

ԷկոԼուր
Պետության կարիքների ապահովման նպատակով ձեռք բերվող էներգասպառող արտադրանքները պետք է ապահովեն էներգաարդյունավետության սահմանված պահանջները:
Ս.թ. մարտի 18-ին ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց և դրական եզրակացություն տվեց կառավարության հեղինակած «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրինագծին:
Օրենքի փոփոխություններով կառավարությունն առաջարկվում է պետական գնումների համակարգով ձեռք բերվող էներգասպառող ապրանքատեսակների համար սահմանել էներգաարդյունավետության պարտադիր չափորոշիչներ:
Ըստ փաստաթղթի հիմնավորման՝ էներգաարդյունավետության պարտադիր պահանջների սահմանումն ուղղված է պետական միջոցների արդյունավետ կառավարման բարձրացմանը, պետության կողմից էներգախնայողության և էներգաարդյունավետության խթանմանը, ինչպես նաև էլեկտրական էներգիայի` անընդհատ աճող պահանջարկի բավարարման համար անհրաժեշտ՝ էներգահամակարգի պահանջվող դրվածքային հզորության կրճատմանը:
Օրինագծի ընդունմամբ ակնկալվում է.
- պետության կողմից սեփական օրինակով էներգաարդյունավետ տեխնոլոգիաների տարածման խրախուսում ու սպառողների լայն զանգվածներին դեպի էներգաարդյունավետ ապրանքատեսակների ձեռք բերման ուղղորդում,
- պետական կարիքների ապահովման նպատակով ձեռքբերվող ապրանքատեսակների էներգաարդյունավետության պահանջների սահմանում,
- պետական գնումների շրջանակներում ձեռքբերվող սարքերի նկատմամբ պետական միջոցների տնտեսում երկարաժամկետ հատվածում,
- ԵԱՏՄ համապատասխան տեխնիկական կանոնակարգի ներդրման հետ կապված մարտահրավերներին դիմակայելու պատրաստականություն,
- ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստանձնած պարտավորությունների մի մասի՝ կարգավորումների ներդաշնակեցման վերաբերյալ դիրքորոշման հստակեցում:
Մարտ 19, 2020 at 16:48
