

ԷկոԼուր
«Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբն այցելեց «Հեղնաջուր» փոքր ՀԷԿ: «Հեղնաջուր» փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Շիրակի մարզի Գառնառիճ համայնքի վարչական տարածքում: ՓՀԷԿ-ը կառուցված է Հեղնաջուր գետի վրա (գետի երկարությունը՝ 27 կմ), հարակից է «Արփի լիճ» ազգային պարկին: ՓՀԷԿ-ը շահագործում է «Արնավար» ՍՊԸ -ն:
Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.
- ՓՀԷԿ-ը շահագործման է հանձնվել 2009թ-ին:
- Ըստ նախագծի՝ ՓՀԷԿ-ի ստատիկ ճնշումը 144.20մ է, հաշվարկային ճնշումը` 135.10մ, ՓՀԷԿ-ի կողմից օգտագործվող հաշվարկային ելքը՝ 1.2 մ3/վ, դրվածքային հզորությունը 1229 կՎտ է: Էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը, ըստ ՀԾԿՀ-ի տեղեկանքի, 2.656875մլն.կՎտ.ժամ է, հաշվարկային արտադրությունը, ըստ նախագծի, 4.01մլն.կՎտ.ժամ, լիցենզիայի ժամկետը` 05.08.2009- 05.08.2024թթ., Ջրօգտագործման թույլտվության ժամկետը՝ 11.09.2013-11.09.2016թթ..:
- ՓՀԷԿ-ը Հայաստանում վերջին տասը տարիների ընթացքում կառուցված առաջին կայանն է, որտեղ տեղադրվել է եվրոպական ստանդարտներով արտադրված եվրոպական ագրեգատ:
- Ջրօգտագործման թույլտվության մեջ նշված ՓՀԷԿ-ի ջրառի եւ ջրբացթողման կոորդինատները համապատասխանում իրական կոորդինատներին։
- Կառուցված գլխամասային հանգույցը համապատասխանում է նախագծային լուծումներին:
- Գլխամասում առկա է բետոնից կառուցված աստիճանաձև ձկնացարան, 17.50 մ երկարությամբ, 0.98 մ լայնությամբ: Առկա է 14 աստիճան, որոնց յուրաքանչյուրի բարձրությունը մոտ 30 սմ է: Աստիճանները կառուցված են փայտից: Ուշադրություն է գրավում ձկնանցարանի ստորին 3.5 մ երկարությամբ հատվածը, որը աստիճաններ չունի և դժվարանցանելի է դարձնում ձկների տեղաշարժը ձկնացարանի այդ հատվածով: Տնօրինությունը խոստացավ վերացնել այդ թերությունը և տեղադրել աստիճանավանդակներ:
- Առկա է աղբորսիչ, որի ճեղքերի միջև հեռավորությունը 3-4 սմ է: Այդ աղբորսիչի միջով 10 և ավելի սմ երկարությամբ մանրաձկները կարող են հայտնվել ՓՀԷԿ-ի խողովակաշարում:
- Ձկնապաշտպան կառույց ՓՀԷԿ-ի գլխամասում չկա:
- Հեղնաջուր գետում, որտեղ կառուցված է ՓՀԷԿ-ի գլխամասը, ձկնատեսակներից հանդիպում է միայն կարմրախայտը Salmo fario: Խնդիր է, որ պատվարի կառուցման հետևանքով ձևավորված է լճականման ջրակալ, որը կարող է նպաստավոր պայմաններ ստեղծել արծաթափայլ կարասի այստեղ ներթափանցման և կլիմայավարժման համար, ինչը ցանկալի երևույթ չէ: Մյուս կողմից, լճակում հավաքված ջուրը շատ ավելի է տաքանում ամռան և սառչում՝ ձմռան ամիսներին, ինչը նույնպես խաթարում է կարմրախայտի, որպես գետային կենսաձև վարող տեսակի, բնականոն միգրացիաները և կենսակերպը:
- Բնապահպանական թողքը Ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված է 0.03խմ/վ: Ըստ ՋԹ-ի՝ ՓՀԷԿ-ը կարող է ողջ տարվա ընթացքում իրականացնել 37843.2 հազար խմ-ի ջրառ:
- «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալներով` 2014թ-ին «Հեղնաջուր» ՓՀԷԿ-ը աշխատել է 12 ամիս եւ արտադրել է 2002626 կՎտ էլեկտրաէներգիա:
- Դերիվացիոն խողովակաշարի տրամագիծը ու երկարությունը համապատասխանում է նախագծին, երկարությունը՝ 3471մ է, տրամագիծը՝ 1020մմ: Այն ամբողջովին թաղված է, և կատարված է ռեկուլտիվացիա:
- Հեղնաջուր գետի վրա կառուցված «Հեղնաջուր» ՓՀԷԿ-ի դերիվացիայի երկարության (ըստ նախագծի խողովակաշարի երկարությունը՝ 3471մ) տոկոսային հարաբերությունը գետի երկարության հետ կազմում է 12.85%:
- Կայանում տեղադրված են որակյալ եվրոպական սարքավորումներ՝ ամբողջովին ավտոմատ կառավարման համակարգով։ Տուրբինը չեխական է` Crossflow տիպի, որը սկսում է աշխատել ջրի նույնիսկ 10 % ապահովության դեպքում: Գեներատորը գերմանական արտադրության է։ Տեղադրված է 1 ագրեգատ՝ նախագծով նախատեսված 2-ի փոխարեն, ունեն թույլատրող փաստաթուղթ։
- ՓՀԷԿ-ի տրանսֆորմատորային ենթակայանը ցանկապատված է: Տեղադրված է 1 տրանսֆորմատոր, որը կահավորված է յուղահավաք համակարգով:
- Կենցաղային կեղտաջրերի հեռացման համար կա բիոզուգարան:
- Ազատ ջրօգտագործման պահանջը կատարվում է:
- Լանդշաֆտի խախտում, սողանքային երեւույթներ չկան:
- Համապատասխան բնապահպանական մարմնի կողմից կնքված ջրաչափ ջրառում չկա: Հաջորդ տարի նախատեսում են տեղադրել ուլտրաձայնային սարքավորում:
- Կայանային հանգույցում գործում է ավտոմատ կառավարման համակարգ:
- Ջրառում կան կարգավորման սարքավորումներ, որոնք որոշ տվյալներ են փոխանցում կայան։
- 2015թ-ին բնապահպանական տեսչությունը ստուգումներ է անցկացրել ՓՀԷԿ-ում, նշանակվել է 200 հազար դրամի վարչական տուգանք, շրջակա միջավայրին պատճառվել է 594 հազար դրամի վնաս:
Առաջարկություններ
- Ապահովել գլխամասային հանգույցում բնապահպանական թողքի ավտոմատ կառավարում:
- Ջրառում տեղադրել ջրաչափ` բնապահպանական թողքը հսկելու համար:
- Իրականացնել ձկնանցուղու կառուցվածքի համապատասխանեցում գետում բնակվող ձկնատեսակների կենսական պահանջներին ու ֆիզիկական հնարավորություններին:
- Գտնել տեխնիկական լուծումներ ձկնապաշտպան կառույց տեղադրելու համար։
- Վերանայել ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված բնապահպանական թողքը, որը շատ փոքր է (0.03 խմ/վ)։
- ՓՀԷԿ-ը առավելագույն արդյունավետությամբ օգտագործել ջրառատ սեզոնին, որպեսզի ջրասակավ ժամանակ պետք եղած դեպքում կայանը կանգնեցվի՝ գետի էկոհամակարգը լավ վիճակում պահելու համար։
![]() |
![]() |
|
![]() |
|
|
|
![]() |
|
|
![]() |
|
|
|
![]() |
|
|
|
Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:
Սեպտեմբեր 15, 2015 at 14:01






