Արցախի գետերի արդեն 160 կմ-ից ավելին հոսում է խողովակներով. հացադուլ և դասադուլ՝ ՀԷԿ-երի կառուցման դեմ

Արցախի գետերի արդեն 160 կմ-ից ավելին հոսում է խողովակներով. հացադուլ և դասադուլ՝  ՀԷԿ-երի կառուցման դեմ

ԷկոԼուր

Արցախի Հանրապետությունում բողոքի ալիք է բարձրացել ՀԷԿ-երի կառուցման դեմ: «Քարվաճառն առանց ՀԷԿ-ի» հասարակական խումբը ֆեյսբուք սոցիալական ցանցում ահազանգում է. «160 կմ երկարությամբ արցախյան գլխավոր գետերն արդեն հոսում են խողովակաշարերի միջով։ Հենց այս պահին Քարվաճառի և Քաշաթաղի շրջաններում կառուցվում են նորերը։ Ջրազրկում են տասնյակ (եթե ոչ հարյուրավոր) քառակուսի կիլոմետր մակերեսով տարածքներ։ Մի քանի օլիգարխի ագահությունը հագեցնելու համար Քարվաճառի և Քաշաթաղի շրջանները զրկում են բնականոն զարգացման և լիարժեք վերաբնակեցման հեռանկարից»։ 

Ս.թ. հունվարի 20-ից քարվաճառցի մտավորական և հանրային գործիչ Ալեքսանդր Քանանյանը հացադուլ է սկսել ՀԷԿ-երի կառուցման դեմ՝ պահանջելով դադարեցնել Տրտու (Թարթառ) գետի վերին ավազանում ընթացող բոլոր ՀԷԿ-աշինական աշխատանքները, այդ տարածքներից ամբողջովին դուրս բերել ողջ շինտեխնիկան, Արցախի կառավարությանը հանդես գալ հատուկ պաշտոնական հայտարարությամբ՝ Քարվաճառի շրջանում այսուհետ որևէ նոր փոքր ՀԷԿ կառուցելու մտադրությունից իսպառ և հիմնավորապես հրաժարվելու վերաբերյալ։ Քանանյանը նաև պահանջում է ձևավորել հատուկ հանձնաժողով, որը լիակատար թափանցիկությամբ պետք է ուսումնասիրի Արցախում Բակո Սահակյանի և Արայիկ Հարությունյանի համատեղ կառավարման տարիներին կառուցած յուրաքանչյուր ՀԷԿ-ի համապատասխանությունը գործող բնապահպանական կարգավորումներին: Իսկ գործող ՀԷԿ-երը պետք է բերել բնապահպանական կարգավորումների համապատասխանության դաշտ, 2019 թ-ի վերջի դրությամբ կառուցվող և գործել չսկսած ՀԷԿ-երի շինարարական աշխատանքները սառեցնել: Քանանյանը նշում է, որ պահանջագրի պայմանները չկատարելու դեպքում հացադուլից կանցնի նաև ջրադուլի։

Ալեքսանդր Քանանյան

Աջակցելով Ալեքսանդր Քանանյանի պայքարին, ս.թ. հունվարի 27-ից հացադուլին է միացել նաև Ստեփանակերտի բնակիչ Մհեր Պողոսյանը՝ պահանջելով.

1. դադարեցնել փոքր ՀԷԿ-երի շինարարությունները Քարվաճառի և Քաշաթաղի շրջաններում՝ անկախ դրանց թերավարտության աստիճանից, ու շինարարական տեխնիկան անհապաղ հեռացնել շինհրապարակներից,

2. հրապարակայնացնել դրանց արտոնագրման և ֆինանսավորման հետ կապված ողջ ինֆորմացիան,

3. ստեղծել հատուկ քննող հանձնաժողով Հայաստանի պաշտոնյաների, քաղհասարակության և անկախ փորձագետների մասնակցությամբ՝ ստուգելու համար արտոնագրման, ֆինանսավորման և շահագործման օրինականությունը, ինչպես նաև համապատասխանությունը ազգային անվտանգությանը, ազատագրված տարածքների բնակեցման հրամայականին և կայուն զարգացման ռազմավարությանը։

Ալեքսանդր Քանանյանը և Մհեր Պողոսյանը

Իսկ ս.թ. հունվարի 29-ից ՀԷԿ-երի կառուցման դեմ պայքարին միացան նաև Քարվաճառի միջնակարգ դպրոցի ավագ դասարանների աշակերտները՝ հայտարարելով դասադուլ:
Երեկ Ալեքսանդր Քանանյանը իր ֆեյսբուքյան էջում հայտարարեց, որ Արցախի բարձրաստիճան պաշտոնյաները փորձում են ճնշումներ գործադրել պայքարի դուրս եկած բնակիչների դեմ, այդ թվում՝ աշակերտների: 

Արցախի նախագահի, պետնախարարի և տեղական ինքնակառավարման ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Քարվաճառի դասադուլավոր աշակերտները մերժել են դասադուլը դադարեցնելու պահանջը:

Լուսանկարը՝ Դավիթ Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Արդեն 10-րդ օրը հացադուլի մեջ գտնվող Քանանյանն այսօր հայտարարել է. «Քաղաքացիների, հատկապես դպրոցահասակ երեխաների հանդեպ որևէ բռնաճնշման կամ ահաբեկման փորձ չի ներվելու»:

Գլխավոր լուսանկարը՝ Ալեքսանդր Քանանյանի

Հունվար 30, 2020 at 14:49


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր