«Էրիկ» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

«Էրիկ» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

ԷկոԼուր

«Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբը այցելեց «Էրիկ» փոքր ՀԷԿ: «Էրիկ» փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Գեղարքունիքի մարզի Գետիկ համայնքի վարչական տարածքում` Գետիկ գետի վրա (երկարությունը 58կմ): ՓՀԷԿ-ը շահագործում է «Էրիկ ՀԷԿ» ՍՊԸ-ն:

Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.

  • ՓՀԷԿ-ը շահագործման է հանձնվել 2010թ-ին:
  •  Ըստ նախագծի` ՓՀԷԿ-ի ստատիկ ճնշումը 102.6մ է, հաշվարկային ճնշումը` 89.1 մ, ՓՀԷԿ-ի կողմից օգտագործվող հաշվարկային ելքը՝ 3.0մ3/վ, դրվածքային հզորությունը  2026կՎտ է: Էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը, ըստ ՀԾԿՀ-ի տեղեկանքի, 5.37266 մլն.կՎտ.ժամ է, հաշվարկային արտադրությունը, ըստ նախագծի, 7.04 մլն.կՎտ.ժամ, լիցենզիայի ժամկետը` 28.07.2010- 28.07.2025թթ., Ջրօգտագործման թույլտվության ժամկետը (ՋԹ)` 29.09.2011-29.09-2014թթ.:
  • «Էրիկ» ՓՀԷԿ-ի գլխամասային հանգույցն իրենից ներկայացնում է ցածր ճնշումային թեթևացված կոնստրուկցիայով պատվար, ջրընդունիչով տղմազտարան, բետոնից կառուցված ձկնուղի:
  • Ձկնուղին ունի 11.2 մ երկարություն եւ 1.20 մ լայնություն: Այն կազմված է 5 առանձնացված՝ 170 սմ երկարություն ունեցող  հատվածներից, որոնք իրար միացած են 20 սմ լայնությամբ և մոտ 25 սմ բարձրությամբ ճեղքերով: Ձկնուղին լիարժեք չի կարող ապահովել գետում բնակվող ձկների բնականոն տեղաշարժը:
  • Բացակայում է ձկնապաշտպան ցանցը: Այն նախագծով նախատեսված է եղել:
  • Գետիկի վերին հոսանքում, որտեղ կառուցված է ՓՀԷԿ-ի գլխամասը, կարող են հանդիպել հետևյալ տեղաբնակ ձկնատեսակները՝ կարմրախայտ Salmo fario, Կուրի բեղլու Barbus cyri,  Սևանի կողակ Capoeta sevangi /, գրանցված է ՀՀ կենդանիների Կարմիր գրքում/, արևելյան տառեխիկ Alburnoides eichwaldii : Հնարավոր է նաև ծիածանախայտի Parasalmo mykiss պատահական ներթափանցումը Գետիկի ափերին գտնվող ֆերմերային ձկնային տնտեսություններից:
  • Ջրառ հանգույցի գետահատվածում հակասանիտարական վիճակ էր։ Գետի վարարման հետևանքով բավականին մեծ քանակությամբ  տարբեր տեսակի աղբ էր կուտակվում աղբապահ ճաղավանդակներում: Ագրեգատների կանոնավոր աշխատանքն ապահովելու համար շահագործող անձնակազմն անմիջապես ճաղավանդակները մաքրում էր աղբից և գցում գետը։
  • Հաշվի առնելով, որ բնակավայրերից կեղտաջրերն առանց մաքրվելու լցվում են գետը,  ապա սակավաջրության պայմաններում գետի ջրի աղտոտվածության մակարդակը բարձրանում է, ինչը վտանգ է ներկայացնում գետի կենսաբազմազանության և բնակիչների համար։
  • Դերիվացիոն խողովակաշարի երկարությունը, նախագծին համապատասխան, 200 մ և 1850մ է, տրամագիծը՝ 1400 մմ սկզբում, ապա` 1200 մմ: Այն անցնում է ճանապարհի եզրով, լանդշաֆտը խախտված չէ։ Ճնշումային խողովակաշարի անցկացման տարածքներում  իրականացվել են  տարածքների վերականգնման համապատասխան միջոցառումներ, նկատելի է բուսածածկի առկայություն:
  • Գետիկ գետի վրա կառուցված «Էրիկ» (ըստ նախագծի՝ դերիվացիայի երկարությունը 200 մ և 1850մ մ), «Գետիկ 1»  (ըստ նախագծի՝ դերիվացիայի երկարությունը 7260մ), «Գետիկ 4» (ըստ նախագծի՝ դերիվացիայի երկարությունը 5200մ)  ՓՀԷԿ-երի դերիվացիայի գումարային երկարության (14510մ) տոկոսային հարաբերությունը Գետիկ գետի երկարության հետ կազմում է 25.01%:
  • Ջրօգտագործման թույտվության համաձայն՝ ՓՀԷԿ-ը գետից տարվա 12 ամիսների ընթացքում կարող է վերցնել 36168.0 հազար խմ ջուր՝ գետում թողնելով 0.07 մ3/վ բնապահպանական թողք: Բնապահպանական թողքը 70լ/վրկ է, ինչը չափազանց փոքր է Գետիկ գետի և շրջակայքի էկոհամակարգի նորմալ կենսագործունեության համար։ Հատկապես սակավաջուր ամիսներին  խողովակաշարի 2 կմ երկարությամբ հատվածում գետը կարող է ջրազրկվել։ Բնապահպանական թողքը հնարավոր չէ հսկել, քանի որ գլխամասում  բնապահպանական թողքը չափելու համար ջրաչափական սարք տեղադրված չէ: Կա ջրաչափական ձող, որը տեղադրված է կայանի շենքի հեռացնող ջրանցքի վրա:
  • «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալներով՝ «Էրիկ» ՓՀԷԿ-ը 2014թ-ին աշխատել է 12 ամիս՝ արտադրելով 3351532 կՎտ էլեկտրաէներգիա:
  • ՓՀԷԿ-ի գործունեությունը մասնակի ավտոմատացված է, ինչը չի ապահովում լիարժեք օպտիմալ շահագործում։
  • ՓՀԷԿ-ի շենքի տարածքում նախագծին համապատասխան իրականացվել էին կանաչապատման և բարեկարգման բավարար միջոցառումներ: Տրանսֆորմատորները կահավորված էին յուղորսիչներով:
  • «Էրիկ» ՓՀԷԿ-ին մոտ են հետեւյալ ԲՀՊՏ-ները՝ «Դիլիջան» ազգային պարկ, «Գետիկի» արգելավայր, Ճամբարակի անտառտնտեսություն:
  • «Էրիկ» ՓՀԷԿ-ն ունի 8 աշխատակից։

Առաջարկություններ

  • Ուսումնասիրել, թե ՋԹ-ով տրված 0,07 մ3/վ բնապահպանական թողքը բավարար է արդյոք տվյալ գետի և շրջակա բնական էկոհամակարգերի  նորմալ կենսագործունեության համար:
  • Հավաքված աղբը կրկին գետ չլցնելու համար ձեռնարկել համապատասխան միջոցառումներ` կազմակերպված ձևով աղբը հեռացնելու համար:
  • Վերակառուցել ձկնուղին գետում բնակվող ձկների բնականոն տեղաշարժն ապահվելու համար:
  • Տեղադրել ձկնապաշտպան ցանց:
  • Ապահովել ջրընդունիչ հանգույցը ջրաչափիչ սարքավորումով, որի միջոցով կկարգավորվի ՓՀԷԿ-ի կողմից օգտագործվող ջրաքանակը և սահմանված բնապահպանական թողքը:
  • Ապահովել բնապահպանական թողքի առցանց վերահսկում: 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

«Էրիկ» փոքր ՀԷԿ-ը սակավաջուր ամիսներին։ Լուսանկարները՝ Լեւոն Գալստյանի։

 
 

Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:



Մայիս 25, 2015 at 16:51


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր