«Կաթնառատ» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

«Կաթնառատ» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

ԷկոԼուր 

«Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբն այցելեց «Կաթնառատ» փոքր ՀԷԿ: «Կաթնառատ» փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Լոռու մարզի Կաթնառատ համայնքի վարչական տարածքում: Այն շահագործում է «Վանշայն» ՍՊԸ-ն: ՓՀԷԿ-ը կառուցված է Ձորագետ գետի վրա (երկարությունը՝ 67 կմ):

Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.

  • ՓՀԷԿ-ը շահագործման է հանձնվել 2012թ-ին:
  • Ըստ նախագծի՝ ՓՀԷԿ-ի ստատիկ ճնշումը 68.50մ է, հաշվարկային ճնշումը` 54.80մ, ՓՀԷԿ-ի կողմից օգտագործվող հաշվարկային ելքը՝ 4.88մ3/վ, դրվածքային հզորությունը  2075 կՎտ է: Էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը, ըստ ՀԾԿՀ-ի տեղեկանքի, 2.95712մլն.կՎտ.ժամ է, հաշվարկային արտադրությունը, ըստ նախագծի, 6.85մլն.կՎտ.ժամ, լիցենզիայի ժամկետը` 04.07.2012-04.07.2027թթ., Ջրօգտագործման թույլտվության ժամկետը՝ 15.10.2012- 15.10.2015թթ..: Ըստ ընկերության` ստացել են նոր ՋԹ:
  • «Կաթնառատը», «Ձորագետ-6» և «Ձորագետ-5» ՓՀԷԿ-երը համարվում են կասկադային ՓՀԷԿ-եր: «Ձորագետ-5» ՓՀԷԿ-ի կայանային հանգույցից դուրս եկող ջրաքանակը հեռացնող ջրանցքով ուղղվում է «Ձորագետ-6» ՓՀԷԿ-ի գլխային հանգույց, իսկ «Ձորագետ-6» ՓՀԷԿ-ի կայանային հանգույցից դուրս եկող ջրաքանակը հեռացնող ջրանցքով ուղղվում է «Կաթնառատ» ՓՀԷԿ-ի  գլխային հանգույց: Չնայած սրան` ՓՀԷԿ-ի կառուցման նախագծում այն դիտարկվել է որպես առանձին ՓՀԷԿ իր առանձին կառույցներով:
  • Ձորագետ գետի վրա կառուցված «Կաթնառատ» (ըստ նախագծի՝ դերիվացիայի երկարությունը 3450մ), «Ձորագետ 5»  (ըստ նախագծի՝ դերիվացիայի երկարությունը 1850մ), «Ձորագետ 6» (ըստ նախագծի՝ դերիվացիայի երկարությունը 2360մ)  եւ «ՁորաՀԷԿ» (դերիվացիայի երկարությունը 2450մ)  ՓՀԷԿ-երի դերիվացիայի գումարային երկարության (10110մ) տոկոսային հարաբերությունը Ձորագետ գետի երկարության հետ կազմում է 15.08%:
  • Գլխամասային հանգույցում կառուցված է 2,6 մ բարձրությամբ և 18մ երկարությամբ պատվար:
  • Նախագծով նախատեսված  16.70 մ երկարությամբ երկաթ բետոնե աստիճանաձեւ ձկնանցարանի փոխարեն գլխամասում կառուցվել է  10.28 մ երկարությամբ և 0.85-0.90 մ լայնությամբ  բետոնե աստիճանաձև ձկնանցարան: Ձկնանցարանում առկա է բետոնե միջնորմներով իրարից տարանջատված 6 աստիճան, որոնց յուրաքանչյուրի բարձրությունը տատանվում է 1.20-1.30մ սահմաններում: Յուրաքանչյուր միջնորմ ունի շախմատաձև դասավորված ճեղք՝ 0.18-020 X 0.18-0.20 մ չափերով: Ձկնանցարանից դեպի ներքև` մոտ 20-25 մ հեռավորության վրա, առկա է ևս մեկ պատվար մոտ` 1.5-2 մ բարձրությամբ, որտեղ բացակայում է ձկնանցարանը: Այս պատվարը գրեթե անհնար է դարձնում մանր ձկների բնականոն տեղաշարժը դեպի կառուցված ձկնացարան: Ջրառի վայրում նման կառույցի առկայությունը չեզոքացնում է ձկնանցարանի հնարավոր դրական նշանակությունը:  Պատվարի տակ կուտակված քարերը չեն կարող ձկների մեծ մասի համար հենարան հանդիսանալ` պատվարը հաղթահարելու համար: Ըստ ընկերության` այդ պատվարի երկարությունը մոտ 1 մ է:
  • ՓՀԷԿ-ը չունի նախագծով նախատեսված  ձկնապաշտպան կառույց, տեղադրված է միայն աղբորսիչ:
  • Ձորագետ գետի այն հատվածում, որտեղ կառուցված է ՓՀԷԿ-ի գլխամասը,  ձկնատեսակներից հանդիպում է կարմրախայտը` Salmo fario:  Հնարավոր է նաև Կուրի բեղաձկան, արևելյան տառեխիկի, կողակի, քառթակի, Կուրի լերկաձկան, ինչպես նաև գետի ավազանի ջրերով սնվող ֆերմերային ձկնային տնտեսություններից և այլ ջրակալներից այստեղ պատահաբար հայտնվող  ծիածանախայտի, կարպի, նաև կլիմայավարժված արծաթափայլ կարասի և ամուրյան նրբաձկան առկայությունը:
  • Ջրօգտագործման թույլտվության տվյալների համաձայն` ՓՀԷԿ-ը կարող է Ձորագետից ջուր վերցնել 9 ամիս`ապահովելով գետում 0.280 խմ/վ բնապահպանական թողք: ՋԹ-ով ջրառ չի թույլատրվում հունվար, փետրվար, մարտ եւ դեկտեմբեր ամիսներին:
  • «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալներով` «Կաթնառատ» ՓՀԷԿ-ը 2014 թվականին աշխատել է 10 ամիս` արտադրելով 2967160 կՎտ էլեկտրաէներգիա:
  • Ըստ նախագծի` նախատեսված է` 3450մ երկարությամբ, 1220մմ տրամագծով երկու խողովակաշար: Իրականում կառուցվել է 3450մ երկարությամբ 1400մմ տրամագծով 1 խողովակաշար: Խողովակաշարը թաղված չէ միայն մեկ տեղ` գետի անցման վրա:
  • Կայանի շենքը կոկիկ է, իսկ տարածքը` խնամված: Կայանային հանգույցի տարածքում նախագծային լուծումներին համապատասխան իրականացվել են կառուցապատման և բավարար կանաչապատման և բարեկարգման աշխատանքներ:
  • Կայանային հանգույցի տարածքը, ինչպես նաև տրանսֆորմատորային ենթակայանը ցանկապատված է մետաղյա ցանկապատով:
  • Տրանսֆորմատորային ենթակայանում  տեղադրված են երեք տրանսֆորմատորներ, որոնք կահավորված են յուղահավաք համակարգով:
  • Նախագծին համապատասխան տեղադրված են տեղական «Ծատրյան» ՍՊԸ կողմից արտադրված երեք ագրեգատներ: Դիտարկման պահին  աշխատում էին երկուսը:  Առավելագույն քանակի ջուր օգտագործվել է ապրիլ-մայիս ամիսներին, երբ ՓՀԷԿ-ը 3 ագրեգատներով ապահովել է նախագծային հզորություն:
  • Կենցաղային կեղտաջրերի հեռացման համար, նախագծային լուծումների  համաձայն, կառուցվել է սանհանգույց, որտեղից կենցաղային կեղտաջրեը հեռացվում են անջրթափանց հոր:
  • Համապատասխան բնապահպանական մարմնի կողմից կնքված ջրաչափ ջրառում չկա:
  • Կայանում տեղադրված է էլեկտրական պաշտպանությունների վահանակ։
  • Ջրառում ջրի մակարդակի ավտոմատ կառավարման համակարգ չկա:

