«Հեր-Հեր -1» ՓՀԷԿ փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

«Հեր-Հեր -1»  ՓՀԷԿ փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

ԷկոԼուր 

«Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբն այցելեց «Հեր-Հեր 1» փոքր ՀԷԿ: «Հեր-Հեր 1» փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Վայոց ձորի մարզի Հերհեր համայնքում: Ըստ ջրօգտագործման թույլտվության` ՓՀԷԿ-ը կառուցված է Հեր-Հեր գետի եւ նրա վտակ Կարավազի վրա: Սակայն փորձագիտական խմբի մոնիտորինգի արդյունքում պարզվեց, որ ՓՀԷԿ-ը կառուցված է 2 գետերի միախառնման կետից քիչ ներքեւ` Հեր-Հեր գետի վրա (երկարությունը 28կմ): ՓՀԷԿ-ը շահագործում է «ՎԳ և Որդիներ» ՍՊԸ-ն:

Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.

  • Ըստ նախագծի` ՓՀԷԿ-ի ստատիկ ճնշումը 237մ է, հաշվարկային ճնշումը` 237մ, ըստ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) 2015թ-ի հունվարի 1-ի  տեղեկանքի` 209մ, ՓՀԷԿ-ի կողմից օգտագործվող հաշվարկային ելքը, ըստ նախագծի եւ ՀԾԿՀ-ի տեղեկանքի` 1.04մ3/վ է, դրվածքային հզորությունը՝   1608 կՎտ, էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը, ըստ ՀԾԿՀ-ի 2015թ-ի հունվարի 1-ի տեղեկանքի, 3.70497մլն.կՎտ.ժամ, հաշվարկային արտադրությունն, ըստ նախագծի, 4.4 մլն. կՎտ.ժամ, լիցենզիայի ժամկետը` 28.04.2010-28.04.2025թթ., կառուցման ջրօգտագործման թույլտվության գործունեության ժամկետը` 28.04.2010-28.04.2025թթ.:
  • ՓՀԷԿ-ի բետոնե պատվարի երկարությունը 10մ է, բարձրությունը` 1,4մ նախագծային 8 մ երկարության եւ 2.6մ բարձրության փոխարեն:
  • Նախագծով նախատեսվել է 1.1մ լայնությամբ և 2.0մ երկարությամբ բետոնե աստիճանաձև ձկնանցարան: Իրականում ձկնանցարանը բացակայում է, և ստորին հոսանքից վեր բարձրացող կամ իջնող ձկների համար պայմանները բացակայում են:
  • Պատվարի ձախ մասում գտնվող տղմազտարանի վերջում՝ խողովակաշարի մուտքի դիմաց, տեղադրած էր 1 սմ տրամագծով անցքեր ունեցող աղբորսիչ, որը կարող է կատարել ձկնապաշտպան ցանցի դեր:
  •  Հեր-Հեր գետում  կարող են հանդիպել կարմրախայտը, արևելյան տառեխիկը:
  • Ըստ ջրօգտագործման թույլտվության` «Հեր-Հեր-1» ՓՀԷԿ-ը տարվա 12 ամիսների ընթացքում կարող է ջրառ կատարել` գետում ապահովելով 0.01խմ/վ բնապահպանական թողք: Նախագծով բնապահպանական թողքը սահմանված է եղել 0.04 խմ/վ:
  • Դիտարկման պահին գետի հունը ամբողջովին փակ էր, և եղած գրեթե ողջ ջուրը մտնում էր ՓՀԷԿ-ի խողովակաշարի մեջ։ Ջրառից հետո գետի մեջ մնում էր միայն մանր ճեղքերով անցած ջրաքանակ: Շարված էին նաև փայտից տախտակներ և քարեր՝ հորդառատ ժամանակ ջրի հոսքը փակելու նպատակով… Պարզ չէր, թե ընդհանրապես ինչպես և որտեղից է բաց թողնվում բնապահպանական թողքը:
  •  «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալներով` «Հեր-Հեր-1» ՓՀԷԿ-ը 2014 թվականին աշխատել է 6 ամիս` արտադրելով 2862142 կՎտ էլեկտրաէներգիա:
  • Դերիվացիոն խողովակաշարը պողպատյա է, դիտարկած հատվածներում թաղված է:  Խողովակաշարի երկարությունը, ըստ նախագծի,  2111մ է, տրամագիծը` 720մմ մմ:
  • Հեր հեր գետի վրա կառուցված «Հեր-Հեր-1»  (շահագործող` «ՖԻՐՄԱ Գ.Ա.Խ.» ՍՊԸ, խողովակաշարի երկարությունը՝ 1423մ), «Հեր-Հեր-1» (շահագործող`«ՎԳ և Որդիներ» ՍՊԸ, խողովակաշարի երկարությունը, ըստ նախագծի, 2111մ) ՓՀԷԿ-երի դերիվացիայի գումարային երկարության (3534) տոկոսային հարաբերությունը գետի երկարության հետ կազմում է 12,62%:
  • Նախագծին համապատասխան ՓՀԷԿ-ի շենքում տեղադրված է երկու չինական ագրեգատ: Դիտարկման պահին աշխատում էր մեկը: Գետում ջրսակավ ժամանակահատված էր, և տուրբինն աշխատում էր 150լ/վրկ ջրաքանակով /նվազագույնը կարող է աշխատել 100լ/վրկ ջրաքանակով/ և ստանում  150 կվտ/ժ էլեկտրաէներգիա: Աշխատակցի պնդմամբ` ՓՀԷԿ-ն իր նախագծային հզորությունն ապահովում է միայն ապրիլ-հունիս ամիսներին:
  • Տրանսֆորմատորային ենթակայանը ցանկապատված է, տեղադրված մեկ տրանսֆորմատորը կահավորված չէ յուղահավաք համակարգով:
  • Ջրառի և բնապահպանական թողքի ավտոմատ կառավարում և հաշվառում ապահովված չէ:
  • Համապատասխան բնապահպանական մարմնի կողմից կնքված ջրաչափ ջրառում չկա:
  • Բացակայում է կենցաղային կեղտաջրերի հեռացման լուծումը:
  • Կայանային հանգույցի տարածքը ցանկապատված և բարեկարգ չէ: Առկա են նորատունկ ծառեր:
  • ՓՀԷԿ-ի բոլոր կառույցները գտնվում են «Հերհերի նոսրանտառային» պետական արգելավայրի տարածքում։ Բացի այդ, ջրառի իրականացման հատվածում` կայանից մոտ 500 մետր վերև, գտնվում է  Հերհերի ջրվեժը, որը գրանցված է ՀՀ բնության հուշարձանների ցանկում։ Բնականաբար, սակավաջուր ժամանակ ՓՀԷԿ-ի աշխատելու դեպքում ջրվեժը գրեթե ցամաքում է:

Առաջարկություններ

  1. Գլխամասային հանգույցը ամբողջովին վերակառուցել և ապահովել բոլոր էկոլոգիական նորմերի պահպանումը։
  2. Կարելի է նաև հրաժարվել պատվարից, և ջրառն իրականացնել այլ հիդրոտեխնիկական լուծումների շնորհիվ։ Պատվարային եղանակը թողնելու դեպքում՝ նախագծել և կառուցել ձկների տեղաշարժն ապահովող ձկնանցարան։
  3. Ապահովել բնապահպանական թողքի ավտոմատ կառավարում, ջրաչափիչ սարքերի տեղադրում և առցանց վերահսկում։
  4. Վերանայել ՋԹ-ով սահմանված բնապահպանական թողքը. 0,08 մ3/վ քանակը շատ քիչ է գետի և շրջակայքի էկոհամակարգի համար։ Պետք է հաշվի առնել նաև «Հերհերի նոսրանտառային» պետական արգելավայրի և Հերհերի ջրվեժ բնության հուշարձանի առկայությունը։
  5. Ապահովել ՓՀԷԿ-ի ամբողջովին ավտոմատ կառավարում:
  6. Տրանսֆորամտորի տակ տեղադրել յուղորսիչ։
  7. Կայանային հանգույցի տարածքում իրականացնել բավարար կանաչապատման և բարեկարգման աշխատանքներ:
  8. Լուծել կենցաղային կեղտաջրերի հեռացման խնդիրը:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:



Փետրվար 10, 2016 at 18:42


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր