

ԷկոԼուր
Երկրաջերմային կայանի կառուցման նպատակով սույն թվականի հուլիսին Սյունիքի մարզի Քարքար տեղամասում մեկնարկած հորատման աշխատանքների արդյունքները գոհացուցիչ են: «Առաջին արդյունքները, որոնք ստացվել են 1,5 հազար մետր խորությունից, լիովին արդարացնում են սպասելիքները։ Առաջիկայում կսկսվի նաև երկրորդ հորատանցքի փորումը»,- հայտնում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը:
Կլիմայի Ներդրումային Հիմնադրամի տրամադրած 9 միլիոն դոլար դրամաշնորհային միջոցներով և Հայաստանի կառավարության շուրջ 2 միլիոն դոլար համաֆինանսավորմամբ իրականացվող այս ծրագրի շրջանակներում նախատեսվում է փորել երեք հորատանցք։ Ստացված արդյունքների հիման վրա կտրվի տարածքի երկրաջերմային ռեսուրսի վերջնական գնահատականը։
«Արդեն առաջին հորատանցքից ստացված արդյունքները հիմք են տալիս ասելու, որ Քարքարում կկառուցվի երկրաջերմային կայան։ Նախատեսված է, որ այն կլինի 30 մեգավատ հզորությամբ և կարտադրի տարեկան մինչեւ 250 մլն կՎտ էլեկտրաէներգիա։ Որպես այդպիսին, սա նոր ուղղություն է Հայաստանի էներգահամակարգում։ Այն էկոլոգիապես մաքուր և վերականգնվող էներգառեսուրս է, որը ճիշտ աշխատելու դեպքում կարող է դառնալ էլեկտրաէներգիայի արտադրության երկարաժամկետ աղբյուր»,- մասնավորապես նշված է նախարարության հաղորդագրության մեջ։
Երկրաջերմային կայանի կառուցումը գնահատվում է շուրջ 100 միլիոն դոլար։
Քարքարի տեղանքի երկրաջերմային ներուժն ուսումնասիրվում է՝ սկսած 1932թ.։
Հոկտեմբեր 06, 2016 at 16:33