 Եզրակացություն

ՋԹ-ով տրված 0,280 խմ/վ բնապահպանական թողքը շատ քիչ է Ձորագետ գետի համար, և անհրաժեշտ է այն ավելացնել։

Դիտարկումների արդյունքում փաստացի պարզվեց, որ Ձորագետի վրա կառուցված  «Կաթնառատ», «Ձորագետ-6» և «Ձորագետ-5» ՓՀԷԿ-երը կասկադային են: Այդ գետահատվածում իրականացվում են տարբեր նպատակներով ջրառներ, որոնց համար կառուցվել են հիդրոտեխնիկական  տարբեր կառույցներ: Այս ամենն առաջացնում է բնապահպանական ծանրաբեռնվածություն Ձորագետ գետի վրա:  Խիստ անհրաժեշտություն կա համապատասխան մեթոդներով ապահովել բնապահպանական ելքի չափաքանակը, անհրաժեշտության դեպքում վերանայել և հսկողություն սահմանել:   

Առաջարկություններ

  1. Ապահովել գլխամասային հանգույցում բնապահպանական թողքի ավտոմատ կառավարում և չափիչ սարքերի տեղադրում:
  2. Գտնել տեխնիկական լուծումներ ձկնապաշտպան ցանց տեղադրելու համար։
  3. Վերանայել եւ ավելացնել բնապահպանական թողքի չափը՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ գետն այդ հատվածով հոսում է Կաթնառատ գյուղի կողքով։
  4. Պայմաններ ստեղծել ձկների բնականոն տեղաշարժը գետի հոսանքով վերիվար ապահովելու համար:

Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 


Նոյեմբեր 09, 2015 at 14:46


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր