Ինչ է սպասվում Արփային նոր ՓՀԷԿ-ի կառուցումից հետո

Ինչ է սպասվում Արփային նոր ՓՀԷԿ-ի կառուցումից հետո

ԷկոԼուր

2015թ. դեկտեմբերի 1-ին` ժամը 12.00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկի քաղաքապետարանում տեղի կունենան «Ջինջ Արփա» ՍՊԸ-ի կողմից ներկայացված «Արփա-2» ՓՀԷԿ-ի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:

Այս ՓՀԷԿ-ի ջրընդունիչ հանգույցը  նախատեսվում  է կառուցել Արփայի վտակ Կենգեր գետի վրա, իսկ կայանը` Արփա գետի վրա: Այս 800մմ տրամագծով  4600մ երկարությամբ ճնշումային խողովակաշարով Կենգերի ջուրը տեղափոխելու է Արփա գետ: Ընդ որում, այս ՓՀԷԿ-ից դուրս եկող ջուրը պետք է անմիջապես մտնի Արփա գետի վրա կառուցված «Ջերմուկ ՀԷԿ-2» ՓՀԷԿ-ի ջրընդունիչ հանգույց, որն էլ իր հերթին Արփա գետը խողովակի մեջ է վերցնում 3484 մ երկարությամբ  տարածքում:

«Ջինջ Արփա» ընկերությունը Արփա գետի վրա կառուցում է  նաեւ «Արփա 3» ՓՀԷԿ-ը (խողովակաշարի երկարությունը 2650մ, տրամագիծը`1420մմ): Այս ՓՀԷԿ-ի ջրառ հանգույցը գտնվում է  Կենգեր գետի` Արփային միախառնվելուց հետո:  «Արփա 2»-ի կառուցումից հետո Կենգերի ողջ հոսքը չի լցվի Արփա, այլ միայն բնապահպանական թողքը: Հետեւաբար, «Արփա 3» ՓՀԷԿ-ը ստիպված կլինի վերանայել իր ջրատնտեսական հաշվարկները եւ ըստ այդմ սահմանել ՓՀԷԿ-ի հզորությունը, ինչը կնշանակի շեղվել նախագծից:

«Արփա 2» եւ «Արփա 3», «Ջեմուկ ՀԷԿ-2» ՓՀԷԿ-երի շահագործման արդյունքում Արփա գետը իրեն սնուցող վտակի  հետ միասին 10734 մետր տարածքում կհայտնվի ՓՀԷԿ-երի ծանրաբեռնվածության տակ հատկապես եթե հաշվի առնենք, որ մեզանում բնապահպանական թողքը չի վերահսկվում(Բնապահպանական թողքի չափաքանակը «Արփա 2»-ի դեպքում սահմանված է 0.24 մ3/վրկ, «Արփա 3» -ինը` 0.42 մ3/վրկ, իսկ «Ջերմուկ ՀԷԿ 2»-ի համար ՋԹ-ում ընդհանրապես բնապահպանական թողք նշված չէ):

 

«Արփա 2» ՓՀԷԿ-ի նախագիծը կազմվել է առանց Կենգեր գետի ջրային ռեժիմի ուսումնասիրման:  «Բոլոր  հիդրոլոգիական չափանիշները որոշվել են անալոգով: Որպես անալոգ ընտրվել է գ.Արփա - դ.Ջերմուկ հիդրոլոգիական կայանը»,- նշված է հայտում:

Կարմիր գրքում գրանցված տեսակներ 

«Արփա 2» ՓՀԷԿ-ի հայտի համաձայն` շինարարության համար նախատեսված տարածքում հանդիպում է ՀՀ «Կարմիր գրքում» (2010թ.) գրանցված մեկ կենդանատեսակ՝

Ջրասամույր (Lutra lutra L.), Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված», EN D: Այս տարածաշրջանում հանդիպում են նաեւ ՀՀ Կենդանիների Կարմիր գրքում (2010թ.) գրանցված թռչնատեսակներ` օձակեր արծիվ, գառնանգղ, գիշանգղ, սպիտակագլուխ անգղ, ցախաքլորաորս, փոքր ենթարծիվ, քարարծիվ, Գաճաճ արծիվ, բալոբան, սապսան,  Կովկասյան մարեհավ, բվեճ: Կաթնասուններից հանդիպում է ՀՀ կարմիր գրքում գրանցված գորշ արջը:

Ձկնաշխարհ 

«Արփա 2» ՓՀԷԿ-ի հայտում նշվում է, որ  Կենգեր գետում ձկնաբանական ուսումնասիրություններ երբեք չեն կատարվել, եւ քանի որ Կենգերը Արփա գետի ձախակողմյա վտակն է ապա հիմք են ընդունել Արփա գետում կատարված ձկնաբանական հետազոտությունների տվյալները, ըստ որոնց Արփա գետի իխտիոֆաունան ներկայացված է 2 ձկնատեսակով` Արևելյան տառեխիկ կամ արագաշարժ  եւ Կովկասյան թեփուղի:

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կենսաբանության և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր, կենսաբանական գիտությունների դոկտոր, ձկնաբան Սամվել Պիպոյանի խոսքով` Արփա գետում կա 13-14 տեսակի ձուկ: Կենգեր գետում, որը ծովի մակարդակից գտնվում է 2000 մետրից ավելի բարձրության վրա, կարող են երեւալ ոչ միայն Արևելյան տառեխիկ եւ Կովկասյան թեփուղին, այլեւ Բեղլուն, կարմրախայտը եւ Սեւանի կողակը, որը գրանցված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում:

Հայտում նշվում է. « շինարարական աշխատանքներ կատարելիս  կարող են վտանգվել ցամաքային կենդանիների բնադրման և ձվադրման վայրերը, խախտվել կենդանիների միգրացիոն և ջուր խմելու ուղիները: Ծանր մեխանիզմների աշխատանքների ընթացքում առաջացած աղմուկն ի հայտ կբերի վախի գործոն, ինչը կենդանիներին կստիպի փոխել իրենց բնակության վայրը...:

Նշենք, որ «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի բ ենթակետի համաձայն. «Արգելվում է ցանկացած գործունեություն, որը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված տեսակների թվաքանակի կրճատմանը եւ դրանց ապրելավայրերի վատթարացմանը»:

Հայտով նախատեսված է ձկնանցարանի կառուցում եւ ձկնապաշտպան ցանցի տեղադրում: «Պատվարի ճակատի ձախ մասում կառուցվում է ձկնանց, որն իրենից ներկայացնում է բազմաստիճանային կասկադ (9 սեկտոր)՝ 1.5մ լայնությամբ և 10.35մ ընդհանուր երկարությամբ, որի մուտքի նիշը 2473.9մ  Ձկնանցը իրականացվում է միաձույլ ե/բ-իցե։ դերիվացիոն խողովակաշարի մուտքի վրա տեղադրվելու է մանրաճաղավանդակ և նաև լրացուցիչ 5մմx5մմ չափերով ձկնապաշտպան մետաղական չժանգոտվող ցանց, որը կանխելու է մանրաձկների մուտքը խողովակաշար:

Բուսականություն

ՓՀԷԿ-ի կառուցման համար նախատեսվում են հատումներ, բայց թե որքան, չի նշվում: «Նախագծվող  ՓՀԷԿ-ի կառուցվածքների տարածքում կանաչ գոտին ներկայացված է միջին խտությամբ թփուտային բուսականության տեսակներով և նոսր խտութուն ունեցող մանրանտառային բուսատեսակներով: Խողովակաշարի և կառույցների տակ ընկնող հատվող բուսատեսակները համատարած ներկայացված են ողջ տարածքում և դրա շրջակայքում և չեն համարվում հազվագյուտ, անհետացող, կրճատվող և էնդեմիկ բուսատեսակներ»:

Հայտով նախատեսվում է կայանի եւ խողովակաշարի անցկացման վայրերում ծառատունկ: Տնկվող ծառերից երկուսը եւ մի տեսակի թուփ գրանցված են ՀՀ կարմիր գրքում: Սակայն չի նշվում թե քանի ծառ է տնկվելու:

«Արփա 2» ՓՀԷԿ-ը նախատեսվում է  շահագործման է հանձնել 2018թ-ին, այն տարեկան արտադրելու է 9.47 մլն.կՎտժ էլեկտրաէներգիա:

Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ: 

Նոյեմբեր 18, 2015 at 16:48


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր