Ջրի խնդիր Սյունիքի Նժդեհ գյուղում (Լուսանկարներ)

Ջրի խնդիր Սյունիքի Նժդեհ գյուղում (Լուսանկարներ)

ԷկոԼուր

ՀՀ Սյունիքի մարզի Նժդեհ գյուղն (նախկինում՝ Սոֆլու) ունի 185 բնակիչ: Նժդեհը  մինչև 1988թ. բնակեցված է եղել ադրբեջանցիներով։ 1989-1992թթ. այստեղ բնակություն են հաստատել Ադրբեջանից գաղթած և Սիսիանի տարածաշրջանի բնակավայրերից տեղափոխված հայերը։ Նժդեհ գյուղը ոռոգման ջուր ստանում է Այրի գետից: Տեղի բնակչի խոսքով՝ համայնքը զրկվեց ոռոգման ջրից, երբ գետի վրա կառուցվեց փոքր ՀԷԿ:

«Գետը կտրելա ՀԷԿ-ը, տարած օգտագործում են, հլը մտի բոստանը, նայի, չորացածա: Մինչև ՀԷԿ-ի կառուցումը ջուրը բոլ-բոլա եղել», - ԷկոԼուրի հետ զրույցում ասաց Նժդեհի տարեց բնակչուհին:

Հարցին՝ տվել է արդյոք իր համաձայնությունը, երբ ՀԷԿ-ը կառուցվում էր, բնակչուհին պատասխանեց. «Ոչ մի դեպքում, մեզ ոչ էլ հարցրել են, որ համաձայնություն տանք, մենք ըսկի տեղյակ էլ չենք»: Բնակչի ցանկությունը և պահանջը մեկն է. «Ջուր լինի, մեր երեխեքին պահենք»:

Հարցի շուրջ ԷկոԼուրը զրուցեց նաև Նժդեհ համայնքի ղեկավար Գեղամ Օհանյանի հետ:

ԷկոԼուր.

- Պարոն Օհանյան, ոռոգման ջրի հարցը ինչպե՞ս է կարգավորվում Ձեր համայնքում:

Գեղամ Օհանյան. 

- Մեր համայնքը ունի երկու բնակավայր՝ գյուղ Նժդեհ և վերևի փոքր գյուղը՝ Ցողունի, որտեղ 10 ընտանիք է բնակվում:  Գյուղ Ցողունին հենց անմիջապես գետից է ոռոգվում, ոչ մի խանգարող հանգամանք չկա, իսկ գյուղ Նժդեհի ոռոգման հիմնական առուն, որ մտնում է գյուղ 200 մետր, ամեն տարի մենք վերանորոգում ենք: Համայնքը կենտրոնից հեռու է գտնվում, տեխնիկա չունենք: Տեխնիկա չունենալու պատճառով էտ առուն մենք չենք կարողանում ամեն տարի ձեռքով կարգի բերենք, մեզ տեխնիկա է անհրաժեշտ: Ժողովրդի վիճակն էլ մի քիչ նորմալ վիճակ չի, որ կարողանա փող ներդնի, հեռու տեղից մեզ տեխնիկա բերի: Խնդրել ենք մեր ՀԷԿ-ի ղեկավարությանը, մեզ ՀԷԿ-ի հենց խողովակից ուղղակիորեն մի հատ խողովակա անցկացրել մեր գյուղի մեջ, մենք բոլորս օգտվում ենք էտ ոռոգման ջրից:

ԷկոԼուր.

- Ոռոգման թեժ ամիսներին՝ հատկապես ամռան, արդյոք չի խոչընդոտում ՀԷԿ-ի աշխատանքը ոռոգմանը:

Գեղամ Օհանյան.

- Չի խոչընդոտում, որովհետև խողովակաշարը միշտ ճնշման տակ է գտնվում, ոռոգման ջուրը մեզ երբ պետք է, վինտիլը բացում ենք, ջրում ենք, ըսենցա դրվածքը դրած: Միայն ձմեռը մենք համեստություն ենք անում, փակում ենք էտ վինտիլը, որովհետև ջուրը մեզ պետք չի, նորից գարունը բացում ենք, օգտագործում ենք:

Համայնքապետ Գեղամ Օհանյանի և ՓՀԷԿ-ի ղեկավարության խոսքով՝ հողատարածքը, որի վրա կառուցված է փոքր ՀԷԿ-ը, հանդիսանում է ՓՀԷԿ-ի սեփականությունը:

 
 
 
 
 
 

Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում:



Սեպտեմբեր 09, 2015 at 11:58


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր