Մարտունու բնակիչը փոքր ՀԷԿ-ի մասին. «Ձկնուղու անցքի մեջ մի փալաս են մտցնում գիշերը, դա էլ են կուլ տալիս խողովակի մեջ»

Մարտունու բնակիչը փոքր ՀԷԿ-ի մասին. «Ձկնուղու անցքի մեջ մի փալաս են մտցնում գիշերը, դա էլ են կուլ տալիս խողովակի մեջ»

ԷկոԼուր

ԷկոԼուրը «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության  նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում ներկայացնում է ՓՀԷԿ-երի ազդեցության գոտում գտնվող համայնքների բնակիչների կարծիքները ՓՀԷԿ-երի գործունեության վերաբեյալ:

Ներկայացնում ենք ՓՀԷԿ-երի ազդեցության գոտում գտնվող Գեղարքունիքի մարզի Մարտունի գետամերձ համայնքի բնակչի կարծիքը:

«Այսօր մենք խեղդվում ենք, գարշահոտություն է, շրջանի կանալիզացիան մեջն է: Այնտեղ, որտեղից ջուրը մտնում է խողովակը, գնում մտնում է գեներատորը, այդ մասում պետք է ջրափոխություն անեն գոնե երեք օրը մեկ, իսկ ամառվա ամիսներին ընդհանրապես պետք է  դադարեցնեն: Էլ չեմ ասում, որ դպրոցի քթի տակ է: Մարդիկ, ովքեր թույլտվություն են տվել, նրանց պետք է պատասխանատվության կանչեն: Վաղը, մյուս օրը այստեղ խոլերա կլինի, կտանեն կկոծկեն, մեկի վզին կփաթաթեն, էս անմեղ երեխեքը կգնան հիվանդանոցներում կտառապեն, մենք էլ հետները: Ինչի՞ս է պետք ՀԷԿ-ը, ի՞նչ է տալիս գյուղին:

Իմ գառները, անասունները քշեց տարավ: Ինձ անամոթի նման ասում են՝ ապացուցի: Ես էդ ձորի մեջ ո՞ւմ ապացուցեմ, սելավը, տիղմաջուրը եկավ, քշեց տարավ:

Մարդիկ սարքեցին, լավ են արել, սարքել են, գոնե բարի եղեք՝ նորմալ շահագործեք, տակից գլուխ կոպիտ խախտումներով է: Ջուրը կտրում են, ձկնուղի կա, պետք է այնտեղով ջուր գնա, որ ձուկը շարժ անի, այնտեղով անգամ օձը չի կարող անցնի, ջուր չկա որովհետեւ: Ձկնուղու անցքի մեջ մի փալաս են մտցնում գիշերը, դա էլ են կուլ տալիս խողովակի մեջ: Եթե ես չխոսամ, ընդհանրապես կցամաքի այստեղ: Իմ ղազերը, սագերը գնում են գետը, ջուր չկա, որ լողանան: Ամառը որ ասեն մի դույլ ջուր վերցու, չես կարող: Հիմա մենք ասում ենք՝ նորմալ շահագործեք, գոնե շաբաթը մի անգամ այդ ջուրը բաց թողնեն, տակը կես մետր տիղմա, կեղտ:

Ես որսորդական հրացանը վերցրել եմ, գնացել եմ թուրքի դեմը, պահեմ, որ այսօր ինձ այս գարշահոտությունը ասեն շնչի: Դա  է մեզ վառում: Մարդը փող է ծախսել, պետք է  աշխատացնի, բա ինչ պետք է անի, բայց նորմալ թող լինի, մի քիչ էլ ջուր թողնի: Ձուկ չկա, վերջացել է, գոնե մեր անասունը ջուր խմի այդտեղից»,- ասաց Մարտունի համայնքի բնակիչը:



Հունիս 09, 2015 at 18:11


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր