«Մարցիգետ ՓՀԷԿ 2»-ը ՓՀԷԿ-ը նպաստել է գետի ձկնային կենսաբազմազանության նվազեցմանը

«Մարցիգետ ՓՀԷԿ 2»-ը ՓՀԷԿ-ը նպաստել է գետի ձկնային կենսաբազմազանության նվազեցմանը

ԷկոԼուր

«Մարցիգետ» ՓՀԷԿ 2» ՓՀԷԿ-ը շահագործող «Արգիշտի-1» ՍՊԸ-ի ղեկավարը ենթարկվել է վարչական պատասխանատվության ՓՀԷԿ-ում հայտնաբերված խախտումների համար: Այս մասին Համահայկական բնապահպանական ճակատին նամակով տեղեկացրել է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ժամանակավոր պաշտոնակատար Խաժակ Աղաբեկյանը:  Պատասխանում մասնավորապես ասված է. ««Մարցիգետ» ՓՀԷԿ 2-ում ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 2015թ. հուլիսին իրականացվել է տեսչական ստուգում: Ստուգմամբ արձանագրվել է, որ «Մարցիգետ» ՓՀԷԿ 2-ի ձկնանցարանը կառուցված է նախագծի խախտումներով, և այն որպես ձկնանցարան չի կարող ծառայել: «Մարցիգետ» ՓՀԷԿ 2-ի գլխամասային կառույցի ջրընդունիչի վրա առկա է  ձկնապաշտպան ցանց, որը չի համապատասխանում սահմանված նորմերին: Նշված խախտումները վերացնելու համար տրվել է համապատասխան հանձնարարական և սահմանվել երկամսյա  ժամկետ, իսկ ընկերության ղեկավարը ենթարկվել է վարչական պատասխանատվության»:

«Մարցիգետ» ՓՀԷԿ 2» ՓՀԷԿ-ը կառուցված է Լոռու մարզի Մարց գյուղի վարչական տարածքում` Մարց գետի վրա: Այն այս գետի վրա կառուցված ՓՀԷԿ-երից հերթականությամբ առաջինն է` Կայանը գտնվում է Մարցի գետաբերանի մոտ:

Նշենք, որ «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբն այցելեց «Մարցիգետ ՓՀԷԿ-2» փոքր ՀԷԿ: Ծրագրի փորձագիտական խումբն արձանագրեց մի շարք թերություններ: Մասնավորապես ձկնուղու վերաբերյալ Ծրագրի փորձագետ, ձկնաբան Սամվել Պիպոյանը նշեց. ««Մարցիգետ ՓՀԷԿ-2» ՓՀԷԿ-ի ձկնացուղին  որևէ կերպ չի կարող նպաստել Դեբետից գետ մտնող ձկների միգրացիաների իրականացմանը: Արդյունքում գետի ստորին մասից բարձրացող ձկներն անհաղթահարելի արգելքի են հանդիպում այստեղ: Եթե նման կառույցը գործել է տարիներ շարունակ, ապա արդեն իսկ էականորեն նպաստել է գետի ձկնային կենսաբազմազանության նվազեցմանը»:

Մարց գետը հայտնի է եղել կարմրախայտի մեծ պաշարներով, սակայն ներկայում այդ ձկների պաշարները պակասել են:

Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:

Հոկտեմբեր 08, 2015 at 14:07


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր