«Հերմոն» փոքր ՀԷԿ՝ մոնիտորինգի արդյունքներ

«Հերմոն» փոքր ՀԷԿ՝ մոնիտորինգի արդյունքներ

ԷկոԼուր

«Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբը այցելեց «Հերմոն» փոքր ՀԷԿ: «Հերմոն» փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Վայոց ձորի մարզի Հերմոն համայնքի վարչական տարածքում` Այսաս գետի վրա (գետի երկարությունը՝ 12 կմ): ՓՀԷԿ-ը շահագործում է «Էլեգիս ՀԷԿ» ՍՊԸ-ն:

Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.

  • Ջրօգտագործման թույլտվության մեջ նշված ջրառի եւ ջրահեռացման կոորդինատները  չեն համապատասխանում իրական կոորդինատներին։ 
  • Ջրառի եւ ջրթողի կետերում ջրաչափական դիտակետեր չկան։
  • Ազատ ջրօգտագործման պահանջները կատարվում են։ 
  • Բնապահպանական թողքն ըստ ջրօգտագործման թույլտվության սահմանված է 0.1մ3/վ: Սակայն գլխամասային հանգույցում  կառուցված է  ջրավազան, որտեղից ջուրը թափվում է  գետ, իսկ աջակողմյան հատվածում լցվում է   ճնշումային խողովակաշար, որը թաղված տիպի է:  Ջրսակավ ժամանակահատվածում անհնար է առանց չափման սարքերի իրականացնել բնապահպանական թողքի հսկողություն: Ակնհայտ է, որ սակավաջուր շրջանում գետը ենթարկվելու է ջրազրկման:
  • Լանդշաֆտը խախտվել է. ջրառի կետում կառուցված է մոտ 10 մ բարձրությամբ պատվար, որով փակվել է գետի հունը և առաջացել է արհեստական լճակ։
  • Բետոնի անորակ լինելու հետևանքով շահագործման յոթ-ութ տարիների ընթացքում այն քայքայվել է, ամրանները /արմատուրան/ բացվել են: Բետոնի քայքայման  գործընթացը շարունակվում է, ինչը վտանգ կարող է հանդիսանալ պատվարի կայունության համար:
  • ՓՀԷԿ-ի գլխամասում բացակայում է ձկնանցարան այն հիմնավորմամբ, որ  Եղեգիսի Այսաս  վտակի այդ հատվածում ձկներ չեն բնակվում: Դա բացատրվում է վտակի վրա մոտ 9-10 մ բարձրությամբ բնական ջրվեժների  առկայությամբ:
  •  Գետակը կարմրախայտի բնակությանը բնորոշ հատկանիշներ ունեցող ջրակալ է, որը ինչպես կարմրախայտի, այնպես էլ մյուս ձկների առկայության մասին լրացուցիչ ուսումնասիրությունների կարիք ունի: Հայտնի է, որ կարմրախայտը կարող է հաղթահարել բավական բարձր ջրվեժներ /օրինակ՝ Շաքի ջրվեժը, որն ունի 12 մ բարձրություն/: Ձկների հայտնաբերման դեպքում անհրաժեշտություն կառաջանա գլխամասում ձկնանցարան կառուցել:
  • Տեղադրված են հայկական և ռուսական արտադրության Պելտոն տիպի ագրեգատներ: Ագրեգատների աղմուկը զգալի է, սակայն կանաչապատ մակերեսները մեղմացնում են աղմուկի տարածումը շրջակա միջավայր` այդ թվում տարածքի հարևանությամբ գտնվող հանգստի գոտու տարածք:
  • Սարքավորումները գտնվում են անմխիթար վիճակում, ջուր են բաց թողնում։
  • Տրանսֆորմատորի տակ բացակայում է յուղորսիչ։
  • Կենցաղային թափոնների հեռացում չի կատարվում:
    Այսաս գետի վրա կառուցված «Հերմոն» եւ «Նանե» ՓՀԷԿ-երի դերիվացիայի երկարության տոկոսային հարաբերությունը գետի երկարության հետ կազմում է 49.96%:
  • «Հերմոն» ՓՀԷԿ-ը Եղեգնաձորի պետական արգելավայրից գտնվում է 0,2-2,5 կմ հեռավորության վրա:
  • ՓՀԷԿ-ի տարածքը բարեկարգված, ցանկապատված և կանաչապատված էր:
    Վերջին երեք տարում բնապահպանական տեսչությունը ՓՀԷԿ-ում ստուգումներ չի իրականացրել:
  • ՓՀԷԿ-ում աշխատում է 10 հոգի:

 Առաջարկություններ

  • Անհրաժեշտ է տեղադրել ջրաչափական սարք և հսկել բնապահպանական թողքը:
  • Անհրաժեշտ է անհապաղ իրականացնել պատվարի վերականգնման աշխատանքներ:
  • Անհրաժեշտ է ձկների հայտնաբերման դեպքում գլխամասում ձկնանցարան կառուցել:
  • Անհրաժեշտ է իրականացնել սարքավորումների վերազինում:
  • Անհրաժեշտ է տրանսֆորմատորի տակ տեղադրել յուղորսիչ:
  • Անհրաժեշտ է պարբերաբար իրականացնել կենցաղային աղբի հեռացում:

Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 




Հուլիս 02, 2015 at 12:55


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր