«Ամբերդ 1» եւ «Ամբերդ 2» փոքր ՀԷԿ-երի մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

«Ամբերդ 1» եւ «Ամբերդ 2» փոքր ՀԷԿ-երի մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

ԷկոԼուր 

«Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության եւ ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբը մեկնեց Արագածոտնի մարզ` այցելելու «Ամբերդ 1» եւ «Ամբերդ 2» փոքր ՀԷԿ-եր:  Այս  ՓՀԷԿ-երը կառուցված են Ամպուր գետի վրա (երկարությունը 36 կմ): «Ամբերդ 1» ՓՀԷԿ-ը գտնվում է Օրգով համայնքի վարչական տարածքում, «Ամբերդ 2» ՓՀԷԿ-ը` Օրգով եւ Բյուրական համայնքների վարչական տարածքում: ՓՀԷԿ-երը շահագործում է «Ամբերդ  ՀԷԿ»  ՍՊԸ -ն:

«Ամբերդ ՀԷԿ»  ՍՊԸ –ի սեփականատերը թույլ չտվեց փորձագիտական խմբին մտնել ՓՀԷԿ-երի տարածք:  Դեպի ՓՀԷԿ-եր եւ Ամպուր գետ տանող ճանապարհը փակված էր ուղեփակոցով, եւ դա հիմնավորվում էր նրանով, որ դա ՓՀԷԿ-երի կառուցած ճանապարհն է:

Ըստ նախագծի` «Ամբերդ 1» ՓՀԷԿ ստատիկ ճնշումը 125մ է, հաշվարկային ճնշումը` 117.1 մ, ՓՀԷԿ-ի կողմից օգտագործվող հաշվարկային ելքը, ըստ նախագծի, 2.4 մ3/վ, դրվածքային հզորությունը  2.28 ՄՎտ է, ըստ ՀԾԿՀ-ի տեղեկանքի՝ դրվածքային հզորությունը 3350 կՎտ է: Էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը, ըստ ՀԾԿՀ-ի տեղեկանքի,  5.2     մլն.կՎտ.ժամ է, հաշվարկային արտադրությունը, ըստ նախագծի, 5.69 մլն.կՎտ.ժամ, լիցենզիայի ժամկետը` 10.02.2010- 10.02.2025թթ., Ջրօգտագործման թույլտվության ժամկետը (ՋԹ)` 03.11.2010- 03.11.2013թթ..:

Հեռվից կատարած «Ամբերդ 1» ՓՀԷԿ-ի գլխամասի լուսանկարի հիման վրա փորձագիտական խումբը պարզեց.

  •  Ձկնացարանը պատկերված ջրային ռեժիմով լիովին  բավարար է կարմրախայտի համար եւ որոշ չափով՝ բեղլուի համար:
  • Բացակայում է ձկնապաշտպան կառույց: Այն նախատեսված է նախագծով:
  • Ամպուր գետում հանդիպում է կարմրախայտը Salmo fario: Հնարավոր է նաեւ Կուրի բեղլուի Barbus cyri  եւ արեւելյան տառեխիկի Alburnoides eichwaldii առկայությունը:
  • «Ամբերդ 1» ՓՀԷԿ-ի բնապահպանական թողքը ըստ ՋԹ-ի` 0.11 մ3/վ է, իսկ ըստ ՓՀԷԿ-ի կառուցման նախագծի` 0.06 մ3/վ:
  • «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալներով` 2014թ-ին «Ամբերդ 1» ՓՀԷԿ-ն աշխատել է 12 ամիս` արտադրելով 3832692 կՎտ էլեկտրաէներգիա:
  • «Ամբերդ 1» ՓՀԷԿ-ի խողովակաշարը, ըստ նախագծի, ունի 2280.6 մ երկարություն եւ 1020մմ տրամագիծ, ըստ Հանրային ծառայությունները կարգավորղ հանձնաժողովի` 2300մ երկարություն եւ 1200մմ տրամագիծ:
  • Ըստ նախագծի` «Ամբերդ 2» ՓՀԷԿ ստատիկ ճնշումը նշված չէ, հաշվարկային ճնշումը` 268.9 մ, ՓՀԷԿ-ի կողմից օգտագործվող հաշվարկային ելքը, ըստ նախագծի, 2մ3/վ, դրվածքային հզորությունը  4.37 ՄՎտ է, ըստ ՀԾԿՀ-ի տեղեկանքի՝ դրվածքային հզորությունը 6290 կՎտ է: Էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը, ըստ ՀԾԿՀ-ի տեղեկանքի,  9.5   մլն.կՎտ.ժամ է, հաշվարկային արտադրությունը, ըստ նախագծի, 9.652 մլն.կՎտ.ժամ, լիցենզիայի ժամկետը` 24.10.2012- 24.10.2027թթ., Ջրօգտագործման թույլտվության ժամկետը (ՋԹ)` 22.08.2012- 22.08.2015թթ..:
  • «Ամբերդ 2» ՓՀԷԿ-ի բնապահպանական թողքը ըստ ՋԹ-ի`0.1 մ3/վ է, ըստ ՓՀԷԿ-ի կառուցման նախագծի`0.06 մ3/վ:
  • Ջրօգտագործման թույլտվությամբ «Ամբերդ 2» ՓՀԷԿ-ին թույլատրված է Ամպուր գետից ջուր վերցնել 6 ամիս: Ոռոգման սեզոնին` մայիսից մինչեւ հոկտեմբերը ՋԹ-ով արգելված է ջրառ իրականացնել:
  • «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալներով` 2014թ-ին «Ամբերդ 2» ՓՀԷԿ-ն աշխատել է 12 ամիս` արտադրելով 5829817 կՎտ էլեկտրաէներգիա:
  • «Ամբերդ 2» ՓՀԷԿ-ի խողովակաշարը, ըստ նախագծի, ունի 4218 մ երկարություն եւ 1020մմ տրամագիծ: Խողովակաշարի երկարությունը, ըստ Հանրային ծառայությունները կարգավորղ հանձնաժողովի, համապատասխանում է նախագծի տվյալին, իսկ տրամագիծը`ոչ. այն նշվում է 1200մմ:
  • Ամպուր գետի վրա կառուցված «Ամբերդ 1» (ըստ նախագծի՝ դերիվացիայի երկարությունը 2280.6 մ) և  «Ամբերդ 2»  (ըստ նախագծի՝ դերիվացիայի երկարությունը 4218մ)  ՓՀԷԿ-երի դերիվացիայի գումարային երկարության (6498.6մ) տոկոսային հարաբերությունը Ախուրյան գետի երկարության հետ կազմում է 18.05%:

«Ամբերդ ՀԷԿ» ՍՊԸ-ի կողմից կառուցված ավտոմոբիլակին ճանապարհի  եւ դրա միջոցով գետի մուտքը փակելու օրինականության վերաբերյալ փորձագիտական խմբի իրավաբանը հարցում կատարեց համապատասխան գերատեսչություններ: ՀՀ բնապահպանության նախարարության 28.07.2015թ. պատասխանից պարզ դարձավ, որ նշված ճանապարհը կառուցելու համար «Ամբերդ ՀԷԿ» ՍՊԸ-ի կողմից նախագծային փաստաթղթեր չեն ներկայացվել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության համար: Իսկ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն 09.08.2015թ.  գրությամբ հայտնել է, որ Օրգով համայնքի արոտավայրերի հողերից 9.9 հա վարձակալության իրավունքով տրամադրվել է «Ամբերդ ՀԷԿ» ՍՊԸ-ին` ՀԷԿ-ի եւ օժանդակ կառույցների շինարարության համար, սակայն Արագածոտնի մարզում «Ամբերդ ՀԷԿ» ՍՊԸ-ի անվամբ ավտոմոբիլային ճանապարհի նկատմամբ որեւէ իրավունք գրանցված չէ:

Ելնելով վերը նշվածից` կարելի է եզրակացնել, որ «Ամբերդ ՀԷԿ» ՍՊԸ-ն որեւէ իրավունք չունի «Ամբերդ 1» եւ «Ամբերդ 2» ՓՀԷԿ-եր տանող ավտոմոբիլային ճանապարհի նկատմամբ եւ այն չի կարող փակել, քանի որ ՀՀ Ջրային օրենսգրքի 23-րդ հոդվածի համաձայն. «Յուրաքանչյուր ոք ռեկրեացիոն նպատակներով իրավունք ունի ազատորեն եւ անվճար օգտագործել բնական մակերեւութային ջրային ռեսուրսները եւ դրան հարակից տարածքները…», իսկ այդ ճանապարհը փակելով, խախտվում է քաղաքացիների նշված իրավունքը:

 Թե «Ամբերդ 1», թե «Ամբերդ 2»    ՓՀԷԿ-երի հիդրոլոգիական ցուցանիշերում խառնաշփոթ է:

«Ամբերդ 1»–ի դեպքում ՋԹ-ով տրված է ավելի ջատ ջուր (գրեթե 1.5-2 անգամ), քան գետում միջին բազմամյա հոսքն է (50% ապահովվածության), նույնիսկ չհաշված բնապահպանական թողքը, որը գրեթե 2 անգամ տարբերվում է նախագծայինից:

«Ամբերդ 2»-ի դեպքում ևս անհասկանալի տրամաբանությամբ են տրված ջրառի  թվերը: Այդ թիվը գումարելով  նույն ՋԹ-ով սահմանված բնապահպանական թողքի ցուցանիշին` ստացվում է ավելի բարձր թիվ, քան այդ ամսին (օր.հունվար, փետրվար)  գետում կա ջուր՝ 50% ապահովվածությամբ: Ոռոգման համար պահանջվող ցուցանիշներն էլ իրենց հերթին անտրամաբանական են, քանի որ չեն տեղավորվում ջրային հաշվեկշռում:

 Առաջարկություն

Բնական ջրհոսքից ջրօգտագործման համար նորմ սահմանել միայն բնապահպանական թողքն իր սեզոնային ռեժիմով` ելներով բնապահպանական անհրաժեշտությունից: Ջրօգտագործման ռեժիմը տարբեր ջրօգտագործողների կողմից իրականացնել մնացորդային սկզբունքով` ռեսուրսային բաղադրիչը բաշխելով ըստ նախապատվության հետևյալ սանդղակով` խմելու ու կենցաղային – գյուղատնտեսություն – արդյունաբերություն – էներգետիկա:

«Ամբերդ 1» ՓՀԷԿ

 
 
 
 
 
 
 
 
 

Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:



Սեպտեմբեր 28, 2015 at 17:12


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր