

ԷկոԼուր
Սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած «Փոքր հիդրոէներգիա արտադրողների համընդհանուր համագումար»-ը որոշում ընդունեց փոքր հիդորէլեկտրակայանների մարտահրավերների վերաբերյալ, որով անհամաձայնություն հայտնեց փոքր հիդրոէներգետիկայի ոլորտի համար վարվող քաղաքականությանը և բարեփոխումներին:
Որոշման մեջ մասնավորապես նշված է.
• « Հայաստանում ՓՀԷԿ-երի գործունեությունը ոչ միայն թերագնահատված է, այլ նաև վտանգված է, ինչն օրեցօր դառնում է խիստ մտահոգիչ:
• Ներկայիս Հայաստանում գործող ջրօգտագործման թույլտվությունների համակարգը չի համապատասխանում փոքր էներգետիկայի զարգացման շահերին, այն հակասում է ինչպես փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, այնպես էլ գետերի էկոլոգիայի ապահովմանը և պահպանմանը:
• Ընդունված 25 հունվարի 2018 թվականի N 57-Ն Կառավարության որոշումը և դրանով սահմանված էկոլոգիական թողքի նոր մեթոդաբանությունը չի համապատասխանում ՀՀ շահերին, դրա կիրառումը կհանգեցնի մեր երկրի համար աղետալի հետևանքների»:
Համագումարն առաջարկում է՝
• դիմել ՀՀ կառավարությանը` ներդրողների հետ համատեղ ՓՀԷԿ-երին ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման նոր մեթոդաբանության շուրջ աշխատանքների իրականացման ուղղությամբ՝ միտված նախկինում կոռումպացված սխեմաներից ձերբազատմանը և որակապես նոր համակարգի ներդրմանը,
• ՓՀԷԿ-երի ներքին բիևների ջրառի հանգույցներում տեղադրել ջրաչափեր, որոնք կվերահսկեն գետի էկոլոգիական թողքերը,
• արձանագրում է, որ գոյություն ունեն մի շարք կայաններ, որոնք ինչպես տեխնիկապես, այնպես էլ էկոլոգիապես չեն համապատասխանում ՓՀԷԿ-երի համար հաստատված ընդհանուր պահանջներին, ինչի համար Համագումարն առաջարկում է ներգրավել իր մասնագետներին ս.թ. սեպտեմբերի 5-ին ՀՀ կառավարության կողմից ստեղծված աշխատախմբի մեջ վերոնշյալ խնդիրների լուծման և համապատասխան նախագծերի իրականացման համար, պատրաստակամություն է հայտնում լիովին աջակցել ՀՀ կառավարությանը վերականգնվող էներգետիկայի հետ կապված բոլոր հարցերում, որոնք չեն հակասում Հայաստանի Հանրապետության շահերին:
ԷկոԼուրի հետ զրույցում այս որոշման վերաբերյալ պարզաբանումներ տվեց ՓՀԷԿ-երի շահերը պաշտպանող Հանրապետության վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիայի տնօրեն Ռոման Մելիքյանը:
Էկոթողքի սահմանման վերաբերյալ ՀՀ կառավարության 2018 թվականի հունվարի 25-ի N 57-Ն որոշման մասին, որի համաձայն էկոթողքը 33 տոկոսով պետք ավելին լինի, քան նախկինում
«Պատկան մարմինները ներկայացրեցին, որ նաև գործող բոլոր հիդրոկայանները պարտավոր են անցնել նոր էկոսահմանաչափերի: Դա մեծ հաշվով օրինական չէ, որովհետև գործող հիդրոկայանները ստեղծել են իրենց տնտեսական կառույցները՝ հաշվի առնելով նախկին էկոթողքի սահմանագծերը, ստեղծել են իրենց տեխնիկական հիմնավորումները և ներդրումներ արել։ Եթե նոր էկոսահմանաչափեր լինեին, իրենք հնարավոր է` ներդրումներ չանեին»,- ասաց Ռոման Մելիքյանը:
Նշենք, որ մինչ ՀՀ կառավարության N 57-Ն որոշումը էկոթողքը համարվում էր բազմամյա ձմեռային ժամանակաշրջանում առավել նվազագույն ելքեր ունեցող10 իրար հաջորդող օրերի միջին ելքը: Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ կառավարության որոշման մակարդակով ՓՀԷԿ-երն իրավունք ունեին նվազագույն էկոթողք ապահովել գետի համար և ավելի շատ ջրառ իրականացնել, անգամ այս պարագայում էկոթողքը չէր պահպանվում: Գետի ամբողջ ջուրը մտնում էր ՓՀԷԿ-ի դերիվացիոն խողովակի մեջ, և գետը ցամաքում էր` առաջացնելով բազմաթիվ էկոլոգիական խնդիրներ: ՄԱԶԾ/ԳԷՀ աջակցությամբ ԷկոԼուրի` ՀՀ բնապահպանության նախարարության հետ համատեղ իրականացրած փոքր ՀԷԿ-երի ոլորտի բարեփոխումներին միտված ծրագրերի արդյունքում պարզվեց, որ ՓՀԷԿ-երը ամենափոքր չափի էկոթողքը կառավարում են ձկնանցարանների միջոցով և հնարավորություն ունեն ամբողջությամբ փակել ձկնանացարանների մուտքը և ջուրն ուղղել խողովակ:
էկոթողքի վերահսկման առցանց համակարգերի տեղադրման մասին
« Ջրօգտագործման թույլտվության տրամադրման կարգը, վիճակը բավականին թերացված է, հնացված է, որը հիդրոելեկտրակայանների տնտեսվարողների մոտ մեծ խնդիրներ է առաջացնում։
… ՋԹ-ներ են տրամադրվում՝ մեկին տալիս են էկոթողքը 1,5լ/վ, նույն գետի վրա ընդամենը 100 մետրի սահմաններում մյուսին տալիս են 3լ/վ էկոթողք»:
Նշենք, որ ջրային տնտեսական հաշվարկների տվյալները հնացել են, հիդրոլոգիական տվյալները անբավարար են, և ՓՀԷԿ-երի նախագծերը հաճախ մշակվում են սխալ ջրատնտեսական հաշվարկների վրա:
Սեպտեմբեր 28, 2018 at 17:17
