

ԷկոԼուր
Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր համայնքի բնակիչներն այսուհետ ավելի քիչ կվճարեն էլեկտրաէներգիայի համար: Սույն թվականի դեկտեմբերի 10-ին «Լուսավոր սահման» բարեգործական նախաձեռնությունը Ներքին Կարմիրաղբյուրի 316 ընտանիքների տրամադրեց 5-ական էներգախնայող լամպ: «Մենք նախատեսել ենք էներգախնայող լամպեր տեղադրել Հայաստանի սահմանամերձ 33 համայնքներում, ապա նաև Արցախում: Առաջինը Ներքին Կարմիրաղբյուրում էր: Բնակիչները մեծ ոգևորությամբ ընդունեցին նախաձեռնության գաղափարը` բարձր գնահատելով իրենց նկատմամբ ցուցաբերած ուշադրությունն ու աջակցությունը»,- ԷկոԼուրին հայտնեց «Երիտասարդ ինժեներների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Հովհաննես Կարապետյանը:
Լուսադիոդային լամպերը կարող են խնայել մինչև 90% էլեկտրաէներգիա, քան սովորական լամպերը: Նրանց օգտագործման ժամկետը մինչև 10 տարի է: «Լուսավոր Սահման» նախաձեռնությունը նախատեսում է էներգախնայող լամպերով ապահովել 16500 ընտանիքի:
«Լուսավոր Սահման»-ը կամավորական նախաձեռնություն է, որի նպատակն է Հայաստանի և Արցախի սահմանամերձ բնակավայրերի բնակիչների համար ստեղծել երկարաժամկետ տնտեսման և կենցաղային հոգսը թեթևացնելու հնարավորություն լուսադիոդային լամպերի օգտագործման շնորհիվ: Լամպերը ձեռք են բերվում նախաձեռնությանն արված հանգանակությունների միջոցով: Մեկ լամպի արժեքը 1500 դրամ է:
Նախագծի աջակիցներն են՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը, «Սահման» ՀԿ-ն, «Շտիգեն» ՍՊԸ-ն, ՀՀ կենտրոնական բանկը, «Բրեյնդ» ՍՊԸ-ն, «Բի-Բի Գրուպ» ՍՊԸ-ն, PAN.am-ը, «Իզի Փեյ» ՍՊԸ-ն, TelCell-ը, Օպերա Սուիթ հյուրանոցը, RenderForest-ը, MI PRODUCTION, Photo Atelier Marashlyan-ը, RepatArmenia-ն, Barev Today-ը, Cross Social-ը, Khachatryan Art Collection-ը, «Երիտասարդ ինժեներների ասոցիացիա» ՀԿ-ն, «Սերունդ» ՀԿ-ն, Հայկ Հարությունյանը, Ալեքսանդր Հակոբյանը, Դանիել Քելեգյանը, Եվգենիա Էվոյանը, Վարուժան Ավետիքյանը, Արմինե Ավետիսյանը, Էլեոնորա Մկրտչյանը, Կոմիտաս Ստեփանյանը:
Նախագծի և դրամահավաքի այլ մանրամասների կարելի է ծանոթանալ www.ledify.am կայքում:
Լուսանկարները վերցված են «Լուսավոր Սահման»-ի ֆեյսբուքյան էջից:
Դեկտեմբեր 12, 2016 at 15:59