«Եթե խարդախություն է տեղի ունեցել, տուժողը սպառող բնակիչն է». փորձագետ Արամ Գաբրիելյանը՝ «Ջրաձոր» ՓՀԷԿ-ի գործի մասին

«Եթե խարդախություն է տեղի ունեցել, տուժողը սպառող բնակիչն է». փորձագետ Արամ Գաբրիելյանը՝ «Ջրաձոր» ՓՀԷԿ-ի գործի մասին

ԷկոԼուր

Ս.թ. հուլիսի 29-ին Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում քննարկվեց «ԱՆԻ» ԲԲԸ-ի նկատմամբ տուգանք կիրառելու, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2009 թվականի հուլիսի 15-ի №375Ա և 2019 թվականի մայիսի 29-ի №160Ա որոշումներում փոփոխություններ կատարելու և «Ջրաձոր» փոքր հիդրոէլեկտրակայանից առաքված էլեկտրական էներգիայի դիմաց կատարված վճարումների վերահաշվարկ կատարելու մասին որոշման նախագիծը:

Նախագծով նախատեսվում է «ԱՆԻ» ԲԲԸ-ի նկատմամբ կիրառել 1 մլն դրամի տուգանք և ապահովել ընկերության կողմից ՀԷՑ-ին պատճառած 400 միլիոն դրամ վնասի վերադարձը:

ՀԾԿՀ-ն «Ջրաձոր» փոքր հիդրոէլեկտրակայանից առաքված էլեկտրական էներգիայի դիմաց կատարված վճարումների վերահաշվարկ էր կատարել և հիմնավորել, որ ՀՀ կառավարության 2017 թվականի ապրիլի 13-ի №372Ա որոշման համաձայն՝ 2017 թվականի մայիսի 24-ին կազմված հանձնման ընդունման ակտով՝ «ԱՆԻ» ընկերությանն է փոխանցվել «Գեաձև ջրանցք ջրաչափական դիտակետով», իսկ պատվարը, ինչպես նաև ջրանցքի գլխամասային հիմնական 5 կառուցվածքները չեն փոխանցվել Ընկերությանը և հանդիսանում են պետական սեփականություն: Իսկ ընկերությունն այն օգտագործել է, ինչն էլ էներգիայի սակագնի փոփոխության հարցում դեր է ունեցել։

Ըստ նախագծի՝ ընկերությունը 2017 թվականի հունիսի 17-ից մինչև 2019 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ընկերությանը Կայանից առաքված էլեկտրական էներգիայի դիմաց ավել է վճարվել շուրջ 400 միլիոն դրամ (առանց ավելացված արժեքի հարկի), այդ չափով բաշխման ցանցի՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի մոտ առաջացնելով վնաս, որը, համաձայն գործող կարգավորումների, ներառվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագնում։

Ըստ 168.am -ի, նիստը հետաձգվել է, ընկերությունը միջնորդել է դիմել կադաստրի պետական կոմիտեին՝ պարզաբանում ստանալու համար:

Փորձագետ Արամ Գաբրիելյանը հանձնաժողովի նիստի վերաբերյալ ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այն, որ հանձնաժողովը իր բաժին մեղավորությունն ունի տեղի ունեցածի համար, ակնհայտ է: Դրա պատճառով էլ «ԱՆԻ» ՍՊԸ-ն կարողանում է վրա տալ: Թե ո՞վ է խարդախության հիմնական հարուցողը, գործող օրենսդրական դաշտում դժվար է հասկանալ:Կենտրոնացել էին գլխամասային ջրընդունիչ հանգույցի պատվարի պատկանելիության վրա: Առաջին հայացքից կարող է թվալ, թե դա ամենակարևոր հարցը չէ, սակայն պատվարի ու գլխամասային հանգույցի նկատմամբ սեփականության իրավունքը կարևոր է, քանի որ դա հիմքեր է տալիս ՓՀԷԿ-ը «ոռոգման համակարգի վրա կառուցվածի» կարգավիճակից փոխանցելու «բնական ջրահոսքի վրա կառուցվածների» կարգավիճակի տակ՝ բարձր սակագնով էլ. էներգիան ՀԷՑ-ին վաճառելու համար, ինչը և տեղի է ունեցել:

Բնակչի համար կարևոր մասը այստեղից է սկսվում և հարցեր են առաջանում.
1.Եթե խարդախություն է տեղի ունեցել, ապա տուժողը ոչ թե ՀԷՑ-ն է, այլ էլ. էներգիան սպառող բնակիչը: Այդ դեպքում ինչու՞ է հանձնաժողովն առաջարկում փոխհատուցել ՀԷՑ-ի կրած «վնասը»,

2. Ո՞վ է մեղավորը, որը պետք է վճարի, եթե ՀՀ կառավարությունն իր գերատեսչություններով հանդերձ (յուրաքանչյուրն իր լիազորությունների մասով) թույլ են տվել այս գործարքն իր հետևանքներով:

Իրավական պատասխանը հետևյալն է. տուժողը սպառող բնակիչն է, ուստի նա էլ պետք է ստանա փոխհատուցումը: Իսկ վճարողները պետք է լինեն նրանք, ովքեր օգտվել են գործարքի հետևանքով առաջացած գերշահույթից:

Իսկ բնապահպանների մոտ մի լրացուցիչ հարց էլ է առաջանում. ո՞վ է թույլ տվել պատվարել գետի հունը, եթե ՀՀ ջրային օրենսգրքով (հոդված 32) դա արգելված է»:

Օգոստոս 12, 2019 at 16:07


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր