Վերին Գետաշենի բնակիչները ՓՀԷԿ-ի ղեկավարությունից փոխհատուցում են պահանջում

Վերին Գետաշենի բնակիչները ՓՀԷԿ-ի ղեկավարությունից փոխհատուցում են պահանջում

ԷկոԼուր

ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքի բնակիչները համայնքի տարածքում կառուցված ՓՀԷԿ-ի ղեկավարությունից պահանջում են փոխհատուցում:

Խնդիրն այն է, որ ընկերությունը որոշակի գումարներ է վճարել բնակիչներին, երբ խողովակաշարի վթարի ժամանակ տուժել է բնակիչների բերքը: Սակայն վճարները բնակիչները համարում են կոնկրետ վնասի փոխհատուցում, այլ ոչ հողերի եւ շինությունների: Փաստացիորեն հարցը բաց է մնում:

«25 տարի ես այստեղ ունեցել եմ կիսակառույց շենք: ՀԷԿ-ի կառուցման ժամանակ էդ մարդիկ թե թյուրիմացաբար, թե դիտավորյալ են արել, ես չգիտեմ, իմ շենքը քանդել են, հիմա միայն մեկ պատն է մնացել: Նույնիսկ այդ շենքի համար վարկ եմ վերցրել, որ պիտի նորից շարունակեի շարել: 4 տարի է՝ բողոքում եմ, ասել եմ, խնդրել եմ, որ գոնե իմ շենքի շինանյութի արժեքը հաշվարկեն, փոխհատուցեն: Ասում են՝ կանենք, բայց դե ոչ մի բան էլ չեն արել», - ասաց Վերին Գետաշենի բնակչուհին և հավելեց, որ բացի կիսակառույց շենքից ոչնչացվել են նաև հողամասում առկա տասնյակ ծառերը:

Համայնքի մեկ այլ բնակչուհի էլ բողոքեց, որ իր հողամասի միջով անցկացրել են ճանապարհ ՓՀԷԿ-ի համար և մինչ օրս չեն վերականգնել: «Սա իմ պապենական հողն է, իմ կարտոֆիլի տարածքն է: Այստեղով ՀԷԿ-ի համար ճանապարհ են բացել, քանդած քարերը լցրել են իմ հողամասի մեջ, մեզ էլ ասում են՝ կգանք, ձեր հողամասը կվերականգնենք: Այս ամբողջ տարածքում կարտոֆիլ է եղել, ամբողջ գյուղը վկա է», - ասաց բնակչուհին:

«Ես պահանջել, ասել եմ՝ ինչ-որ քանդել եք, նույն ձևով վերականգնեք, իմ հողը տվեք ինձ: Պատասխանում են, որ վերականգնում ենք, բայց երբ՝ չենք իմանում: Բողոքները ներկայացվել են նաև գյուղապետարան: Այնտեղից էլ պատասխանում են՝ այսօր, վաղը կփոխհատուցեն», - նշեց մեկ այլ տուժած բնակիչ:

Բնակիչների խոսքով՝ փոքր ՀԷԿ-ի պատճառած վնասներից համայնքում տուժել է 25-30 ընտանիք:

Խնդրի վերաբերյալ ԷկոԼուրը զրուցեց նաև Վերին Գետաշենի գյուղապետ Ռուբիկ Ղուկասյանի հետ: «Ես ամեն ինչից տեղյակ եմ: Վթարի դեպք եղել է:  Ուսումնասիրվել է, մասնագիտական ակտեր են կազմվել, և բնակչությանը հասցված վնասները ՀԷԿ կառուցողները լրիվ փոխհատուցել են», - ասաց Ռուբիկ Ղուկասյանը՝ հավելելով, որ որպես համայնքի ղեկավար ինքն առաջին հերթին համայնքի բնակիչների շահերի երաշխավորն է:  Ինչ վերաբերում է այն հողակտորներին, որտեղով անցնում է ՓՀԷԿ-ի խողովակաշարը, գյուղապետը նշեց. «Մեծ մասն արդեն փոխհատուցում ստացել է, իսկ մնացածը շուտով բոլոր գումարները կստանան: Նրանց «գարանտը» ես վերցնում եմ իմ վրա»:

Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:



Հունվար 14, 2016 at 17:27


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր