

ԷկոԼուր
«Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբն այցելեց «Հեր-Հեր 1» փոքր ՀԷԿ: «Հեր-Հեր 1» փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Վայոց ձորի մարզի Արին համայնքում, կառուցված է Հեր-Հեր գետի վրա (երկարությունը 28կմ): ՓՀԷԿ-ը շահագործում է «Ֆիրմա Գ.Ա.Խ.» ՍՊԸ-ն:
Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.
- Ըստ նախագծի` ՓՀԷԿ-ի ստատիկ ճնշումը 57.67մ է, հաշվարկային ճնշումը` 51.96մ է, ՓՀԷԿ-ի կողմից օգտագործվող հաշվարկային ելքը` 2.4մ3/վ, դրվածքային հզորությունը` 1022 կՎտ, էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը, ըստ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015թ-ի հունվարի 1-ի տեղեկանքի, 4.753985 մլն.կՎտ.ժամ է, հաշվարկային արտադրությունն, ըստ նախագծի, 5.15 մլն. կՎտ.ժամ է, լիցենզիայի ժամկետը` 02.12.2009-02.12.2024թթ., Ջրօգտագործման թույլտվության ժամկետը` 14.06.2013-14.06.2016թթ.:
- ՓՀԷԿ-ի համար անհրաժեշտ ջրառն իրականացվում է Հեր-Հեր ջրամբարի պատվարից ներքև կառուցված ջրհավաք ավազանում` մեկ այլ ՀԷԿ-ի ջրթափից անմիջապես հետո։ ՓՀԷԿ-ի ջրընդունիչում պատվարը բացակայում է թեպետ նախագծով նախատեսված է եղել 2մ բարձրությամբ պատվար: ՓՀԷԿ-ի ջրառ հանգույցում ձկնանցարանը ևս բացակայում է, քանի որ ջրառից անմիջապես վերև գտնվող ջրամբարի կառուցվածքներում ձկնանցարանի առկայության կամ բացակայության պարագայում անիմաստ է դառնում ձկնանցարանի անհրաժեշտությունը:
- Հեր-Հեր գետում կարող են հանդիպել կարմրախայտը, կողակը, Կուրի բեղաձուկը, արևելյան տառեխիկը, Կուրի սպիտակաձուկը, կարող է ներթափանցել ծիածանախայտը:
- Ըստ ջրօգտագործման թույլտվության` «Հեր-Հեր 1» ՓՀԷԿ-ը տարեկան կարող է օգտագործել 54673.92 հազար խմ ջուր: Բնապահպանական թողքի տվյալը ՋԹ-ում նշված չէ: Ըստ ՓՀԷԿ-ի ներկայացուցչի` գետ է բաց թողնվում 495 լ/վ բնապահպանական թողք: Դիտարկման պահին գետում կար մոտ 150-200 լ/վրկ ջուր:
- «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալներով` «Հեր-Հեր 1» ՓՀԷԿ-ը 2014 թվականին աշխատել է 12 ամիս` արտադրելով 1898029 կՎտ էլեկտրաէներգիա:
- Դերիվացիոն խողովակաշարը պողպատյա է, հիմնականոււմ վերգետնյա է: Խողովակաշարի երկարությունը, ըստ նախագծի, 1423մ է, տրամագիծը`1220 մմ:
- Հեր հեր գետի վրա կառուցված «Հեր-Հեր-1» (շահագործող` «ՖԻՐՄԱ Գ.Ա.Խ.» ՍՊԸ, խողովակաշարի երկարությունը՝ 1423մ), «Հեր-Հեր-1» (շահագործող`«ՎԳ և Որդիներ» ՍՊԸ, խողովակաշարի երկարությունը, ըստ նախագծի, 2111մ) ՓՀԷԿ-երի դերիվացիայի գումարային երկարության (3534) տոկոսային հարաբերությունը գետի երկարության հետ կազմում է 12,62%:
- ՓՀԷԿ-ի շենքում տեղադրված է տեղական «Խորդա» և «Ծատրյան» ընկերությունների արտադրության երկու (Նախագծով եւս նախատեսված է 2 ագրեգատ) հնացած և մաշված ագրեգատներ: Դիտարկման պահին աշխատում էր մեկը: Ջրսակավ ժամանակահատված էր և «Ֆրենսիս» տուրբինը 500լ/վրկ ջրաքանակով ապահովում էր 200 կՎտ հզորություն: Աշխատակցի պնդմաmբ ՓՀԷԿ-ի տնտեսական շահավետությունը շատ ցածր է, և ՓՀԷԿ-ն իր նախագծային հզորությունը չի ապահովում, քանի որ ագրեգատն աշխատում է պոմպով (որի ՕԳԳ-ն 42% է), իսկ տուրբինները քիչ ջրաքանակով չեն կարող աշխատել:
- Տրանսֆորմատորային ենթակայանում տեղադրված տրանսֆորմատորները յուղահավաք համակարգ չունեն:
- Տարածքում կուտակված էին տարբեր տեսակի թափոններ, այդ թվում` հիդրոտեխնիկական սարքավորումներից առաջացած մետաղի ջարդոններ, շինարարական աղբ: Բացակայում էր կենցաղային կեղտաջրերի հեռացման լուծումը:
- Կայանային հանգույցի տարածքը պարսպապատ և բարեկարգ չէ: Կանաչապատման աշխատանքներ չեն արվել:
- Համապատասխան բնապահպանական մարմնի կողմից կնքված ջրաչափ և ջրի մակարդակի ավտոմատ կառավարման համակարգ ջրառում չկա:
- ՓՀԷԿ-ի գլխամասային հանգույցի` ուղիղ գծով հեռավորությունը «Հերհերի նոսրանտառային» պետական արգելավայրից կազմում է 4000 մետր:
- 2014, 2015 թվականներին ՓՀԷԿ-ում բնապահպանական պետական տեսչությունն անցկացրել է ստուգումներ եւ խախտումներ չի արձանագրել:
- ՓՀԷԿ-ում աշխատում է 5 հոգի:
Առաջարկություններ
- ՋԹ-ում հստակեցնել բնապահպանական թողքի չափը:
- Ջրընդունիչ հանգույցում բնապահպանական թողքի բաց թողնումը կարգավորել ավտոմատ կառավարման համակարգով և չափիչ սարքավորումների, ջրառի առցանց վերահսկման միջոցով:
- Վերակառուցել ՓՀԷԿ-ը և վերազինել բարձր արդյունավետությամբ նոր, ժամանակակից հիդրոագրեգատներով, քանի որ գոյություն ունեցողները շատ հնացած են:
-Կայանային հանգույցի տարածքը մաքրել հիդրոտեխնիկական սարքավորումներից առաջացած մետաղի ջարդոններից և շինարարական աղբից և սահմանված կարգով իրականացնել կենցաղային աղբի հեռացումը:
- Իրականացնել բավարար կանաչապատման և բարեկարգման աշխատանքներ:
- Տրանսֆոմատորները կահավորել յուղահավաք համակարգով:
- Ռեկուլտիվացնել խողովակաշարի վերգետնյա հատվածները։
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:
Փետրվար 09, 2016 at 12:38















