«Եղեգիս 1» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

«Եղեգիս 1»  փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

ԷկոԼուր

«Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբն այցելեց «Եղեգիս 1»  փոքր ՀԷԿ: «Եղեգիս 1»     փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Վարդահովիտ համայնքի վարչական տարածքում: ՓՀԷԿ-ը կառուցված է Եղեգիս գետի վրա (երկարությունը 47 կմ): ՓՀԷԿ-ը շահագործում է «ԲԱԶԵՆՔ» ՓԲԸ-ն:

Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.

  • « Եղեգիս 1» ՓՀԷԿ-ը շահագործման է հանձնվել 2004թ-ին:
  • ՓՀԷԿ-ի ստատիկ ճնշումը, ըստ ընկերության, 264մ է, ՓՀԷԿ-ի հաշվարկային ճնշումը, Ըստ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) 2015թ-ի հունվարի 1-ի տեղեկանքի, 242.08մ է, ըստ նախագծի՝ 228.6մ, ըստ ընկերության՝ 264մ: ՓՀԷԿ-ի հաշվարկային ելքը, ըստ ՀԾԿՀ-ի եւ նախագծի, 5 մ3/վ է: ՓՀԷԿ-ի դրվածքային հզորությունը, ըստ ՀԾԿՀ-ի` 9950 կՎտ է, ըստ նախագծի՝ 9360 կՎտ: Ըստ ՀԾԿՀ-ի հունվարի 1-ի տեղեկանքի՝ էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը՝ 25.02 մլն.կՎտ.ժամ է, հաշվարկային արտադրությունն, ըստ նախագծի,26.84 մլն.կՎտ.ժամ, լիցենզիայի ժամկետը` 01.06.2004-01.06.2019թթ.., շահագործման ջրօգտագործման թույլտվության (ՋԹ) ժամկետը` 07.06.2011 - 07.06.2014թթ.: Ընկերությունը դիմել ՀՀ բնապահպանության նախարարություն՝ նոր ՋԹ ստանալու համար:
  • ՓՀԷԿ-ի ջրառի եւ ջրահեռացման կետերի իրական կոորդինատներն ու ծովի մակարդակից բարձրությունները համապատասխանում են ՋԹ-ում նշված կոորդինատներին:
  • «Եղեգիս-1» ՓՀԷԿ-ի ջրընդունիչը ներառում է 4 սեկցիաներով պատվար, որի միջոցով ջուրը հեռացվում է տղմազտարան: Պատվարի աջակողմյան մասում գլաքարերով կառուցված է ձկնանցարան:
  • Պատվարի երկարությունը 28 մ է, բարձրությունը՝ 4 մ: Ըստ նախագծի՝ պատվարի երկարությունը  27.5մ է, բարձրությունը՝ 9.5մ:
  • ՓՀԷԿ-ի գլխամասում առկա է 38 մ երկարությամբ, պատվարի մոտ 1.40 մ բարձրությամբ և 0.4-0.6 մ լայնությանբ գլաքարերով ու բետոնով կառուցված ձկնանցարան: Ձկնացարանի ստորին մասը ավարտվում է ուղղակի ճանապարհի վրա և դիտարկման պահին գետի հետ անմիջական կապ չուներ, իսկ վերին մասում փակված էր մետաղական թիթեղով:  Նման կառուցվածք ունեցող ձկնանցարանը գրեթ չի կարող ապահովել գետում բնակվող ձկների տեղաշարժը գետի ստորին հոսանքից դեպի վեր: Ձկնանցարանի չափերը կասկածի տակ են դնում գետի այդ հատվածի համար սահմանված` 290լ/վրկ բնապահպանական թողքի բաց թողնումը:
  • Գլխամասում բացակայում են ձկնապաշտպան ցանցավանդակները: Դրանց փոխարեն առկա են 4 աղբորսիչ ճաղավանդակներ՝ յուրաքանչյուրը 5.4 մ երկարությամբ,  որոնց ճեղքերի միջև հեռավորությունը 2.5-3.0 սմ է: Նման ճեղքերը չեն կարող արգելել մինչև 8 սմ երկարություն ունեցող մանրաձկների հայտնվելը ճնշումային խողովակաշարում: Ըստ նախագծի՝ ձկնապաշտպան ցանց  չի նախատեսվել այն հիմնավորմամբ, որ «Արփա-Սևան» թունելի և «Էլեգիս» ՓՀԷԿ-ի առկայություններն աննպատակ են դարձնում ձկնապաշտպան միջոցառումների նախատեսումը:
  • Եղեգիս գետի տվյալ տեղամասում հանդիպում է կարմրախայտը: Հնարավոր է նաև արևելյան տառեխկի և Կուրի բեղաձկան առկայությունը:
  • ՓՀԷԿ-ի խողովակաշարը պողպատյա է, երկարությունը համապատասխանում է նախագծային տվյալներին: Ըստ նախագծի՝ խողովակաշարի երկարությունը 4070մ է, տրամագիծը՝ 1.4մ:
  •  Եղեգիս գետի վրա կառուցված «Եղեգիս-1»  (ըստ ՀԾԿՀ-ի տեղեկանքի՝ դերիվացիայի եկարությունը՝ 4000մ ) «Եղեգնաձոր» (ըստ նախագծի՝ 3250մ, 54մ) 3.  «Եղեգնաձոր ՓՀԷԿ-1» (ըստ նախագծի՝ 2650մ)  «ԵՂԵԳԻՍ-3» (ըստ նախագծի՝ դերիվացիայի երկարությունը՝ 1391մ),  «Եղեգիս-2»  (ըստ նախագծի՝ դերիվացիայի երկարությունը՝ 2138մ), «Եղեգ» ՓՀԷԿ (ըստ նախագծի՝ դերիվացիայի երկարությունը՝ 1924մ), «Գողթանիկ» (ըստ նախագծի՝ դերիվացիայի երկարությունը՝ 1400մ), «Եղեգիս»  (դերիվացիայի երկարությունը՝ 2450մ) «Տիգրան Մեծ» (ըստ նախագծի՝ դերիվացիայի երկարությունը՝ 2691մ), «ԽԱՉԻ ՔԱՐ» (ըստ նախագծի՝ դերիվացիայի երկարությունը՝ 2240մ) ՓՀԷԿ-երի դերիվացիայի գումարային երկարության (24188մ) տոկոսային հարաբերությունը Եղեգիս գետի երկարության հետ կազմում է 51.46%:
  • Եղեգիս գետի վրա նախատեսվում է  հետեւյալ ՓՀԷԿ-երի կառուցումը՝ «Ալնարս» ՓՀԷԿ` շահագործող` «ԱԼՆԱՐՍ» ՍՊԸ  (Ըստ ՀԾԿՀ-ի տեղեկանքի՝ խողովակաշարի երկարությունը՝ 2300մ),  «Եղեգնուտ» ՓՀԷԿ, շահագործող` «ՎՏՎ ԷՆԵՐՋԻ» ՍՊԸ (Ըստ ՀԾԿՀ-ի տեղեկանքի՝ խողովակաշարի երկարությունը՝ 2665մ) , «ԷԼԻՍ» ՓՀԷԿ, շահագործող «ԷԼԻՍ ՀԷԿ» ՍՊԸ (Ըստ ՀԾԿՀ-ի տեղեկանքի՝  ՓՀԷԿ-ը կառուցվելու է Եղեգիս եւ Սողանլու գետերի վրա, խողովակաշարերի երկարությունը՝ 2360,0մ եւ 2288,0մ):
  • Ըստ ջրօգտագործման թույլտվության` «Եղեգիս 1» ՓՀԷԿ-ը տարվա 12 ամիսների ընթացքում կարող է իրականացնել 54748.5 հազար խմ ջրառ՝ գետում ապահովելով 0.29խմ/վ բնապահպանական թողք:
  • «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալներով` «Եղեգիս 1» ՓՀԷԿ-ը 2014 թվականին աշխատել է 12 ամիս` արտադրելով 24925204 կՎտ էլեկտրաէներգիա:
  • ՓՀԷԿ-ի շենքում տեղադրված է  «Mavel» ֆիրմայի բուլղարական արտադրության սինքրոն գեներատորով և չեխական արտադրության տուրբինով համալրված  2 ագրեգատ, որոնք ունեն բարձր տեխնիկական արդյունավետություն և ամբողջովին ավտոմատ կառավարնան համակարգ: Դիտարկման պահին աշխատում էր մեկ ագրեգատը, որը, ՓՀԷԿ-ի  կողմից օգտագործելով 600/վրկ ջրաքանակ, ապահովում էր 1500կվտ դրվածքային հզորություն:
  • Ջրառի լրիվ ավտոմատ կառավարումն ապահովված է, որի միջոցով հնարավոր է նաև կառավարել բնապահպանական թողքը:
  • Տրանսֆորմատորային կայանը ցանկապատված է, տեղադրված 2 տրանսֆորմատորները կահավորված չեն յուղահավաք համակարգով:
  • Համապատասխան բնապահպանական մարմնի կողմից կնքված ջրաչափ ջրառում չկա:
  • Կայանային հանգույցի տարածքը բարեկարգ էր, մասամբ կանաչապատված:
  • ՓՀԷԿ- կառուցման ընթացքում ծառահատում չի նախատեսվել:
  • Լանդշաֆտը խախտված չէ:
  • Կենցաղային կեղտաջրերի հեռացումն իրականացվում է անջրթափանց հորի միջոցով:
  • ՓՀԷԿ-ն ունի 17 աշխատող:
  • ՓՀԷԿ-ին մոտակա բնության հատուկ պահպանվող տարածքը Եղեգնաձորի արգելավայրն է:

Առաջարկություններ 

  1. Ապահովել գլխամասային հանգույցում բնապահպանական թողքի ավտոմատ կառավարում, ջրաչափիչ սարքերի տեղադրում և առցանց վերահսկում:
  2. Վերակառուցել ձկնանցարանը՝ ապահովելու ձկների նորմալ տեղաշարժը։
  3. Տեղադրել ձկնապաշտպան ցանց:
  4. Վերանայել ջրատնտեսական հաշվարկները,  քանի որ ՓՀԷԿ-ը, զինված լինելով ժամանակակից ագրեգատներով, չի ապահովում նախագծային հզորությունը:
  5. Տրանսֆոմատորները կահավորել յուղորսիչ համակարգով:
  6. Իրականացնել բավարար կանաչապատման և բարեկարգման աշխատանքներ:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:



Մարտ 18, 2016 at 18:41


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր