Շաքիի բնակիչներ. «Խաչբառի մեջ որ կա՝ չորացած ջրվեժ Սյունիքի մարզում, լրացնում ենք Շաքի»

Շաքիի բնակիչներ. «Խաչբառի մեջ որ կա՝ չորացած ջրվեժ Սյունիքի մարզում, լրացնում ենք Շաքի»

ԷկոԼուր

ՀՀ Սյունիքի մարզում գտնվող Շաքի գյուղը հնուց ի վեր հայտնի է իր քաղցրահամ ջրերով։ Գյուղից սկիզբ է առնում Շաքի գետը, որի վրա գտնվում է Շաքիի ջրվեժը, իսկ ջրվեժի վրա կառուցված է փոքր ՀԷԿ:

Շաքիի ջրվեժը եղել է Շաքի գյուղի հպարտությունը և այստեղ է բերել բազմաթիվ զբոսաշրջիկների, սակայն այժմ գյուղացիները ամաչում են հյուրերին ցույց տալ իրենց ջրվեժը: «Մեր գեղեցիկ Շաքի ջրվեժը, որը մեծ համբավ է ունեցել սովետական ժամանակաշրջանում, այսօր չկա, ցամաքել է ՀԷԿ-ի շահագործման նպատակով», - ԷկոԼուրի հետ զրույցում ասաց Շաքիի գյուղապետարանի աշխատակիցը՝ նշելով, որ փոքր ՀԷԿ-ը գյուղի սոցիալական վիճակի և ոռոգման վրա չի ազդում, սակայն ազդեցություն է ունենում տուրիզմի վրա:

«Հյուրեր էինք ունենում, գալիս էին, ջրվեժով հիանում, հիմա գալիս են, նայում են՝ ամաչում ես...չորացածա: Իրանք (փոքր ՀԷԿ-ը) 30 տոկոս ջուրը անպայման պետք է բաց թողնեն, որպեսզի էս բնությունը չվերանա, բայց չորացնում են...էլ ձուկ էլ չմնաց, վերացավ, չկա», - բողոքեց գյուղի բնակիչը և կատակով ասաց. «Խաչբառի մեջ որ կա՝ չորացած ջրվեժ Սյունիքի մարզում, լրացնում ենք Շաքի»:

Հարցին՝ լինում է արդյոք, երբ բնակիչները տեսնում են ջրվեժը ջրով լի, գյուղացիներից մեկը պատասխանեց. «Եթե բարձրաստիճան հյուրեր ենք ունենում, տեսնում ենք ջրվեժը, թե չէ ընենց՝ չէ»:

Հետաքրքրվեցինք՝ ներկայացրե՞լ են արդյոք բնակիչները պահանջ-բողոք ՓՀԷԿ-ի ղեկավարությանը խնդրի վերաբերյալ: Ի պատասխան գյուղապետարանի աշխատակիցը ասաց. «Բազմիցս, թե ղեկավարության, թե ժողովրդի, թե առհասարակ գյուղ մտնող մարդկանց, հյուրերի կողմից: Ոչ մի փոփոխություն, հիդրոէլեկտրակայանն աշխատում է, գումար է բերում ամեն վայրկյան»:

Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում:

 
 
 


Սեպտեմբեր 07, 2015 at 14:24


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր