

ԷկոԼուր
2009թ-ի ՀՀ կառավարության արձանագրային որոշմամբ ընդունված փոքր ՀԷԿ-երի զարգացման սխեման խախտվել է: Անհրաժեշտ է այն վերանայել: Այս եզրակացությանն են եկել Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության, Բնապահպանության նախարարության և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մասնագետները՝ ՀՀ Վարչապետի հանձնարարությամբ ՓՀԷԿ-երի հարցը քննարկելիս:
Համաձայն Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության վարչության պետ Հայկ Բադալյանի՝ կան անհամապատասխանություններ սխեմայում ամրագրված փաստացի ջրօգտագործման թույլտվությունների և գործունեության լիցենզիաներով տրամադրված ցուցանիշների միջև:
Էներգետիկայի նախարարության պաշտոնական կայքի համաձայն՝ առաջարկվել է կառավարությանը 2009թ. հունվարի 22-ին ընդունված արձանագրային որոշումը ճանաչել ուժը կորցրած և ֆինանսական միջոցների առկայության պարագայում, համապատասխան մասնագիտացված կազմակերպությունների միջոցով, մշակել փոքր ՀԷԿ-երի զարգացման նոր սխեմա։
Բացառությամբ կառավարության կողմից հաստատված ռազմավարական ծրագրերով կամ կառավարության կողմից հավանության արժանացած և շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննություն անցած ներդրումային ծրագրերով ներառված ՀԷԿ-երի, առաջարկվել է չտրամադրել ջրօգտագործման նոր թույլտվություններ (ՋԹ)՝ Ախուրյան, Ձորագետ, Դեբեդ, Ազատ, Արփա և Որոտան գետերի ավազաններում նոր ՀԷԿ-երի կառուցման համար։
Քննարկվել են նաև բնապահպանական խնդիրները մեղմելու նպատակով 15 տարի շարունակ շահագործված փոքր ՀԷԿ-երի համար նոր գնագոյացման մեխանիզմի կիրառման հետ կապված հարցերը։ Առաջարկվել է սակագների ձևավորման սկզբունքներում ներառել բնապահպանական նորմեր ապահովելու համար հիմնավորված ծախսերը։
Նյութը պատրաստվել է «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:
Նոյեմբեր 15, 2016 at 17:31
