազեցնելու ուղղությամբ

ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկում բնության վրա ՓՀԷԿ-երի վնասակար ազդեցությունը նվազեցնելու ուղղությամբ

ԷկոԼուր

ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկում բնության վրա ՓՀԷԿ-երի վնասակար ազդեցությունը նվազեցնելու և կանխարգելելու ուղղությամբ: Մարտի 1-ի նիստում գործադիրը հավանություն տվեց «Փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման և շահագործման համար շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման չափորոշիչներ հաստատելու մասին» արձանագրային որոշման նախագծին: Որոշման ընդունմամբ ակնկալվում է նպաստել ջրաէկոհամակարգի պահպանությանը և հավասարակշռության ապահովմանը փոքր ՀԷԿ-երի կառուցման և շահագործման դեպքում:

«Չնայած հիդրոէներգետիկան համարվում է էկոլոգիապես մաքուր և միտված է CO2 ջերմոցային գազերի դեպի մթնոլորտ արտանետումների կրճատմանը, այնուամենայնիվ, վերջին տարիներին ակտիվ ջրօգտագործման, ինչպես նաև կլիմայի փոփոխության հետևանքով գետային հոսքի նվազման պատճառով ՓՀԷԿ-երի շահագործումը բացասական ազդեցություն է ունենում էկոհամակարգերի վրա (մասնավորապես ջրային էկոհամակարգերի):
Ստեղծված բնապահպանական խնդիրները լուծելու, ջրօգտագործման ժամանակ ջրաէկոհամակարգի պահպանությունը և հավասարակշռությունը ապահովելու համար անհրաժեշտություն է առաջացել սահմանել փոքր ՀԷԿ-երի կառուցման և շահագործման համար չափորոշիչներ, որոնք կկանխարգելեն կամ կնվազեցնեն շրջակա միջավայրի վրա փոքր ՀԷԿ-երի վնասակար ազդեցությունները», - նշված է որոշման նախագծի հիմնավորման մեջ:

Այդ չափորոշիչներն են՝

1) ՀՀ Կարմիր գրքում գրանցված և/կամ տեղանքին բնորոշ էնդեմիկ ձկնատեսակների, ջրային բույսերի առկայություն,

2) ՀՀ տարածքին բնորոշ՝ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրերի առկայություն,

3) դերիվացիոն խողովակներով 40 տոկոս և ավելի գետի ծանրաբեռնվածության առկայություն,

4) ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված էկոլոգիական թողքի մեծությունը չգերազանցող փաստացի ջրային հոսքի պահապանում գետահատվածում,

5) ջրաէկոհամակարգերի սանիտարական պահպանման գոտիների առկայություն, որոնց չափորոշիչները սահմանված են ՀՀ կառավարության 2005թ. հունվարի 20-ի N 64-Ն որոշման հավելվածի 3-րդ կետով,

6) բնության հուշարձանների 150 մետր շառավղով հարակից տարածքների առկայություն,
7) սողանքային տարածքների առկայություն,

8) փոքր ՀԷԿ-երի շինարարական տարածքին մոտեցող ճանապարհների առկայություն կամ ճանապարհների կառուցման անհրաժեշտություն,

9) կառուցվող փոքր ՀԷԿ-երի հեռավորությունը մոտակա բնակավայրից,

10) աղմուկի ազդեցությունը շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա:

Չափորոշիչները կիրառելի են շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա ազդեցության հիմնական գնահատման մեթոդիկայի առկայության պարագայում:

Նախատեսված չափորոշիչների գործողությունը չի տարածվում փոքր ՀԷԿ-երի կառուցման կամ շահագործման համար արդեն իսկ ջրօգտագործման թույլտվություն ստացած ՓՀԷԿ-երի վրա:
Նախագիծը մշակել է ՀՀ բնապահպանության նախարարությունը:

Նյութը պատրաստվել է «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:

Մարտ 02, 2018 at 18:16


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր