

ԷկոԼուր
Ծովի մակարդակից 2020 մ բարձրության վրա գտնվող Շիրակի մարզի Գառնալիճ գյուղը չի մշակում իր վարելահողերը: Այս մասին ԷկոԼուրի հետ զրույցում ասաց Գառնալիճի համայնքապետ Վանիկ Մանուկյանը: Պաշտոնական տեղեկատվության համաձայն` Գառնալիճի վարելահողերը 251 հա են: «Եղանակը ցուրտ է, կարկտահարությունը շատ հաճախ է լինում, կարկտահարներ չունենք, տեխնիկա չունենք այստեղ: Գյուղում ոռոգման համակարգը չի գործում, Սովետական Միության ժամանակ էլ չի եղել», - ասաց Վանիկ Մանուկյանը: Ըստ նրա` Գառնալիճում մշակում են միայն տնամերձերը, կարտոֆիլ են աճեցնում: Գառնալիճի վարչական տարածքում գործող փոքր ՀԷԿ-ը, համայնքապետի խոսքերով, իրենց ոռոգմանը չի խանգարում: «Ջրի համակարգը մեր տեղական բասեիներն են, որ ապահովում են գյուղը շուրջօրյա ջրամատակարարմամբ: Խմելու ջրի խնդիր չունենք, բոլորն իրենց տներում ունեն ջուրը շուրջօրյա, որից նաև ձմռանը տալիս են իրենց անասուններին»:
Հարցին՝ իրականացվել են արդյոք փոքր ՀԷԿ-ի կողմից սոցիալական ծրագրեր համայնքի համար, Վանիկ Մանուկյանը պատասխանեց. «Ոչ ազդեցություն կա, ոչ սոցիալական հարաբերություն: Հարաբերությունները զուտ գործնական են, վարձավճարն է հողի` տարեկան մոտ 50 հազար դրամ: Նաև գյուղից 4 մարդ է աշխատում ՀԷԿ-ում, 4 ընտանիք աշխատանք ունի»:
Գառնալիճում հիմնական զբաղմունքն անասնապահությունն է: «Ընդհանուր գլխաքանակը մոտ 1470 է, 870-ը` մանր եղջերավոր, հիմնականում` ոչխար», - ասաց Գառնալիճի համայնքապետը:
Ցրտաշունչ ձմեռների պատճառով գառնալիճցիները լքում են գյուղը, բայց մեկնում են ոչ թե արտերկիր, այլ Հայաստանի տաք մարզեր, օրինակ` Արմավիր: Այս տարի գյուղը լքել է 3 ընտանիք:
«Ձյուն մաքրող մեքենան գալիս է, հետ է վերադառնում, եթե հետևից կես ժամ ուշ դուրս գաս, ճանապարհն անմիջապես կփակվի: Մի տրակտոր ունենք, 911 է աշխատում. 4 հղի կնոջ տարել է Ղուկասյան, Աշոցք, ունեցել են: Թեթև քամուց այստեղ ահավոր բուք է: Ճանապարհները բացում են, բայց բուքը կարող է շարունակվել 4 օր անդադար: Ընդհանրապես, նոյեմբերից արդեն ձմեռ է մինչև մայիս»,- Գառնալիճի ձմեռը նկարագրեց տեղի բնակիչը:
Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում:
Օգոստոս 20, 2015 at 16:38