Դեբետի բնակիչները ՓՀԷԿ-ից ակնկալում են լուսավորել գյուղը

Դեբետի բնակիչները ՓՀԷԿ-ից ակնկալում են լուսավորել գյուղը

ԷկոԼուր

Լոռու մարզի Դեբետ գյուղը գտնվում է Գուգարքի անտառների փեշին: Գյուղի միջով հոսում է Փամբակի աջ վտակը` Չանախչին, որը հայտնի է  նաեւ Ալարեքս անվամբ: 1997թ-ից  գետի վրա փոքր ՀԷԿ է գործում: ՓՀԷԿ-ի կայանը  Դեբետ գյուղի ծայրին է, իսկ ջրառ հանգույցը անտառի մեջ: ԷկոԼուրի հարցին, թե ինչ սոցիալական ծրագրեր է ՓՀԷԿ-ն անում գյուղի համար, ՓՀԷԿ-ի տնօրենը պատասխանեց «Դպրոցին ենք օգնում, ամեն տարի օգոստոսին իմանում ենք, քանի առաջին դասարանցի ունեն, նրանց համար, պայուսակներ, գրիչներ տետրեր, սպորտային հագուստ ենք գնում: Գումար ենք հատկացնում գյուղապետարանին գյուղի ներսը լուսավորելու համար»:

Նույն հարցին  Դեբետի բնակիչները այլ կերպ պատասխանեցին.

-Համենայն դեպս գյուղին ոչ մի օգուտ չկա դրանից, դա առաջին հերթին, ջուրը սակավացելա, ու էն, որ սկզբից ասում էին` գյուղին գոնե անվճար փողոցները լույս կտան, ոչ մի բան գյուղին չկա դեռ դրանից:

ԷկոԼուր.  

- Իրենք ասում են, որ փող են տալիս գյուղապետարանին, որ գյուղի ներսում լուսավորություն լինի:

Բնակիչ.

- Քանի տարի է, ՓՀԷԿ-ը աշխատում է, ինչի՞ չկա, եթե իրենք գյուղապետարանին տալիս են: Գոնե լուսավորություն լինի:  

ԷկոԼուր.  

 – Գետում ձուկ կա՞:

Բնակիչներ.

 – Այո, կարմրախայտ, մուրծի, իշխան:… Որոշ չափով, մանր մունր, առաջվա համեմատ հիմա չի երևում:

ԷկոԼուր.  

-Գետի սանիտարական վիճակն ինչպե՞ս կգնահատեք:

Բնակիչ.

-Կարելի է ասել` աղտոտված է: Վերևը իրենք ջրամբար ունեն, մաքրելու ժամանակ, թողնում են ջուրը, գետը պղտորվում է, հետո մաքրվում է:

ԷկոԼուր.  

-ՓՀԷԿ-ը ոռոգմանը խանգարո՞ւմ է:

Բնակիչներ.

-Ոչ, չի խանգարում… Ընդհանրապես այստեղ ոռոգման ջուր չունենք: Մերն առանձին աղբյուր է, խմելու ջուրը կրում ենք, բերում:

 ԷկոԼուր.  

-Ի՞նչ առաջարկ կանեիք, ինչ կուզեիք, որ Ձեզ համար ՓՀԷԿ-ն անի:

Բնակիչներ.

- Մեր գյուղի լուսավորությունը գոնե: … Լավ կլինի, ձեռք բռնեն, մի լավ բան ստեղծեն, մի լավ բան չկա էս գյուղը: Մի հատ կազմակերպիչ չկա, մի հատ հիվանդանոց սարքեն: Աստված ոչ անի, որ մեռնենք, մի հատ հիվանդանոց չկա մեր գեղը: Բուժկետ կա, գնում ես, աղաչում ես, որ մի հատ սրսկեն, ճամփու դնեն:

Բնակիչներից մեկն էլ, ում տունը ամենից մոտն է ՓՀԷԿ-ի կայանին, ասաց, որ ինքը ուրախ է, որ իրենց համայնքում ՓՀԷԿ է գործում, նա չդժգոհեց ՓՀԷԿ-ի աշխատանքի արդյունքում առաջացող աղմուկից` նշելով, որ կարեւորը գյուղում  աշխատատեղ է ստեղծվել: ՓՀԷԿ-ում աշխատում է 13 մարդ:  

Նշենք, որ գետում ջրի պակասելը ՓՀԷԿ-ի հետ կապ չունի, քանի որ ՓՀԷԿ-ը ջուրը գետ է վերադարձնում, բնակելի տներից շատ ավելի վերեւ ընկած հատվածում: Սակայն ՓՀԷԿ-ի տնօրենն էլ նշեց, որ ջրային հոսքերը նվազել են: «Վերջին մի 4-5 տարում մոտավորապես 40 տոկոս մեր մարզում գետերի ջրի հոսքերը նվազել է»,- ասաց նա` նշելով, որ առաջացել է ՋԹ-ի տվյալների վերանայման անհրաժեշտություն. «Մեզ տրված է տարեկան 28 միլիոն 500 հազար խմ ջուր օգտագործել, բայց մաքսիմում մենք օգտագործել ենք 13-13,5: Սա կարելի է ավելի կոնկրետացնել: Ես էլ ուրախ կլինեմ, որ ջուր լինի, երեք տուրբինն էլ աշխատի»,-ասաց ՓՀԷԿ-ի տնօրենը:

Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում:



Սեպտեմբեր 01, 2015 at 11:31


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր