«Արջուտ-2» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ

«Արջուտ-2» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ

ԷկոԼուր 

«Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբն այցելեց «Արջուտ-2» փոքր ՀԷԿ: «Արջուտ-2» փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Լոռու մարզի Արջուտ համայնքի վարչական տարածքում: Այն շահագործում է «Լեռ և Ջուր» ՍՊԸ-ն: ՓՀԷԿ-ը կառուցված է Փամբակ գետի վրա (երկարությունը՝ 86 կմ):

Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.

  • Այս ՓՀԷԿ-ի նախագիծը ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ը չունի:
  • Ըստ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տեղեկանքի՝ ՓՀԷԿ-ի հաշվարկային ճնշումը` 28.7մ, ՓՀԷԿ-ի կողմից օգտագործվող հաշվարկային ելքը 2.8մ3/վ է, դրվածքային հզորությունը  800 կՎտ է, էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը 3.70939888888889 մլն.կՎտ.ժամ է: Լիցենզիայի ժամկետը` 30.07.2004- 30.07.2019թթ., ջրօգտագործման թույլտվության ժամկետը՝ 29.07.2008- 29.07.2014թթ.:
  • ՓՀԷԿ-ը շահագործման է հանձնվել 2001թ-ին:
  • ՓՀէԿ-ի գլխամասային հանգույցը անբարեկարգ վիճակում է, մետաղական կոնստրուկցիաներն ամբողջովին ժանգոտված  և քայքայված են: Բացակայում են համապատասխան կառուցվածքներն իրենց  ֆունկցիոնալ նշանակությամբ, այդ թվում ձկնանցարանը, որը պետք է ավտոմատ ապահովի բնապահպանական ելքի անցումը գետ:
  • Գետի ջուրն առանց կարգավորման  ամբողջովին ուղղվում է  ՓՀԷԿ-ի համար ջրառ, իսկ  տղմազտարանից  միայն ավելցուկային ելքերն են ուղղվում գետ: 
  • Վթարային պատվարն ունի  18 մ երկարություն, 2,4 մ բարձրություն:
  • Գլխամասում բացակայում են ձկնապաշտպան ցանցավանդակները: Դրանց փոխարեն առկա են աղբորսիչ՝ 2.9 և 3.9 մ երկարությամբ  2 ճաղավանդակ,  որոնց ճեղքերի միջև հեռավորությունը 5.5-6.0 սմ է: Նման ճաղավանդակը չի կարող խոչընդոտել Փամբակում բնակվող ձկների մեծ մասի մուտքը դեպի  ՓՀԷԿ-ի դերիվացիոն խողովակաշար:
  • Աղբապահ ճաղավանդակի կողքին կառուցված է հատուկ մետաղական հարմարանք, որով գետ է բաց թողնվում աղբը:
  • Գետի ափին լցված էր հավաքված աղբ։
  • Գլխամասում ձկնանցարանի բացակայությունը և գետի հունի վրա կառուցված պատվարը արգելում են Փամբակում տարածված ձկնատեսակների գաղթը գետի հոսանքն ի վեր:
  • Փամբակ գետի տվյալ տեղամասում հանդիպում են հետևյալ ձկնատեսակները՝ կարմրախայտ, արևելյան տառեխիկ,Կուրի բեղաձուկ, Սևանի կողակ /ընդգրկված է ՀՀ կենդանիների Կարմիր գրքում/, ձկնային տնտեսություններից հաճախ այստեղ է ներթափանցում ծիածանախայտը:
  • Ջրօգտագործման թույլտվության տվյալների համաձայն` ՓՀԷԿ-ը կարող է Փամբակ գետից վերցնել  տարեկան 79628.400խմ/ ջուր: ՓՀԷԿ-ի ՋԹ-ում բնապահպանական թողքի վերաբերյալ տվյալը բացակայում է:
  • Համապատասխան բնապահպանական մարմնի կողմից կնքված ջրաչափ ջրառում չկա:
  • Ջրառում ջրի մակարդակի ավտոմատ կառավարման համակարգ չկա:
  •  «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալներով` «Արջուտ-2» ՓՀԷԿ-ը 2014 թվականին աշխատել է 12 ամիս` արտադրելով 3044951 կՎտ էլեկտրաէներգիա:
  • Ճնշումային խողովակաշարի երկարությունը 1880մ է, տրամագիծը`  1400 մմ,  վերջնամասում` մոտ 100 մետր երկարությամբ տարածքում,  թաղված չէ։
  • Փամբակ գետի վրա կառուցված «Արջուտ 2» (ըստ ՀԾԿՀ-ի տեղեկանքի՝ դերիվացիայի երկարությունը 1880մ) և «Սպիտակ»  (ըստ նախագծի՝ դերիվացիայի երկարությունը 2555մ) ՓՀԷԿ-երի դերիվացիայի գումարային երկարության (4435մ) տոկոսային հարաբերությունը Փամբակ գետի երկարության հետ կազմում է 5.15%:
  • Կայանի տարածքը պարսպապատ է, կանաչապատված, ծառապատ, կան բազմաթիվ արհեստական լճակներ։
  • Կենցաղային կեղտաջրերը հեռացվում են անջրթափանց հոր:
  • Տրանսֆորմատորային ենթակայանը ցանկապատված է, տեղադրված երկու տրանսֆորմատորները կահավորված չեն յուղահավաք համակարգով:
  • Կայանային հանգույցում տեղադրված  են տեղական «Խորդա» ընկերության արտադրության երեք ագրեգատներ, որոնք միայն ապրիլ-մայիս ամիսներին կարող են աշխատել 2700լ/վրկ հաշվարկային ջրաքանակով և ապահովել նախագծային հզորությունը: Գեներատորները հայկական եւ ռուսական արտադրության են:
  • Դիտարկման պահին կայանում ագրեգատները չէին աշխատում։ Աշխատակիցների պնդմամբ չաշխատելու պատճառը սակավաջրությունն է, սակայն ՓՀԷԿ-ի մատյանի մեջ նշված էր, որ ամեն օր աշխատել են՝ նույնիսկ փորձագիտական խմբի այցելության օրը:
  • Կայանում տեղադրված է էլեկտրական պաշտպանությունների վահանակ:

