«Եղեգիս-3» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

«Եղեգիս-3»  փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

ԷկոԼուր

«Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբն այցելեց «Եղեգիս-3» փոքր ՀԷԿ: «Եղեգիս-3»    փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Գողթանիկ համայնքի վարչական տարածքում: ՓՀԷԿ-ը կառուցված է Եղեգիս գետի վրա (երկարությունը 47 կմ): ՓՀԷԿ-ը շահագործում է «ՍՅՈՒՆՅԱՑ ՎՈԹԸ» ՍՊԸ-ն: 

Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.

 «Եղեգիս-3» ՓՀԷԿ-ը շահագործման է հանձնվել 2012թ-ին:

  • Ըստ նախագծի՝ ՓՀԷԿ-ի ստատիկ ճնշումը 87.5մ է: Ըստ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) 2015թ-ի հոկտեմբերի  1-ի տեղեկանքի՝ ՓՀԷԿ-ի հաշվարկային ճնշումը 74.03 մ է: ՓՀԷԿ-ի հաշվարկային ելքը, ըստ նախագծի եւ ՀԾԿՀ-ի տեղեկանքի, 4.0 մ3/վ է: ՓՀԷԿ-ի դրվածքային հզորությունը, ըստ նախագծի եւ ՀԾԿՀ-ի տեղեկանքի,  2377.2 կՎտ է: ՀԾԿՀ-ի 2015թ-ի հոկտեմբերի 1-ի տեղեկանքի համաձայն՝ ՓՀԷԿ-ի էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը 6.265 մլն.կՎտ.ժամ է, լիցենզիայի ժամկետը` 17.04.2013-17.04.2028թթ., շահագործման ջրօգտագործման թույլտվության ժամկետը` 14.06.2013- 14.06.2016թթ..:
  • ՓՀԷԿ-ի ջրառի եւ ջրահեռացման կետերի իրական կոորդինատներն ու ծովի մակարդակից բարձրությունները լիովին համապատասխանում են ՋԹ-ում նշված կոորդինատներին:
  • «Եղեգիս-3» ՓՀԷԿ-ի գլխամասը գտնվում է «Եղեգիս-1» ՓՀԷԿ-ի շենքից մոտ 50մ ներքև: ՓՀԷԿ-ի պատվարի երկարությունը 8 մ է, բարձրությունը՝ 1.5 մ: Նախագծով նախատեսված է ջրթափային պատվար, տիրոլյան տիպի ջրընդունիչ, տղմազտարան:
  • Բնապահպանական թողքն անցնում է պատվարի աջ կողմում կառուցված աստիճանաձեւ ձկնանցարանով: Ձկնանցարանն ունի 7.5 մ երկարություն, 2.3 մ բարձրություն և 1.5-2.5 մ լայնություն: Ձկնանցարանի մուտքի մոտ տեղադրված են մետաղյա անկյունակներ ձկնանցարանի մուտքի մակարդակն ավելի բարձրացնելու և պետք եղած դեպքում լրիվ փակելու նպատակով: Ձկնանցարանի ամենաստորին աստիճանը գետի մակարդակից բարձր է մոտ 60 սմ, ինչը լրացուցիչ դժվարություններ է ստեղծում գետի հունով վեր բարձրացող ձկների համար: Ընդհանուր առմամբ, ձկնանցարանը նպաստավոր պայմաններ ստեղծում է հիմնականում կարմրախայտի տեղափոխման համար, իսկ մյուս ձկնատեսակների համար՝ ոչ:
  • Գլխամասում բացակայում են ձկնապաշտպան ցանցավանդակները: Դրանց փոխարեն առկա են 3 աղբորսիչ ճաղավանդակներ՝ յուրաքանչյուրը 1.4 մ երկարությամբ,  որոնց ճեղքերի միջև հեռավորությունը 8-10 սմ է: Նման ճեղքերը չեն կարող արգելել մինչև 20 սմ երկարություն ունեցող ձկների հայտնվելը ճնշումային խողովակաշարում:
  • Եղեգիս գետի տվյալ տեղամասում հանդիպում են կարմրախայտը, արևելյան տառեխիկը, Կուրի բեղաձուկը, Սևանի կողակը (գրանցված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում), հնարավոր է նաև թեփուղը, Կուրի սպիտակաձուկը: Գետի հունի մոտակայքում կառուցված ֆորելային լճակներից հավանական է ծիածանախայտի պարբերաբար ներթափանցումը:
  • Խողովակաշարը պողպատյա է, երկարությունը համապատասխանում է նախագծային տվյալին՝ 1391մ, տրամագիծը՝ 1.2մ: Խողովակաշարն ամբողջովին վերգետնյա է, ինչը շեղում է նախագծից:
  • Եղեգիս գետի վրա կառուցված «Եղեգիս-1»  (ըստ ՀԾԿՀ-ի տեղեկանքի՝ դերիվացիայի եկարությունը՝ 4000մ ) «Եղեգնաձոր» (ըստ նախագծի՝ 3250մ, 54մ) 3.  «Եղեգնաձոր ՓՀԷԿ-1» (ըստ նախագծի՝ 2650մ)  «ԵՂԵԳԻՍ-3» (ըստ նախագծի՝ դերիվացիայի երկարությունը՝ 1391մ),  «Եղեգիս-2»  (ըստ նախագծի՝ դերիվացիայի երկարությունը՝ 2138մ), «Եղեգ» ՓՀԷԿ (ըստ նախագծի՝ դերիվացիայի երկարությունը՝ 1924մ), «Գողթանիկ» (ըստ նախագծի՝ դերիվացիայի երկարությունը՝ 1400մ), «Եղեգիս»  (դերիվացիայի երկարությունը՝ 2450մ) «Տիգրան Մեծ» (ըստ նախագծի՝ դերիվացիայի երկարությունը՝ 2691մ), «ԽԱՉԻ ՔԱՐ» (ըստ նախագծի՝ դերիվացիայի երկարությունը՝ 2240մ) ՓՀԷԿ-երի դերիվացիայի գումարային երկարության (24188մ) տոկոսային հարաբերությունը Եղեգիս գետի երկարության հետ կազմում է 51.46%:
  • Եղեգիս գետի վրա նախատեսվում է  հետեւյալ ՓՀԷԿ-երի կառուցումը՝ «Ալնարս» ՓՀԷԿ` շահագործող` «ԱԼՆԱՐՍ» ՍՊԸ  (Ըստ ՀԾԿՀ-ի տեղեկանքի՝  խողովակաշարի երկարությունը՝ 2300մ),  «Եղեգնուտ» ՓՀԷԿ, շահագործող` «ՎՏՎ ԷՆԵՐՋԻ» ՍՊԸ (Ըստ ՀԾԿՀ-ի տեղեկանքի՝ խողովակաշարի երկարությունը՝ 2665մ), «ԷԼԻՍ» ՓՀԷԿ, շահագործող «ԷԼԻՍ ՀԷԿ» ՍՊԸ (Ըստ ՀԾԿՀ-ի տեղեկանքի՝  ՓՀԷԿ-ը կառուցվելու է Եղեգիս եւ Սողանլու գետերի վրա, խողովակաշարերի երկարությունը՝ 2360,0մ եւ 2288,0մ):
  •  Ըստ ջրօգտագործման թույլտվության` «Եղեգիս-3» ՓՀԷԿ-ը տարվա բոլոր ամիսների ընթացքում կարող է գետից վերցնել 43204.0 հազար խմ/վ ջուր՝ ապահովելով 0.18 խմ/վ բնապահպանական թողք:
  • «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալներով` «Եղեգիս-3» ՓՀԷԿ-ը 2014 թվականին աշխատել է 12 ամիս` արտադրելով 6265397 կՎտ էլեկտրաէներգիա:
  • Էլեկտրաէներգիայի արտադրման հավասարաչափ բաշխումը ըստ ամիսների բացատրվում է նրանով, որ ջրառի կետից վերև Արփա-Սևան թունելով Կեչուտի ջրամբարից եկող մեծ քանակությամբ ջուրը բաց է թողնվում Եղեգիս գետ, ինչն էլ ապահովում է ջրասակավ ժամանակաշրջանում գետի հոսքի արհեստական ավելացումը։ Օրինակ. օգոստոս ամսվա համար ՋԹ-ով տրված 0,17 մ3/վ ջրառի քանակով ուղղակի անհնար է արտադրել 704 002 կՎտ/ժամ էլեկտրաէներգիա, որքան որ ՓՀԷԿ-ն արտադրել է 2014թ-ի օգոստոսին: Նույնը վերաբերում է նաև այլ ջրասակավ ամիսներին:
  • Կայանում տեղադրված 3 ագրեգատներից դիտարկման պահին աշխատում էր մեկը և ապահովում էր 720 կվտ դրվածքային հզորություն (նախագծով նախատեսված է եղել 3 ագրեգատ):
  •  Ջրառի և բնապահպանական թողքի ավտոմատ կառավարում և հաշվառում ապահովված չէ:
  • Կայանում ամբողջովին ավտոմատ կառավարման համակարգ չկա:
  • Համապատասխան բնապահպանական մարմնի կողմից կնքված ջրաչափ ջրառում չկա:
  • Տրանսֆորմատորային ենթակայանը թիթեղապատ է, տեղադրված  3 տրանսֆորմատորները կահավորված չեն յուղահավաք համակարգով:
  • Հողի բերրի շերտի պահպանմանը եւ օգտագորմանը ներկայացվող պահանջները կատարված չեն:
  • Ազատ ջրօգտագործման պահանջը կատարվում է:
  • Կենցաղային կեղտաջրերի հեռացման լուծումները բացակայում են:
  • ՓՀԷԿ-ի շենքի տարածքը բարեկարգ չէ, առկա են շինարարական և մետաղական թափոններ: Տարածքում կան նորատունկ ծառեր:
  • Մոտակա Բնության հատուկ պահպանվող տարածքը «Եղեգնաձորի» արգելավայրն է, որի տեղադիրքը ՀՀ Վայոց ձորի մարզի Արփա գետի աջափնյա վտակ Եղեգիս գետի ավազանն է՝ ծովի մակարդակից 1200-2800 մ բարձրության վրա:
  • ՓՀԷԿ-ը ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչության կողմից տուգանվել է 200 հազար դրամի չափով:

 Առաջարկություններ

  1. Բնապահպանական ելքի սահմանված քանակի անցկացման համար  վերակառուցել ջրընդունիչ հանգույցը` կահավորելով այն   ՓՀԷԿ-ի համար անհրաժեշտ ջրառի և բնապահպանական ելքի չափաքանակի կարգավորման ավտոմատ կառավարման համակարգերով և չափիչ սարքավորումներով:
  2. Ապահովել բնապահպանական թողքի առցանց վերահսկում:
  3. Հեռացնել ձկնանցարանի մուտքը փակելու համար արված կոնստրուկցիան։
  4. Հաշվարկել Եղեգիս գետով անցնող ջրի իրական քանակը՝ հաշվի առնելով Կեչուտի ջրամբարից՝ Արփա-Սևան թունելից, ջրաքանակի բաց թողումը Եղեգիս գետ։
  5. Վերանայել ՋԹ-ով սահմանված 0,18 մ3/վ բնապահպանական թողքի քանակը. այն  շատ փոքր է Եղեգիս գետի համար եւ չի կարող ապահովել գետի և կենսաբազմազանության բնականոն վիճակը։
  6. ՓՀԷԿ-ը վերազինել բարձր արդյունավետությամբ նոր, ժամանակակից հիդրոագրեգատներով, որոնք կաշխատեն քիչ ջրաքանակով և կապահովեն նախագծային հզորությունը:
  7. Իրականացնել բավարար կանաչապատման և բարեկարգման աշխատանքներ:
  8. Կենցաղային կեղտաջրերի հեռացումն իրականացնել սահմանված կարգով՝ անջրթափանց հորի կամ «mini» մաքրման կայանի միջոցով:
  9. Տրանսֆորմատորները կահավորել յուղահավաք համակարգով:
  10. Կայանային հանգույցի տարածքը մաքրել աղբից և թափոններից և սահմանված կարգով իրականացնել առաջացող աղբի հեռացումը:
 
 
 
 
 
 
 

Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:



Մարտ 11, 2016 at 18:56


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր