

ԷկոԼուր
«Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբն այցելեց «Գողթ 1» և «Գողթ 2» փոքր ՀԷԿ-եր, որոնք գտնվում են ՀՀ Կոտայքի մարզի Գողթ համայնքի վարչական տարածքում: ՓՀԷԿ-երը կառուցված են Ազատ գետի Գողթ վտակի վրա (գետի երկարությունը՝ 16կմ) և շահագործվում են «Ջաղացի Ձոր» ՓԲԸ –ի կողմից:
Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.
- «Գողթ 1» եւ «Գողթ 2» ՓՀԷԿ-երը շահագործման են հանձնվել 2010թ-ին:
- Ըստ նախագծի` «Գողթ 1» ՓՀԷԿ-ի ստատիկ ճնշումը 290.42մ է, հաշվարկային ճնշումը` 245.60մ, ՓՀԷԿ-ի կողմից օգտագործվող հաշվարկային ելքը` 1.0մ3/վ, դրվածքային հզորությունը 1946 կՎտ է, էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը, ըստ ՀԾԿՀ-ի տեղեկանքի, 4.43554 մլն.կՎտ.ժամ է, հաշվարկային արտադրությունը, ըստ նախագծի, 4760 կՎտ.ժամ, լիցենզիայի ժամկետը` 26.05.2010- 26.05.2025թթ., Ջրօգտագործման թույլտվության ժամկետը` 15.11.2013-15.11.2016թթ:
- Ըստ նախագծի` «Գողթ 2» ՓՀԷԿ-ի ստատիկ ճնշումը 383.50մ է, հաշվարկային ճնշումը` 365.47մ, ՓՀԷԿ-ի կողմից օգտագործվող հաշվարկային ելքը` 0.8մ3/վ, դրվածքային հզորությունը 2316 կՎտ է, էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը, ըստ ՀԾԿՀ-ի տեղեկանքի, 4.3 մլն.կՎտ.ժամ է, հաշվարկային արտադրությունը, ըստ նախագծի, 5185 կՎտ.ժամ, լիցենզիայի ժամկետը` 26.05.2010- 26.05.2025թթ., Ջրօգտագործման թույլտվության ժամկետը` 15.11.2013-15.11.2016թթ:
- Ազատ գետի Գողթ վտակի վերին հոսանքներում գոյություն ունի ոռոգման նպատակով ջրառ հանգույց, որտեղից ջուրը ջրանցքով տեղափոխվում է Գեղարդալիճ ջրամբար։ Գեղարդալիճ ջրամբարից տասնյակ տարիներ շարունակ ջուրը խողովակաշարով հասցվել է ոռոգելի տարածքներ։
- «Գողթ 1» և «Գողթ 2» ՓՀԷԿ-երի համար ոռոգման ջրառ հանգույցից ներքև՝ Գողթ վտակի վրա, կառուցվել է ջրառ հանգույց, որտեղ կուտակվում են ոռոգման ջրառից հետո մնացած ջրերը և Գեղարդալճից ոռոգման համար բաց թողնված ջրերը։
- ՓՀԷԿ-երի գլխամասը բետոնե պատվարով ջրառ հանգույց է՝ տղմազտարանով և ձկնանցարանով: «Գողթ 2»-ն աշխատում է «Գողթ 1» ՓՀԷԿ-ից հեռացվող ջրով, որը բաշխիչ հորից հասցվում է կայանի շենք 2050մ երկարությամբ ճնշումային խողովակաշարով։
- «Գողթ 1» ՓՀԷԿ-ի գլխամասում առկա է բետոնից և գետի գլաքարով սալարկված ձկնանցարան: Ձկնանցարանի կառուցվածքը, հատկապես ստորին մասում, լիարժեք չի կարող ապահովել ձկների /վերջիններիս առկայության դեպքում/ ազատ տեղաշարժը: Դիտարկման պահին ձկնանցարանի մուտքը մասամբ խցանված էր տարբեր առարկաներով /պոլիէթիլենային թաղանթ, խոտաբույսերի մնացորդներ, և այլն/:
- Գողթ գետի տվյալ հատվածում, որտեղ կառուցված է ՓՀԷԿ-ի գլխամասը, ըստ ՓՀԷԿ-ի աշխատակիցների, ձկներ չեն հանդիպում, չնայած որ գետի ջրաբանական տիպը համապատասխանում է կարմրախայտի Salmo fario կենսաբանական պահանջներին: Գետի հունի պարբերաբար չորացումը չի կարող նպաստել կարմրախայտի գոյությունը տվյալ գետակում պահպանելուն կամ վերականգնելուն, ինչն, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է գետի բնապահպանական թողքի չպահպանմամբ:
- «Գողթ 1» ՓՀԷԿ-ի գլխամասից շուրջ 1-1,5 կմ ներքև գետի հունը կտրուկ գահավիժում է, ինչը և վկայում է մայր գետից դեպի Գողթ վտակի ակունքներ ձկների միգրացիայի անհնարին լինելը։
- Գլխամասում տեղադրված են աղբորսիչ ճաղավանդակներ:
- «Գողթ 1» եւ «Գողթ 2» ՓՀԷԿ-երի Բնապահպանական թողքը Ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված է 0.044խմ/վ (44 լ/վ):
- «Գողթ 1» ՓՀԷԿ-ը բացի հոսանք արտադրելուց նաև ոռոգման ջրի տեղափոխման համակարգ է, ինչը նաև կրճատել է նախկին մաշված խողովակաշարով ջրի տեղափոխման ընթացքում տեղ գտած կորուստները: Ջուրը, անցնելով «Գողթ 1» ՓՀԷԿ-ով, հասցվում է բաշխիչ հոր: Ոռոգման սեզոնից դուրս «Գողթ 1» ՓՀԷԿ-ից ջուրն անցնում է անմիջապես «Գողթ 2» ՓՀԷԿ:
- Ըստ Ջրօգտագործման թույլտվության` «Գողթ 1» ՓՀԷԿ-ն աշխատում է տարվա մեջ 4 ամիս`ապրիլ, մայիս, հունիս, հուլիս ամիսներին: ՀՀ «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալներով` ՓՀԷԿ-ը 2014թ-ին աշխատել է 7 ամիս`մարտից մինչեւ սեպտեմբեր՝ արտադրելով 3630819 կՎտ էլեկտրաէներգիա: Համաձայն «Գողթ 1» ՓՀԷԿ-ի կառուցման նախագծի ջրատնտեսական հաշվարկների` ՓՀԷԿ-ը պետք է աշխատեր ամբողջ տարվա ընթացքում:
- Ըստ Ջրօգտագործման թույլտվության` «Գողթ 2» ՓՀԷԿ-ն աշխատում է տարվա մեջ 4 ամիս` ապրիլ, մայիս, հունիս, հուլիս ամիսներին: ՀՀ «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալներով` ՓՀԷԿ-ը 2014թ-ին աշխատել է 4 ամիս`մարտից մինչև հունիս՝ արտադրելով 3177548 կՎտ էլեկտրաէներգիա:
- «Գողթ 1» ՓՀԷԿ-ի ճնշումային խողովակաշարի տրամագիծը համապատասխանում է նախագծին, սակայն երկարությունը կազմում է մոտ 4400 մետր՝ նախագծային 3850-ի փոխարեն։ Նախագծին չեն համապատասխանում ճնշումային խողովակաշարի անցկացման տեխնիկական լուծումները: Այն նախագծով պետք է տեղադրված լիներ խրամուղում՝ հողով ծածկված, սակայն իրականում այն վերգետնյա է, բացառությամբ այն հատվածների, որտեղ հատվում է ճանապարհային անցումների հետ:
- «Գողթ 2» ՓՀԷԿ-ի ճնշումային խողովակաշարի տրամագիծը` 720մմ և երկարությունը` 2050մ համապատասխանում են նախագծին:
- «Գողթ 1» ՓՀԷԿ-ի կառույցները տեղաբաշխված են Խոսրովի պետական արգելոցից 100-1500 մետր հեռավորության վրա, իսկ «Գողթ 2» ՓՀԷԿ-ի կառույցները՝ 50-1500 մետր հեռավորության վրա։
- Կայանային հանգույցի տարածքում ՓՀԷԿ-երին ներկայացվող պահանջներին և նախագծային լուծումներին համապատասխան իրականացվել են կառուցապատման, բարեկարգման և կանաչապատման միջոցառումներ: Կայանային հանգույցների տարածքները ցանկապատված են մետաղյա ցանկապատով և գեղեցիկ քարե շարվածքով: Կատարված է հողի բերրի շերտի ռեկուլտիվացիա, առկա են տնկիներ և բերքատու ծառատեսակներ: Երկու կայանում էլ տրանսֆորմատորային ենթակայանները ցանկապատված են: Տեղադրված է երկուական տրանսֆորմատոր, որոնք կահավորված չեն յուղահավաք հորերով:
- «Գողթ 1» ՓՀԷԿ-ում տեղադրված են տեղական «Խորդա» ՍՊԸ-ի կողմից արտադրված երկու ագրեգատներ (Նախագծով նախատեսված է 2 ագրեգատ): Դիտարկման պահին աշխատում էր մեկ ագրեգատը` 400լ/վրկ ելքով, ինչը աշխատակցի կողմից հիմնավորվեց գետում ջրի ոչ բավարար քանակով: «Ջաղացի ձոր» ՓԲԸ-ի հիմնադրի համոզմամբ` ՓՀԷԿ-ն էլեկտրաէներգիայի արտադրությունն ապահովում է կիսով չափ, քանի որ միայն մայիս ամսին է աշխատում իր նախագծային հզորությամբ, երբ ՓՀԷԿ-ի երկու ագրեգատներն աշխատում են:
- «Գողթ 2» ՓՀԷԿ-ում տեղադրված են տեղական «Խորդա» ՍՊԸ-ի կողմից արտադրված 3 ագրեգատներ նախագծով նախատեսված 2-ի փոխարեն: ՓՀԷԿ-ն աշխատում է ցածր արդյունավետությամբ: Դա պայմանավորված է գետում ոչ բավարար ջրաքանակով: «Գողթ-2» ՓՀԷԿ-ի տնտեսական շահավետությունը ցածր է: Քանի որ տնտեսվարողը մեկն է և նրա կողմից «Գողթ 1»-ից հետո ջուրն օգտագործվում է ոռոգման նպատակով, այսինքն տնտեսվարողը ապահովում է իր տնտեսական շահը:
- «Գողթ 1» ՓՀԷԿ-ի տուրբինների աշխատանքի և գլխամասում ջրի մակարդակի միջև կապ չլինելու պատճառով, ջրի մակարդակի իջնելու արդյունքում խողովակաշարը լցվում է օդով, ինչը բացասաբար է ազդում կայանի արդյունավետ աշխատանքի վրա:
- Կենցաղային կեղտաջրերի հեռացման համար նախագծային լուծումների համաձայն կառուցվել է զուգարան /անջրթափանց հորով/:
- Լանդշաֆտային խախտումներ չկան:
- Համապատասխան բնապահպանական մարմնի կողմից կնքված ջրաչափ ջրառում չկա:
- ՓՀԷԿ-երի կայանային հանգույցներում գործում է ագրեգատների մասնակի պաշտպանական համակարգ:
- Տեսչական ստուգումներ ՓՀԷԿ-երում չեն իրականացվել:
- Սողանքային երևույթներ չկան:
- Գողթ գետի վրա կառուցված «Գողթ 1» (ըստ նախագծի՝ խողովակաշարի երկարությունը՝ 3850մ) եւ «Գողթ 2» (ըստ նախագծի՝ խողովակաշարի երկարությունը՝ 2050մ) ՓՀԷԿ-երի դերիվացիայի գումարային երկարության (5900մ) տոկոսային հարաբերությունը գետի երկարության հետ կազմում է 36.875%:
Եզրակացություն
«Գողթ-1» և «Գողթ-2» ՓՀԷԿ-երի էլեկտրաէներգիայի ցածր արտադրողականությունը և շեղումը նախագծային ցուցանիշներից պայմանավորված է հետևյալ գործոններով` ոչ ճիշտ հիդրոլոգիական ուսումնասիրություններ, ոչ հիմնավոր ջրատնտեսական հաշվարկներ, ագրեգատների ցածր տեխնիկական արդյունավետություն: Մինչ ջրառը Գողթ գետի բազմամյա միջին հոսքի ուրվագիծն անբնական ընթացք ունի, ինչը մտածել է տալիս, որ ՓՀԷԿ-ը կառուցված է «մտացածին» եղանակով: Իսկ հաշվարկային բարձր ելքը վկայում է այն մասին, որ կայանը չի կարող աշխատել արդյունավետ առհասարակ:
Կառուցված բետոնե հսկայական կառույցը իր չափերով ներդաշնակ չէր շրջակա բնական լանդշաֆտին: ՓՀԷԿ-ի ջրառ հանգույցում կառուցված ձկնուղին իր նպատակին չէր ծառայում։
Առաջարկություններ`
- Չափիչ սարքավորումների միջոցով հսկել «Գողթ 1» եւ «Գողթ 2» ՓՀԷԿ-երի համար սահմանված բնապահպանական ելքը:
- Վերազինել կայաններն ամբողջական ավտոմատ կառավարման համակարգով զինված ագրեգատներով, որոնք նաև կկարողանան աշխատել գետում դիտարկվող փոքր ելքերի դեպքում:
- Ջրառում տեղադրել համապատասխան բնապահպանական մարմնի կողմից կնքված ջրաչափ և ջրի մակարդակի ավտոմատ կառավարման համակարգ:
- Տրանսֆորմատորների տակ տեղադրել յուղորսիչներ։
- Գեղարդալիճ ջրամբարից դեպի «Գողթ 1» ՓՀԷԿ-ի ջրառ հանգույց ջուրը տեղափոխել խողովակով՝ ջրի կորուստները վերացնելու համար։
- Կատարել հիդրոլոգիական շարքերի ճշգրտումներ և ՋԹ-ի հիմքում դնել իրատեսական թվեր:
- Որոշել գետի հունի պարբերաբար չորացման պատճառը:
- Քննարկման առարկա դարձնել նման ռեժիմով /որը ներկայումս առաջացնում է բնապահպանական խնդիրներ/ ՓՀԷԿ-ի գործարկման նպատակահարմարությունը, հաշվի առնելով նաև ՓՀԷԿ-ի կառուցվածքների «Խոսրովի անտառ» պետական արգելոցի սահմաններին կից գտնվելու հանգամանքը: Այդ նպատակի համար առաջարկվում է ամբողջովին վերակառուցել ջրընդունիչ հանգույցն իր բոլոր կառուցվածքներով՝ ապահովելու համար գետի հունում բավարար քանակի բնապահպանական ելքի անարգելք անցումը:
«Գողթ 1» ՓՀԷԿ
|
![]() |
|
|
|
|
![]() |
|
![]() |
![]() |
|
|
|
![]() |
|
![]() |
«Գողթ 2» ՓՀԷԿ
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
|
|
Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:
Սեպտեմբեր 23, 2015 at 16:49











