

ԷկոԼուր
«Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբն այցելեց «Ձագեձոր ՓՀԷԿ-2» փոքր ՀԷԿ: «Ձագեձոր ՓՀԷԿ-2» փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում՝ Լեռնաձոր համայնքի վարչական տարածքում: ՓՀԷԿ-ը կառուցված է Ողջիի վտակ Բաղացջուր գետի վրա (երկարությունը 17 կմ): Բաղաց ջուր գետը հոսում է անտառի միջով: ՓՀԷԿ-ի կառույցները հարակից են Զանգեզուր կենսոլորտային համալիրին, չի բացառվում նաև բուն տարածքում գտնվելը: ՓՀԷԿ-ը շահագործում է «ՔԱՋԱՐԱՆ ՄՈՆՏԱԺ» ՍՊԸ -ն:
Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.
- «Ձագեձոր ՓՀԷԿ-2» ՓՀԷԿ-ը շահագործման է հանձնվել 2013թ-ին:
- ՓՀԷԿ-ի ստատիկ ճնշումն, ըստ ընկերության, 175մ է, հաշվարկային ճնշումը, ըստ նախագծի եւ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) 2016թ-ի հունվարի 1-ի տեղեկանքի, 163.5 մ է: ՓՀԷԿ-ի հաշվարկային ելքը, ըստ նախագծի 1.40 մ3/վ է, ըստ ՀԾԿՀ-ի տեղեկանքի, 1.4 մ3/վ է: ՓՀԷԿ-ի դրվածքային հզորությունը, ըստ նախագծի 1.877կՎտ է, ըստ ՀԾԿՀ-ի տեղեկանքի, 1825կՎտ է: ՀԾԿՀ-ի 2016թ-ի հունվարի 1-ի տեղեկանքի համաձայն՝ ՓՀԷԿ-ի էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը 6.32մլն.կՎտ.ժամ է, ՓՀԷԿ-ի հաշվարկային արտադրությունը, ըստ նախագծի, 6.50մլն.կՎտ.ժամ է: ՓՀԷԿ-ի լիցենզիայի ժամկետը` 22.07.2015-22.07.2030թթ., կառուցման ջրօգտագործման թույլտվության ժամկետը` 25.02.2013-25.06.2013թթ..:
- ՋԹ-ում նշված ջրառի եւ ջրահեռացման կոորդինատները եւ ծովի մակարդակից բարձրությունները համապատասխանում են իրական կոորդինատներին:
- Ջրընդունիչ հանգույցի կառուցվածքները և պարամետրերը շեղված են նախագծում առաջադրված լուծումներից:
- Բետոնե պատվարի երկարությունը 8 մ է, բարձրությունը՝ 4 մ։ Պատվարի ձախ մասում տղմազտարանն է:
- Ձկնանցարանը և ձկների տեղաշարժի ուղիները բացակայում են, սակայն նախագծով ձկնանցարան նախատեսված է եղել: Բացի այդ, գետի հունը մինչև գլխամաս փակված է ցանցով, որը նույնպես արգելում է ձկների տեղաշարժը հոսանքն ի վեր:
- Բաղացջուր գետի վերին հոսանքում, որտեղ կառուցված է ՓՀԷԿ-ի գլխամասը, հիմնականում կարող է հանդիպել կարմրախայտը: Հնարավոր է, որ այստեղ հանդիպի նաև Կուրի բեղաձուկը, ինչպես նաև ծիածանախայտը, որն աճեցվում է ՓՀԷԿ-ի հարևանությամբ գտնվող ավազաններում:
- Ըստ նախագծի` խողովակաշարի երկարությունը 3053.7մ է, տրամագիծը՝ 1.02 մ: Խողովակաշարը պողպատյա է: Այն թաղված է հողի տակ:
- Ջրընդունիչ հանգույցը և խողովակաշարը գտնվում են անտառային տարածքում:
- Բաղացջուր գետի վրա կառուցված ՓՀԷԿ-ի դերիվացիայի երկարության տոկոսային հարաբերությունը գետի երկարության հետ կազմում է 17.96%:
- Կառուցման ՋԹ-ի համաձայն՝ ՓՀԷԿ-ը կարող է ջրառ իրականացնել ամբողջ տարվա ընթացքում՝ գետում ապահովելով 0.02խմ/վ ջուր: Դիտարկման պահին գետի բնապահպանական թողքն ապահովվում էր տղմազտարանից` ավելցուկային ելքերի ձևով:
- ՓՀԷԿ-ի աշխատակցի պնդմամբ՝ ՓՀԷԿ-ը ոռոգման սեզոնին չի աշխատում, մինչդեռ նախագծում և բնապահպանական փորձաքննության եզրակացության մեջ ամրագրված է, որ ՓՀԷԿ-ի համար օգտագործվող գետահատվածում ոռոգման նպատակով ջրառ չի իրականացվում:
- Բնապահպանական թողքի ավտոմատ կառավարում ու հաշվառում ապահովված չէ:
- ՓՀԷԿ-ի շենքում տեղադրված է «Ցինկ» ֆիրմայի գերմանաչեխական համատեղ արտադրության մեկ ագրեգատ: Դիտարկման պահին ՓՀԷԿ-ը չէր աշխատում` քիչ ջրաքանակի պատճառով: Աշխատակցի տեղեկատվության համաձայն` ՓՀԷԿ-ն իր նախագծային 1825Կվտ դրվածքային հզորությունն ապահովել է միայն մայիս ամսին` գետի ջրառատ ժամանակահատվածում: Ագրեգատը կարող է աշխատել նվազագույնը 60լ/վրկ ջրաքանակով` ապահովելով 30 կՎտ դրվածքային հզորություն:
- Տրանսֆորմատորային ենթակայանը ցանկապատված է, տեղադրված տրանսֆորմատորները կահավորված չեն յուղահավաք համակարգով:
- Կայանային հանգույցի տարածքը բարեկարգված և ցանկապատված է: Իրականացվում են կանաչապատման աշխատանքներ:
- Կենցաղային կեղտաջրերի հեռացումն իրականացվում է սեպտիկ հորի միջոցով:
- «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տրամադրած տվյալներում այս ՓՀԷԿ-ի 2014թ-ին արտադրած էլեկտրաէներգիայի վերաբերյալ տեղեկատվություն չկա:
Եզրակացություն
Այցելության պահին ՓՀԷԿ-ը չէր աշխատում գետի սակավաջրության պատճառով. սխալ են հիդրոլոգիական տվյալները: Գլխամասում բացակայում է ձկնանցարանը:
Ինչպես և մնացած փոքր գետերի վրա շահագործվող ՓՀԷԿ-երի դեպքում, այս ՓՀԷԿ-ը նույնպես պետք է դադարեցնի աշխատանքը ջրասակավ ժամանակաշրջանում։
Առաջարկություններ
- Ձկների տեղաշարժը և գետ բաց թողնվող բնապահպանական թողքն անարգել ապահովելու համար վերակառուցել ջրընդունիչ հանգույցը` կառուցելով ձկնանցարան:
- Կարելի է նաև հրաժարվել պատվարի օգտագործումից և ջրառն իրականացնել այլ եղանակով՝ առանց փակելու գետի հունը։
- Վերանայել ջրատնտեսական հաշվարկը` բնապահպանական թողքի չափաքանակը ավելացնելու միտումով, ելնելով այն հանգամանքից, որ Բաղացջուր գետը հոսում է անտառային տարածքով:
- Ապահովել գլխամասային հանգույցում բնապահպանական թողքի ավտոմատ կառավարում, ջրաչափիչ սարքերի տեղադրում և առցանց վերահսկում:
- Կենցաղային կեղտաջրերի հեռացումն իրականացնել սահմանված կարգով՝ անջրթափանց հորի, կամ «mini» մաքրման կայանի միջոցով:
- Տրանսֆոմատորները կահավորել յուղորսիչ համակարգով:
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ: |
Ապրիլ 14, 2016 at 15:39








