

ԷկոԼուր
ՀՀ Վայոց ձորի մարզի Արտավան գյուղում միանգամից երկու փոքր ՀԷԿ են կառուցում: ՓՀԷԿ-երը կառուցվում են գյուղի դաշտերը և այգիները սնուցող Արտավան գետի վրա: ԷկոԼուրի հետ զրույցում Արտավանի բնակիչները հայտնեցին, որ իրենք դեմ են ՓՀԷԿ-երի կառուցմանը, չնայած որ բոլոր նախատեսված թույլտվություններն արդեն տրվել են:
Արտավանցիներին հատկապես հուզում է գյուղի վերևի հատվածում կառուցվող փոքր ՀԷԿ-ը: Արտավանի բնակիչ Հրայր Հովհաննիսյանն ասաց, որ ՓՀԷԿ-ը կառուցում են գյուղի ջրբաժանի վրա, և հետագայում գյուղացիները ոռոգման ջրի լուրջ խնդիրներ են ունենալու: Բացի դրանից, մեծ վնաս է հասցվում անտառին, հատվում են անտառային տարածքներ: «Չի կարելի գյուղի ջրբաժանի վրա ՀԷԿ դնել: Մեզ ոռոգման ջրից զրկում են, մեր բնության սիրտն էլ պատռում: Սա արհամարհանք է գյուղացու նկատմամբ», - նշեց Հրայր Հովհաննիսյանը:
Գյուղի բնակիչների համար միևնույն է՝ ով է կառուցապատողը: Նրանց կարծիքով` մեղավորները թույլտվություն տրամադրողներն են: «Կարևորը նա չէ՝ ումն է, կարևորը նա է՝ ով է թույլ տվել: Ո՞ւր են իրենք նայում, ո՞ւր է նայում անտառտնտեսությունը: Այնտեղ ծառեր են հատում: Եթե ես մի ծառ կտրեմ, ինձ կդատեն: Գնացեք, տեսեք՝ ինչ են արել, միայն թշնամին նման բան կանի», - վրդովվեց Արտավանի բնակիչը: Վայոց ձորի անտառտնտեսության Արտավանի անտառապետության աշխատակից Ատոմ Վարդանյանի խոսքով՝ ՓՀԷԿ-ի տարածքը չի մտնում անտառի մեջ, և հանդիսանում է համայնքային հողատարածք:
Արտավանցիներին չեն հետաքրքրում նաև կառուցապատողների կողմից տրված խոստումները: «Որ մեր ճանապարհին ոսկուց ասֆալտ էլ փռեն՝ չեմ համաձայնվի», - շեշտեց Արտավանի բնակիչը:
«Բոլոր կենդանիներն օգտվում են էդ ջրից: Հիմա որ ջուրը խողովակի մեջ են մտցրել, կենդանինե՞րն էլ են խողովակի մեջ մտնելու, որ ջուր խմեն», - զայրացավ բնակիչ Կառլեն Մակարյանը և հավելեց. «Ես իրենց ասացի՝ դու բնություն ես ոչնչացնում, դու ո՞նց ես գետը վերցնում, մտցնում տրուբայի մեջ»:
Արտավան համայնքի ղեկավար Արթուր Գալստյանն ասաց, որ ինքը մի քանի անգամ հանդիպում է կազմակերպել կառուցապատողների և բնակիչների հետ և հնարավորություն է տվել բնակիչներին արտահայտել իրենց դիրքորոշումը: «Ես ժողովրդին ասել եմ՝ դուք որոշեք», - նշեց Արթուր Գալստյանը: Այս անգամ էլ Արթուր Գալստյանը բողոքող բնակիչներին հորդորեց կանգնեցնել ՓՀԷԿ-ի կառուցումը, եթե իրենք դեմ են: «Քանի չեն սկսել գործը, հելեք, կանգնեք, մի թողեք», - ասաց Արտավանի համայնքապետը բնակիչներին:
Ուշադրության են արժանի ՓՀԷԿ-երի կառուցման վերաբերյալ հանրային քննարկման ժամանակ բնապահպանության նախարարության ներկայացուցչի խոսքերը՝ ուղղված բնակիչներին: «Անցյալ տարի բնապահպանությունից մի տիկին էր եկել: Նա ասաց՝ ուզեք, չուզեք, լինելու է», - նշեց Արտավանի բնակիչներից մեկը:
Նշենք, որ ըստ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» (ՇՄԱԳ) օրենքով անցկացվող փորձաքննության գործընթացում ներգրավված փորձագետը պարտավոր է ցուցաբերել անաչառ, անկախ եւ օբյեկտիվ մոտեցում:
Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում:
Հոկտեմբեր 16, 2015 at 11:46
