

ԷկոԼուր
«Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում էկոԼուրն այցելեց ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնք:
10702 բնակչություն ունեցող Վարդենիկ համայնքում հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն ու անասնապահությունն է: Հիմնականում գյուղմթերքներից արտադրվում է կարտոֆիլ, կաղամբ և հացահատիկ: Որպես ոռոգման աղբյուր այստեղ օգտվում են Վարդենիս գետի ջրից, որը Սևանա լիճը սնուցող գետերից է:
Վարդենիս գետի վրա կառուցված է փոքր հիդրոէլեկտրակայան (ՓՀԷԿ): Վարդենիկի համայնքապետ Հովհաննես Հովեյանի խոսքով՝ կոնֆլիկտ փոքր ՀԷԿ-ի հետ կապված համայնքում չկա: «Դեռևս այն ժամանակ, երբ պատրաստվում էին ՀԷԿ-ը կառուցել, մենք ՀԷԿ-ի տնօրինության հետ եկանք համաձայնության և որոշեցինք, որ ՀԷԿ-ը կառուցվի Վարդենիս գետի այն հատվածում, որ ոռոգման համակարգին չխանգարի: ՀԷԿ-ը կառուցվեց մեր ժողովրդի, հիմնականում իմ որոշած մասում, որտեղ ինքը ոռոգման համակարգին չի խանգարում», - ԷկոԼուրի հետ զրույցում ասաց Վարդենիկի համայնքապետը: Նա նշեց, որ համայնքում ՓՀԷԿ-ի տնօրինության կողմից մինչ օրս ոչ մի սոցիալական ծրագիր չի իրականացվել: Սակայն ՓՀԷԿ-ի կառուցման փուլում ՓՀԷԿ-ի տնօրինության հետ համաձայնության են եկել, որ ամբողջությամբ վերանորոգեն համայնքի ոռոգման մայր առուն: Հովհաննես Հովեյանի խոսքով՝ այդ աշխատանքները նախատեսվում է իրականացնել 2016 թվականին:
Անդրադառնալով համայնքի սոցիալական վիճակին, Հովհաննես Հովեյանն ասաց. «Ինչպես Հայաստանի այլ վայրերում, այստեղ նույնպես առկա է գործազրկության խնդիրը: Աշխատանք չունենալու պատճառով մարդիկ մեկնում են արտագնա աշխատանքների: Եթե համայնքում լիներ որևէ արտադրական գործարան, բնակչությունը հաճույքով կմնար և կաշխատեր այստեղ»:
Հունվար 14, 2016 at 16:47


