Փոքր ՀԷԿ-եր. մոնիտորինգ, արդյունքներ և առաջարկվող բարեփոխումներ

Փոքր ՀԷԿ-եր. մոնիտորինգ, արդյունքներ և առաջարկվող բարեփոխումներ

ԷկոԼուր

Ս.թ. հունիսի 26-ին «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի համակարգող Ինգա Զարաֆյանը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում ներկայացրեց ծրագրի արդյունքները:

Այս ծրագրի շնորհիվ համալրվեց փոքր ՀԷԿ-երի տեղեկատվական բազան: Ներկայում այն ընդգրկում է 125 փոքր ՀԷԿ-ի տվյալներ:

Ինգա Զարաֆյանը նշեց, որ ոլորտի ինստիտուցիոնալ բարեփոխումների համար ստեղծվել է Փոքր ՀԷԿ-երի բազմաշահառու խորհուրդ պատասխանատու ՀՀ պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների, բիզնեսի ներկայացուցիչների ներգրավմամբ: Առաջարկվել է ծրագրի ավարտից հետո Փոքր ՀԷԿ-երի բազմաշահառու խորհրդի աշխատանքի շարունակականությունն ապահովելու համար Խորհուրդը դարձնել ՀՀ փոխվարչապետին կից գործող: Խորհրդի իրավասություններն են` առաջ մղել փոքր հիդրոէներգետիկայի ոլորտի քաղաքականության, օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումները, առաջարկություններ տալ ոլորտի խնդիրների կարգավորման վերաբերյալ:

Օրենսդրական բարեփոխումների նպատակով մշակվել է 2 օրենքի նախագիծ, ՀՀ կառավարության 2 որոշման նախագիծ, Փոքր ՀԷԿ-երի բազմաշահառու խորհուրդի կանոնադրության նախագիծ: Ծրագրի առաջարկությունները հաշվի են առնվել ՀՀ կառավարության կողմից մշակված 4 օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերում:

Ինգա Զարաֆյանը նշեց, որ ծրագրի արդյունքում ՓՀԷԿ-երի ոլորտը դարձավ թափանցիկ. ՓՀԷԿ-երի միայն 2-րդ ծրագրի շրջանակներում www.ecolur.org կայքում հրապարակվեց 150 նյութ և տեսանյութ մշտադիտարկման, սոցիալական խնդիրների, օրենսդրական բարեփոխումների վերաբերյալ:

Հայտնաբերված խնդիրներից Ինգա Զարաֆյանն առանձնացրեց.
- 0-1 Մվտ հզորությամբ ՓՀԷԿ-երը չեն անցնում բնապահպանական փորձաքննություն, թեպետ իրենց գործունեությամբ էական վնաս են պատճառում գետային էկոհամակարգին
- Փոքր ՀԷԿ-երի գործունեության թափանցիկության և վերահսկողական մեխանիզմների անբավարարություն
- ՓՀԷԿ-երի կառուցման համար արգելված գոտիների բացակայությունը, ջրհոսքերի ձևավորման գոտում, բնության հատուկ պահպանվող տարածքներում ՓՀԷԿ-երի կառուցումը
- Նախագծային սխալ ջրատնտեսական հաշվարկներ
- Բնապահպանական թողքի չապահովելը և թողքի նկատմամբ վերահսկողության բացակայությունը
- Ձկնանցարանների և ձկնապաշտպան ցանցերի ֆունկցիոնալ անհամապատասխանությունը, ձկնաշխարհի կենսաբազմազանության և տեղաբնակ ձկնատեսակների վտառների քանակական ցուցանիշների բացասական փոփոխությունները
- ՓՀԷԿ-երի արտադրողականության անբավարար մակարդակը և ցածրորակ սարքավորումները
- Սարքավորումների համար նախատեսված չափորոշիչների և պահանջների բացակայությունը
- ՓՀԷԿ-երի կասկադների ձևավորումը՝ առանց կումուլիատիվ ազդեցության գնահատման
- Փոքր ՀԷԿ-երի բնութագրին չհամապատասխանող հզորության և անհամաչափ սահմանային հզորության բարձր շեմը` 30 Մվտ
- Փոքր ՀԷԿ-երի կառուցման ընթացքում մեծաթիվ ծառահատումները և համարժեք ծառատնկումների չիրականացումը:
- Հայտնաբերվեցին ՓՀԷԿ-եր, որոնք կառուցված են ջրհոսքերի ձևավորման գոտում, ինչը հակասում է «Ջրաէկոհամակարգերի սանիտարական պահպանման, հոսքի ձևավորման, ստորերկրյա ջրերի պահպանման, ջրապահպան, էկոտոնի և անօտարելի գոտիների տարածքների սահմանման չափորոշիչների մասին» ՀՀ կառավարության 20 հունվարի 2005 թվականի N 64-Ն որոշման պահանջներին:
- Կան գետեր, որոնց երկարության 70 տոկոսը վերցված է խողովակների մեջ:

Ծրագրի արդյունքում մշակվել են.

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքի նախագիծը: Այս օրինագծով առաջարկվում է էկոլոգիական թողքի նոր սահմանում, ինչի շնորհիվ փոքր ՀԷԿ-երի շահագործման ընթացքում կապահովվի ջրային ռեսուրսների բանական օգտագործումը:

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքի նախագիծը: Այս օրինագծով սահմանում է հստակ տուգանքներ էկոլոգիական թողքի չպահպանման դեպքերի համար:

«ՓՈՔՐ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՁԵՎԱՆՄՈՒՇԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է փոքր ՀԷԿ-երի էկոանձնագրում հավաքված և գրանցված տվյալների հիման վրա իրականացնել վերահսկում և ինքնավերահսկում: Այն հնարավորություն կտա խրախուսել այն փոքր ՀԷԿ-երին, որոնք աշխատում են առանց խախտումների` պահպանելով շրջակա միջավայրը:

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՍՏՈՒԳԱԹԵՐԹԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1680-Ն ԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 519-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2017Թ-Ի ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի, 1343 - Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Այս նախագծի ընդունմամբ ակնկալվում է ՓՀԷԿ-երի պատշաճ վերահսկում:

Ծրագրի համակարգողը նշեց, որ 2018թ-ի մարտի 1-ին ՀՀ կառավարությունն ընդունեց «Փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման և շահագործման համար շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման չափորոշիչներ հաստատելու մասին» արձանագրային որոշումը (https://www.e-gov.am/protocols/item/876/), որտեղ ընդգրկված են Ծրագրի շրջանակներում փոքր ՀԷԿ-երի վերաբերյալ ստեղծված տեղեկատվական բազայի տվյալները և փորձագիտական խմբի առաջարկությունները:

Ծրագրի փորձագիտական խմբի առաջարկությունների հիման վրա մշակվել և շրջանառության մեջ է դրվել «Փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման և շահագործման համար արգելված գոտիները և գետերի ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը
(https://www.e-draft.am/projects/497/about)

Ինգա Զարաֆյանը նշեց, որ 38 ՓՀԷԿ-երից միակ ՓՀԷԿ-ը, որի համար փորձագիտական խումբն առաջարկություն չի ներկայացրել, «Սեկա» ՓՀԷԿ-ն է: Այս ՓՀԷԿ-ի կայանում տեղադրված են ժամանակակից սարքավորումներ, ավտոմատ կառավարման համակարգ, ջրառը վերահսկվում է on-line կապով:

 



Հունիս 27, 2018 at 18:51


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր