

ԷկոԼուր
ԵՄ արևելյան գործընկերության 6 երկրների համար մեկնարկել է «ԵՄ ջրային նախաձեռնություն +» դրամաշնորհային քառամյա ծրագիրը: Այս ծրագրով նախատեսվում է տարածաշրջանի երկրներում բարելավել ջրային ռեսուրսների համապարփակ կառավարումը: Հայաստանի համար ակնկալվում է ջրային ռեսուրսների մոնիթորինգի բարելավում, աջակցություն երկրի հիմնական գետավազանների ջրային հաշվեկշիռների ճշգրտման աշխատանքներում և ջրավազանային կառավարման պլանների իրականացման գործում: Բնապահպանության նախարարությունն ակնկալում է ծրագրի շրջանակներում մշակել Սևանի, Հյուսիսային, Հրազդանի ջրավազանային տարածքի կառավարման պլանները:
«Ջրավազանային կառավարման պլանի գործադրումը հնարավորություն է տալիս մի կողմից էականորեն բարելավել ջրային կառավարման համակարգերը, մյուս կողմից ապակենտրոնացման միջոցով ջրի առաջարկի և պահանջարկի սուբյեկտներին համատեղել իրենց ցանկությունները և, ըստ էության, ձևավորել առավել արդյունավետ համակարգ: Ջրավազանային կառավարման պլանին զուգահեռ մենք նաև գետավազանային կառավարման համակարգն ենք զարգացնում, ինչը թույլ կտա, որ մենք հետագայում ակնկալենք աջակցություն և նաև գետավազանային համակարգում իրականացնենք բնապահպանական շատ լուրջ ծրագրեր», - դեկտեմբերի 13-ին ծրագրի բարձրաստիճան մեկնարկային հանդիպման ժամանակ ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:
«Մենք աջակցություն ենք ակնկալում նաև փոքր ՀԷԿ-երի ոլորտում: 174 փոքր ՀԷԿ-երի շահագործող ընկերություններից ընդամենը 8 փոքր ՀԷԿ-եր են, որ տեղադրել են ջրառի հաշվառման արդի սարքավորումներ: Սա չափազանց քիչ է, և եթե լինի աջակցություն այս ուղղությամբ, մենք կկարողանանք կառավարելի դարձնել փոքր ՀԷԿ-երի կողմից օգտագործվող ջրառի ամբողջ համակարգը», - նշեց բնապահպանության նախարարը:
Ծրագրի ամբողջ փաթեթը կազմում է 25 միլիոն եվրո: Թե որքանն է հատկացվելու Հայաստանին, պարզ չէ: «Ավելի շատ աջակցություն կստանա այն երկիրը, որն առավել ակտիվ է: Այս պահի դրությամբ մենք բավական բարձր ակտիվություն ենք ցուցաբերում», - ասաց բնապահպանության նախարարը:
Դեկտեմբեր 14, 2016 at 16:46