Եզրակացություն

«Արջուտ-2» ՓՀԷԿ-ի գլխամասային հանույցը վթարային վիճակում է: Գլխամասում բացակայում են ձկնանցարանը, ձկնապաշտպան ցանցը, բնապահպանական ելք բաց չի թողնվում գետ: Ձկնացարանի բացակայությունը և գետի հունի վրա կառուցված պատվարը խոչընդոտում են գետում տարածված ձկնատեսակների այդ թվում ՀՀ Կարմիր գրքում գրանցված կողակի գետի հոսանքն ի վեր անարգել գաղթը:

 Առաջարկություններ

  •  Դադարեցնել ՓՀԷԿ-ի շահագործումը և ամբողջովին վերակառուցել ջրընդունիչ հանգույցը` որպես առաջնահերթ պայման ապահովելով բնապահպանական ելքի ավտոմատ անցումը:
  • Ապահովել էկոլոգիական հոսքի եւ ջրառի ավտոմատ կառավարում:
  • Ապահովել էկոլոգիական հոսքի եւ ջրառի առցանց վերահսկում:
  • Տեղադրել ջրաչափական սարքեր  էկոլոգիական հոսքի եւ ջրառի չափման համար:
  • Կազմակերպել  աղբապահ ճաղավանդակում հավաքված աղբի հեռացում:
  • Տրանսֆոմատորները կահավորել յուղորսիչ համակարգով:
  • Ագրեգատները փոխարինել ավելի բարձր  տեխնիկական արդյունավետություն ունեցող ագրեգատներով, որոնք կաշխատեն քիչ ջրաքանակով և կունենան ամբողջովին ավտոմատ կառավարման համակարգ:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:



Դեկտեմբեր 14, 2015 at 17:19


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր