ԷկոԼուր
«Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբն այցելեց «Ձորագետ 6» փոքր ՀԷԿ: «Ձորագետ 6» փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Լոռու մարզի Կաթնառատ համայնքի վարչական տարածքում: Այն շահագործում է «Վի Ար Բի» Կոնցեռնը: ՓՀԷԿ-ը կառուցված է Ձորագետ գետի վրա (երկարությունը՝ 67 կմ):
Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.
- ՓՀԷԿ-ը շահագործման է հանձնվել 2013թ-ին:
- «Ձորագետ-6» և «Ձորագետ-5» ՓՀԷԿ-երը համարվում են կասկադային ՓՀԷԿ-եր: «Ձորագետ-5» ՓՀԷԿ-ի կայանային հանգույցից դուրս եկող ջրաքանակը հեռացնող ջրանցքով ուղղվում է «Ձորագետ-6» ՓՀԷԿ-ի գլխային հանգույց:
- ՓՀԷԿ-ի ստատիկ ճնշումը նախագծում նշված չէ: Ըստ նախագծի՝ հաշվարկային ճնշումը` 65.91մ, ՓՀԷԿ-ի կողմից օգտագործվող հաշվարկային ելքը՝ 4.0մ3/վ, դրվածքային հզորությունը 2.109 ՄՎտ է, ըստ ՀԾԿՀ-ի տեղեկանքի՝ դրվածքային հզորությունը 1490 կՎտ է: Էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը, ըստ ՀԾԿՀ-ի տեղեկանքի, 4.2 մլն.կՎտ.ժամ է, հաշվարկային արտադրությունը, ըստ նախագծի, 6.01 մլն.կՎտ.ժամ, լիցենզիայի ժամկետը` 04.09.2013-04.09.2028թթ., Ջրօգտագործման թույլտվության ժամկետը (ՋԹ)` 04.04.2014-04.04.2017թթ.: Ըստ ընկերության` ՋԹ-ն փոխվել է:
- Գլխամասային հանգույցում կառուցված է 2մ բարձրությամբ և 16մ երկարությամբ պատվար: Նախագծով նախատեսված է եղել 2.5 մ բարձրությամբ եւ 12մ երկարությամբ պատվար:
- Գլխամասում առկա է աստիճանաձև, 12.2 մ երկարությամբ, 0.67-0.70 մ լայնությամբ բետոնից կառուցված ձկնանցարան: Այն ունի 8 աստիճան, որոնցից յուրաքանչյուրի բարձրությունը մեկը մյուսի նկատմամբ մոտ 0.35մ է, բացառությամբ առաջին աստիճանի, որն ինքնուրույն, ձկնանցարանի հիմնական մասից առանձնացված կառույց է և ունի ավելի մեծ բարձրություն, քան մյուսները: ՓՀԷԿ-ում ձկնանցարանի առկայությունն էական դեր չի խաղում ձկների տեղաշարժի համար, քանի որ մինչև ջրառի կետ՝ մոտ 50 մ հեռավորության վրա գետի հոսանքը երկատվում է: Արդյունքում ջրի մի մասը գնում է դեպի ջրառ, իսկ մյուս մասը շարունակում է հոսել գետի բնական հունով, ինչն արդեն իսկ բավական է ձկների բնականոն տեղաշարժը հոսանքն ի վեր ու ի վար ապահովելու համար:
- Առկա է 2.25 մ երկարությամբ աղբորսիչ, որի ճեղքերի միջև հեռավորությունը 2.5 սմ է: Ճաղերի միջև նման հեռավորություն ունեցող ցանցը չի կարող արգելել մոտ 8-9 սմ երկարությամբ մանրաձկների հայտնվելը խողովակաշարում:
- ՓՀԷԿ-ի գլխամասում ձկնապաշտպան կառույց չկա: Նախագծով նախատեսված չի եղել:
- Ձորագետ գետի այն հատվածում, որտեղ կառուցված է ՓՀԷԿ-ի գլխամասը, ձկնատեսակներից հանդիպում է կարմրախայտը: Եթե կառուցված չլինեին տվյալ ՓՀԷԿ-ի գլխամասից ներքև կառուցված այլ հիդրոտեխնիկական կառույցները, այդ թվում խմելու ջրառի համար կառուցված մոտ 3մ բարձրությամբ պատվարը, որը չունի ձկնանցարան, ապա գետում կարող էին հանդիպել նաև Կուրի բեղաձուկը, արևելյան տառեխիկը, կողակը, քառթակը, Կուրի լերկաձուկը:
- Ջրօգտագործման թույլտվության տվյալների համաձայն` ՓՀԷԿ-ը կարող է Ձորագետից ջուր վերցնել 9 ամիս` ապահովելով գետում 0.3 խմ/վ բնապահպանական թողք: Սարավան գետի հոսքը Ձորագետ տեղափոխելու համար նախագծով նախատեսված է եղել պատվարի կառուցում, սակայն «Ձորագետ-6» ՓՀԷԿ-ի ներկայացուցչի խոսքով` «Ձորագետ 6»-ի ջրառն իրականացվում է Սարավան գետի` Ձորագետի մեջ թափվելուց մոտ 500 մ ներքեւ:
- «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալներով` «Ձորագետ 6» ՓՀԷԿ-ը 2014 թվականին աշխատել է 10 ամիս` արտադրելով 2595505 կՎտ էլեկտրաէներգիա:
- Ճնշումային խողովակաշարի երկարությունը համապատասխանում է նախագծի տվյալին, այն 2360 մ է, տրամագիծը`1400 մմ: Խողովակաշարի 200 մետր հատվածը մետաղյա է, այդ հատվածում խողովակաշարը վերգետնյա է, որովհետեւ անցնում է ժայռերի վրայով, մնացած հատվածներում, խողովակաշարը ապակեմանրաթելային նյութից է եւ ռեկուլտիվացված:
- Կայանային հանգույցի տարածքում ՓՀԷԿ-ին ներկայացվող պահանջներին և նախագծային լուծումներին համապատասխան իրականացվել են կառուցապատման, բարեկարգման աշխատանքներ: Կանաչապատում չի արվել այն հիմնավորմամբ, որ ազատ տարածքը բացակայում է, քանի որ այն զբաղեցված է մոտեցնող և հեռացնող ջրանցքներով և տրանսֆորմատորային ենթակայանով:
- Մետաղյա ցանկապատով ցանկապատված է միայն տրանսֆորմատորային ենթակայանի տարածքը:
- 3 տրանսֆորմատորները կահավորված չեն յուղահավաք համակարգով: Նախագծով նախատեսված չէ յուղորսիչի տեղադրում:
- Նախագծով նախատեսված` տեղական «Ծատրյան» ՍՊԸ-ի կողմից արտադրված 3 ագրեգատների փոխարեն տեղադրվել է 2–ը:
- Կենցաղային կեղտաջրերի հեռացման համար, նախագծային լուծումների համաձայն, կառուցվել է սանհանգույց, որտեղից կենցաղային կեղտաջրեը հեռացվում են անջրթափանց հոր:
- Համապատասխան բնապահպանական մարմնի կողմից կնքված ջրաչափ ջրառում չկա:
- Կայանում տեղադրված է էլեկտրական պաշտպանությունների վահանակ:
- Ջրառում ջրի մակարդակի ավտոմատ կառավարման համակարգ չկա:
Եզրակացություն
Առավել սակավաջուր ժամանակահատվածում բնապահպանական ելքերի կարգավորման հետ կապված կարող են առաջանալ խնդիրներ: Համապատասխան մեթոդներով բնապահպանական ելքի չափաքանակի ապահովման և հսկողության սահմանման խիստ անհրաժեշտություն կա:
Առաջարկություններ
Իրականացնել գլխային հանգույցի վերակառուցման աշխատանքներ գետում բավարար քանակի բնապահպանական ելքի ապահովման և ձկների անարգել տեղաշարժի համար:
- Ապահովել գլխամասային հանգույցում բնապահպանական թողքի ավտոմատ կառավարում և տեղադրել չափիչ սարքեր:
- Կահավորել տղմազտարանի ճաղավանդակը մանրաբջիջ ցանցավանդակով` փոքր չափերի ձկների մուտքը ագրեգատներ կանխարգելելու համար:
- Վերանայել ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված ցուցանիշները և ջրատնտեսական հաշվարկները` մասնավորապես Ձորագետի համար սահմանված 200լ/վրկ բնապահպանական ելքի չափաքանակը, քանի որ այն փոքր է: Պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ ՓՀԷԿ-ի ջրառից հետո կատարվում է նաև խմելու ջրառ։
- Տրանսֆորմատորների տակ տեղադրել յուղահավաք համակարգեր:
Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:
Դեկտեմբեր 04, 2015 at 18:12