

ԷկոԼուր
ՀՀ Լոռու մարզի Կուրթան համայնքի բնակիչները պնդում են, որ համայնքի տարածքում գործող փոքր ՀԷԿ-ի պատճառով Գարգառ գետը ցամաքել է, ձկնաշխարհը՝ վերացել, և գետում մնացել են միայն կոյուղաջրերը: «Մենք օգտվում էինք այդ գետից, հիմա չկա, ամեն ինչ վերացել է...ջուր չկա, ձուկ չկա, կոյուղաջրերն են մնացել», - ԷկոԼուրի հետ զրույցում ասացին Կուրթանի բնակիչները: Նրանց խոսքով՝ ջրառի հատվածում փոքր ՀԷԿ-ը վերցնում է գետի ջուրը՝ չպահպանելով էկոլոգիական թողքը: «Դամբայից հետո իրենք պետք է 30 տոկոս ջուր թողեն գետում, որ ձուկն էլ ապրի, կենդանական աշխարհը գոյատևի: Չկա, իրենք 30 տոկոս չէ, 0 տոկոս են ջուր թողնում: Կոյուղու ջրերն էլ թափվում են գետի մեջ, անասունները գնում, խմում են, և հիվանդություններ է տարածվում: Արդեն 3-4 անասուն սատկել է», - հայտնեց Կուրթանի վրդովված բնակիչը և նշեց, ոչ ոք չի ստացել փոխհատուցում սատկած անասունների դիմաց:
«Բնապահպանության վիճակը շատ վատ է: Մենք օգտվում էինք էս գետից, մեր երեխաները ժամանակին այդտեղ լողանում էին: Չկա, վերացել է ամեն ինչ: Ջուրը վերցրել է ՀԷԿ-ը, ձուկ էլ չկա», - նշեց մեկ այլ բնակիչ:
Բնակիչների փոխանցմամբ՝ փոքր ՀԷԿ-ի ղեկավարությունը չի իրականացնում նախկինում խոստացած սոցիալական ծրագրերը. «Խոստացան, որ մանկապարտեզին, դպրոցին անվճար հոսանք կտան, ազատամարտիկներին էլ՝ զեղչով: Ոչ մի բան չկա»:
Բնակիչները նաև հայտնեցին, որ ոռոգման նպատակով համայնքը գետից չի օգտվում. ոռոգման համակարգ չկա: "Մեր ոռոգման համակարգը փչացած է, եղածն էլ գողացել, տարել են: Փաստորեն գյուղացին մոլորված է, մեր հողերը դառնում են ոչ բերրի», - ասաց Կուրթանի բնակիչը:
Առկա խնդիրների վերաբերյալ ԷկոԼուրը զրուցեց Կուրթանի համայնքապետ Մհեր Գևորգյանի հետ: Նա հայտնեց, որ ժամանակին համայնքում փոքր ՀԷԿ-ի հետ կապված խնդիրներ եղել են, ջուր քիչ են բաց թողել գետ, բայց այժմ բողոքներ չկան:
Ձկնաշխարհի վերաբերյալ համայնքապետը նշեց. «Ընդհանուր ձկնաշխարհը քչացել է, բայց պետք չէ ամբողջ մեղքը գցել ՀԷԿ-ի վրա: Ճիշտ է, խողովակաշարի անցկացրած հատվածում ձուկ քիչ կլինի, բայց ձկան պաշարների նվազումը ես ավելի շատ կապում եմ բնության հետ: Տեղումները քիչ են, գետում ջրի մակարդակը իջել է: Այստեղ կա նաև որսի գործոնը»: Համայնքապետը չժխտեց այն հանգամանքը, որ գետն աղտոտվում է կոյուղաջրերով և ասաց, որ համայնքը չունի մաքրման կայան և ի վիճակի չի կառուցել. համայնքի բյուջեն թույլ չի տալիս:
Ոռոգման համակարգի վերաբերյալ Մհեր Գևորգյանը հայտնեց. «ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ոռոգման համակարգ չունենք: Խողովակները մնացել են հողի տակ, չենք թողել գողանան, տանեն: Ինքս փորձել եմ տարբեր ծրագրերի միջոցով վերականգնել ոռոգման համակարգը, բայց չեմ կարողացել: Եթե ոռոգման համակարգ լիներ, մենք երկու անգամ ավել եկամուտ կստանայինք մեր հողերից, բայց այսօր մենք ունենք անջրդի հողեր»:
![]() |
![]() |
![]() |
![]() |
Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:
Հունվար 22, 2016 at 17:41




