ՓՀԷԿ-երի վերաբերյալ ԷկոԼուրի ներկայացրած առաջարկությունները ընդգրկվել են Եվրահանձնաժողովի TAEX-ի աշխատաժողովի փաստաթղթում

ՓՀԷԿ-երի վերաբերյալ ԷկոԼուրի ներկայացրած  առաջարկությունները ընդգրկվել են Եվրահանձնաժողովի TAEX-ի աշխատաժողովի փաստաթղթում

ԷկոԼուր

ՓՀԷԿ-երի կառուցման և շահագործման վերաբերյալ ԷկոԼուրի ներկայացրած առաջարկություններն ընդգրկվել են Բրյուսելում անցկացված Եվրահանձնաժողովի TAEX-ի «Հիդրոէներգետիկայի արտադրության և ջրհեղեղներից պաշտպանության համատեղումը ջրային ռեսուրսների կառավարման և բնության պահպանության հետ» աշխատաժողովի «Եզրակացություններ և շահագրգիռ կողմերի առաջարկություններ» փաստաթղթում:

Աշխատաժողովին մասնակցեցին 21 երկրներից ժամանած մասնակիցներ: Հայաստանից մասնակցում էին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, բնապահպանության նախարարությունների, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի ներկայացուցիչները: Քննարկվեցին ջրային ռեսուրսների համալիր կառավարման, էներգետիկ պահանջարկի աճի բավարարման համար ռազմավարական պլանավորման, ջրհեղեղների ռիսկերի չեզոքացման, դրանց հետ մեկտեղ բնություն պաշտպանելու վերաբերյալ հարցերը:

ԷկոԼուրը ներկայացրեց ՓՀԷԿ ոլորտի բարեփոխումներին միտված առաջարկություններ, որոնց մի մասը մշակվել է ՄԱԶԾ/ԳԷՀ-ի Փոքր դրամաշնորհային ծրագրի աջակցությամբ 2014-2016թթ իրականացված «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում:

Այդ առաջարկություններն են՝
• «որոշել ՓՀԷԿ-երի համար արգելված գոտիները, որոնք ընդգրկում են հատուկ պահպանվող տարածքներ, անտառային տարածքներ, սողանքային գոտիներ, ջրաբանական խոցելի տարածքներ
• սահմանել հստակ կարգ, որը թույլ կտա հաշվի առնել ազդակիր համայնքի բնակչության կարծիքը ՓՀԷԿ-ի կառուցման վերաբերյալ
• Միջազգային ֆինանսական ինստիտուտները մյուս շահագրգիռ կողմերի` բնապահպանության նախարարության, Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության հետ միասին պետք է պատասխանատվություն կրեն ՓՀԷԿ-երի գործունեության հետեւանքով առաջացած բացասական էկոլոգիական, սոցիալական հետեւանքների համար և ազգային ու միջազգային օրենսդրության խախտումների համար

ՓՀԷԿ-եր և ՀԷԿ-եր շահագործող ընկերություններին
• ապահովել ՓՀԷԿ-երի գլխամասային հանգույցները բնապահպանական թողքի ավտոմատ կառավարման եւ առցանց վերահսկման ջրաչափական համակարգերով
• տվյալ գետին բնորոշ ձկնատեսակների միգրացիաների ապահովման համար արդեն իսկ գործող կամ նախատեսվող ձկնանցարանների կառուցման նախագծերը կազմելիս՝ օգտվել համապատասխան Հավաստագիր ունեցող ձկնաբանի խորհրդատվությունից
• ճնշումային խողովակների մուտքը ապահովել ձկնապաշտպան կառույցով
• կայուն օրգանական աղտոտիչներով շրջակա միջավայրի աղտոտման ռիսկի նվազեցման նպատակով տրանսֆորմատորները կահավորել յուղահավաք համակարգով
• վերանայել բնապահպանական թողքերի գնահատման կարգը՝ ապահովելու գետային էկոհամակարգի հավասարակշռությունը: Առաջնահերթ վերանայել գետերում թողնվող բնապահպանական թողքի հաշվարկման մեթոդիկան եւ ներդնել հստակ էկոլոգիական մոտեցումներով հոսքի որոշման մեթոդներ` յուրաքանչյուր գետավազանի համար առանձին՝ ամսական, այլ ոչ թե տարեկան կտրվածքով, ինչը հնարավորություն կտա հատուկ պայմանների առկայության դեպքում (օրինակ՝ ձկների ձվադրման ժամանակահատված, կենսաբազմազանության պահպանության հետ կապված այլ հարցեր) կատարել ավելացում հաստատված բնապահպանական թողքում
• արգելել նոր ՓՀԷԿ-երի կառուցումը դերիվացիայով 30% եւ ավելի ծանրաբեռնվածություն ունեցող գետերի վրա:

Հետևյալ բարեփոխումներն առաջարկվում են զարգացման բանկերին՝
• ՓՀԷԿ-երի կառուցման համար վարկեր տրամադրել Եվրոպական ջրային դիրեկտիվի պահանջների պահպանման պայմանով եւ մշտադիտարկել այդ պահանջների իրականացման գործընթացը»:

Փաստաթղթի ամբողջական տարբերակը՝ այստեղ:

 

Նոյեմբեր 15, 2016 at 11:49


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր