«Փարոս» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

«Փարոս» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

ԷկոԼուր 

«Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբն այցելեց «Փարոս» փոքր ՀԷԿ: «Փարոս» փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Շիրակի մարզի Ամասիա քաղաքի եւ Բանդիվան համայնքի վարչական տարածքում: ՓՀԷԿ-ը կառուցված է Ախուրյան գետի վրա (գետի երկարությունը՝ 186 կմ), հարակից է «Արփի լիճ» ազգային պարկին: ՓՀԷԿ-ը շահագործում է «ԼայթԷկո» ՍՊԸ -ն:

Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.

  • ՓՀԷԿ-ը շահագործման է հանձնվել 2012թ-ին: Ըստ նախագծի՝ ՓՀԷԿ-ի ստատիկ ճնշումը 36.6մ է, հաշվարկային ճնշումը` 30.9 մ, ՓՀԷԿ-ի կողմից օգտագործվող հաշվարկային ելքը՝ 9.2մ3/վ, դրվածքային հզորությունը  2383 կՎտ է: Էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը, ըստ ՀԾԿՀ-ի 2015թ. հունվարի 1-ի տեղեկանքի՝  3.59255 մլն.կՎտ.ժամ է, հաշվարկային արտադրությունը 6.92 մլն. կՎտ.ժամ: Լիցենզիայի ժամկետը` 25.07.2012- 25.07.2027թթ., Կառուցման ջրօգտագործման թույլտվության ժամկետը՝ 04.04.2011-04.08.2011թթ..: ՀՀ բնապահպանության նախարարությանը ներկայացվել  է շահագործման ՋԹ ստանալու հայտ: Մոնիտորինգային այցի ընթացքում շահագործման ՋԹ-ը ՓՀԷԿ-ին չէր տրամադրվել:
  • Ախուրյան գետի վրա կառուցված «Մարմաշեն» (ըստ նախագծի՝ դերիվացիայի երկարությունը 587մ), «Փարոս»  (ըստ նախագծի՝ դերիվացիայի երկարությունը 1740մ), «Ամասիա» (ըստ նախագծի՝ դերիվացիայի երկարությունը 806մ)  ՓՀԷԿ-երի դերիվացիայի գումարային երկարության (3133մ) տոկոսային հարաբերությունը Ախուրյան գետի երկարության հետ կազմում է1.68%:
  • Դիտարկման պահին ՓՀԷԿ-ը չէր գործում՝ բանկի հետ վարկային խնդիրներ ունենալու պատճառով։
  • Ջրօգտագործման թույլտվության մեջ նշված ՓՀԷԿ-ի ջրառի եւ ջրբացթողման կոորդինատները չեն համապատասխանում իրական կոորդինատներին։
  • Կառուցված գլխամասային հանգույցը համապատասխանում է նախագծային լուծումներին։
  • Գլխամասում առկա է բետոնե աստիճանաձև ձկնացարան, 15.2 մ երկարությամբ, 1.3 մ լայնությամբ, 1.0 մ՝ բարձրությամբ:  Առկա է հավանաբար 7-8 աստիճան, որոնց չափերը, հստակ քանակը, կառուցվածքը հնարավոր չեղավ չափագրել ՓՀԷԿ-ի չաշխատելու և ջրի առատության ու արագ հոսքի պատճառով: Ձկնանցարանի ներկայիս կառուցվածքը և շահագործումն  էական դժվարություններ են ստեղծում հատկապես փոքր ձկնատեսակների բնականոն տեղաշարժը գետի հոսանքն ի վեր ապահովելու հարցում:
  • ՓՀԷԿ-ի գլխամասում բացակայում է որևէ ձկնապաշտպան կառույց: Առկա է աղբորսիչ, որի ճաղավանդակների միջով գետում բնակվող 8-10 սմ երկարությամբ ձկները կարող են մտնել ճնշումային խողովակատարի մեջ:
  • Ախուրյան գետում, որտեղ կառուցված է ՓՀԷԿ-ի գլխամասը, հանդիպում են հետևյալ ձկատեսակները՝ կարմրախայտ Salmo fario (պատահական է հանդիպում), կողակ Capoeta capoeta, Կուրի ենթաբերան Chondrostoma cyri, կովկասյան թեփուղ Squalius orientalis, Կուրի բեղաձուկ Barbus cyri, արևելյան տառեխիկ Alburnoides eichwaldii, անգորական լերկաձուկ Oxynօemacheilus angorae, Կուրի լերկաձուկ Oxynօemacheilus brandtii, հաշամ Aspius aspius (գրանցված է ՀՀ կենդանիների Կարմիր գրքում), Կուրի սպիտակաձուկ Alburnus filippii, ծածան Cyprinus carpio, արծաթափայլ կարաս Carassius  gibelio (կլիմայավարժված է), ամուրյան նրբաձկնիկ Pseudorasbora parva (կլիմայավարժված է):
  • Կառուցման ՋԹ-ի տվյալների համաձայն` ՓՀԷԿ-ը կարող է Ախուրյան գետից ջուր վերցնել 12 ամիս` ապահովելով 1.8մ3/վ բնապահպանական թողք:
  • «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալներով` «Փարոս» ՓՀԷԿ-ը 2014 թվականին աշխատել է 4 ամիս` մայիսից օգոստոս` արտադրելով`889470 կՎտ էլեկտրաէներգիա:
  • Դերիվացիոն խողովակաշարի տրամագիծը` 2մ, եւ երկարությունը` 1740մ, համապատասխանում են նախագծին: Սակայն խողովակաշարը ոչ թե երկաթյա է, ինչպես նախատեսված է նախագծով, այլ պոլիմերային: Այն թաղված է հողի տակ։
  • Կայանում տեղադրված են տեղական արտադրության 4 ագրեգատներ, ինչպես և նախատեսված է նախագծով։
  • Տրանսֆորմատորային կայանում առկա է ցանկապատ և յուղորսիչ հարմարանք:
  • Ազատ ջրօգտագործման պահանջը  կատարվում է:
  • Լանդշաֆտի խախտում, սողանքային երեւույթներ չկան:
  • Կառուցված է բիոզուգարան:
  • Համապատասխան բնապահպանական մարմնի կողմից կնքված ջրաչափիչ սարք ջրառում չկա:
  • Ջրառում ջրի մակարդակի ավտոմատ կառավարման համակարգ չկա:
  • Վերջին 2 տարում ՓՀԷԿ-ում բնապահպանական տեսչությունը ստուգումներ չի իրականացրել:

Եզրակացություն

ՓՀԷԿ-ի աշխատանքն արդյունավետ չէ,  քանի որ ջրի քանակը ճիշտ չէ հաշվարկված: Կա կոնֆլիկտ Ախուրյան գետի ջրօգտագործողների միջեւ: Չի վերահսկվում ոռոգման համար գետից վերցվող ջրառը եւ չի հաշվարկվում, թե ոռոգումից հետո որքան ջուր է մնում գետում ՓՀԷԿ-ի աշխատելու եւ գետի էկոլոգիական հավասարակշռության պահպանման համար:

Առաջարկություններ` 

  1. Իրականացնել ջրաբանական տվյալների հավաքագրում և մասնագիտական ուսումնասիրում` հաշվի առնելով ՓՀԷԿ-ի համար եւ ոռոգման համար իրականացվող ջրառը։
  2.  Միջոցներ ձեռնարկել ոռոգման համակարգը  վերահսկելու ուղղությամբ:
  3. Ջրառում տեղադրել ջրի մակարդակի ավտոմատ կառավարման համակարգ:
  4. Ջրառում տեղադրել բնապահպանական թողքի չափման համար նախատեսված համապատասխան բնապահպանական մարմնի կողմից կնքված ջրաչափ:
  5. Ձկնանցարանը համապատասխանեցնել գետում ապրող ձկների կենսաբանական պահանջներին և ֆիզիկական հնարավորություններին:
  6. Մինչ ճնշումային խողովակատարը տեղադրել ձկնապաշտպան ցանց:
 
 
 
 
 
 
 
 
 

Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:



Հոկտեմբեր 20, 2015 at 18:06


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր